Գերմանական զարգացման բանկի փաստարկները «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի օրինականության վերաբերյալ համոզիչ չեն

Գերմանական զարգացման բանկի փաստարկները «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի օրինականության վերաբերյալ համոզիչ չեն

ԷկոԼուր

KfW գերմանական զարգացման բանկի փորձագետները համոզիչ փաստարկներ չներկայացրեցին այն մասին, որ բանկի կողմից ֆինանսավորվող «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի կառուցումն ունի օրինական հիմքեր: Հիշեցնենք, որ բանկին ուղղված ԷկոԼուրի բաց նամակում բերված էին ՀՀ օրենքի կոնկրետ խախտումներ: «…Նախագիծը ստացել է «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի եզրակացությունը 04.06.2006թ-ին, այսինքն՝ կառուցումը սկսելուց 8 տարի առաջ: Իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետում ասված է. «Փորձագիտական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսված գործունեության իրականացումը չի սկսվել  փորձագիտական եզրակացության ստացումից հետո մեկ տարվա ընթացքում, որից հետո պահանջվում է նոր փորձագիտական եզրակացություն»: Նույն օրենքի հոդված 12-ում ասված է. «Արգելվում է,  շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ենթակա,  նախատեսվող գործունեության իրականացումը՝ առանց դրական փորձագիտական եզրակացության»,-  նշված է բանկին ուղղված ԷկոԼուրի բաց նամակում:

KfW պատասխան նամակում ընդամենը նշված է. «Տեխնիկական խորհրդատուն եւս մեկ անգամ ուսումնասիրել է «Արգիճի» ՓՀԷԿ-ի փաստաթղթերը և հաստատել բոլոր անհրաժեշտ թույլտվությունների վավերությունը՝ ներառյալ Ձեր կողմից նշված շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը»:

Դա նշանակում է, որ բանկի տեխնիկական խորհրդատուն ուշադրություն չի դարձրել մեր կողմից ապացուցված այն փաստի վրա, որ « «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ Բնապահպանական փորձաքննության եզրակացություն» փաստաթուղթը ժամկետանց է և կորցրել է օրինական ուժը: 

Այնուհետև, բանկին ուղղված նամակում նաեւ նշվել են ազգային բնապահպանական օրենսդրության այլ խախտումներ: Նամակում ասված է. «Խախտված է նաեւ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը: Համաձայն 8-րդ հոդվածի` Արգիճի գետը Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում է: Անմիջական ազդեցության գոտին ներառում է Սևանա լճի ջրհավաք ավազանը մինչ ջրբաժան գիծը: Արգելվում է ցանկացած գործունեություն, որը ուղղակի կամ անուղղակի ազդում է Սևանա լճի վրա, լիճը թափվող հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարական և թունաբանական, հիգիենիկ և այլ որակական և քանակական ցուցանիշների վրա: Արգիճի գետը էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայր է, որոնց պոպուլյացիայի պահպանման և վերականգնման համար ՀՀ պետբյուջեից տարեկան հատկացվում է մոտ 70 միլիոն դրամ, որը համարժեք է 170 000 դոլարի: Այսինքն, «Արգիճի» ՓՀԷԿ-ը էական վնաս է հասցնում Սեւանա լճի էկոհամակարգին՝ խախտելով «Սևանա լճի մասին» ՀՀ Օրենքի 11-րդ հոդվածը, որում ասված է, որ պետք է պահպանվի կենսաբազմազանության առաջնահերթությունը: Նաև վնաս է հասցվում պետական բյուջեին և «Սևանա լճի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրեր» պետական ծրագրին»:

Բանկի պատասխան նամակում նշված է. «Ինչ վերաբերում է լիցենզիայի և թույլտվության տրամադրման գործընթացին, խնդրում ենք Ձեր հարցադրումները ուղղել ՀՀ համապատասխան նախարարություններին»:

Ցանկանում ենք բանկի տեխնիկական խորհրդատուների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ նախագծերի ֆինանսավորման համար KfW-ի նախագծերի ընտրության չափանիշների մեջ մտնում է. «շրջակա միջավայրի, առողջության և անվտանգության վերաբերյալ ազգային օրենսդրությանը համապատասխան գործունեությու»: Չափանիշները հրապարակված են Գերմանա-հայկական ֆոնդի (GAF), որի միջոցով տեղի է ունենում ֆինանսավորումը (http://gaf-re-shpp.am/index.php?id=9), կայքում: Դա նշանակում է, որ անկախ ՀՀ պետական մարմինների կողմից ընդունված որոշումների, կա անհրաժեշտություն հետևել օրենքներին, որոնք, ըստ ՀՀ Սահմանադրության ավելի բարձր են, քան առանձին պետական գործադիր մարմինների որոշումները: 

Օրենքի հենց այս խախտումներն էին նշված բանկին ուղղված նամակում: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա հավելենք, որ «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի շահագործման արդյունքում բնակչության անվտանգությունը խախտվել է երկու անգամ` 2013թ-ի հուլիսի 18-ին և սեպտեմբերի 1-ին: ՓՀԷԿ-ի խողովակները ծանրաբեռնվածությանը չեն դիմացել, պայթել և քշել-տարել են տեղի համայնքների բերքը: Նախագծի ընտրության չափանիշների և մոնիտորինգի տեսանկյունից` բնակիչներին հատկացված 100 դոլարի չափով փոխհատուցումը չի կարող համարվել բավարար և օրինական, քանի որ այդ պարտավորությունները ոչ մի տեղ ամրագրված չեն: Ընկերությունը նախագծում դրանք չի նշել, իսկ տեխնիկական խորհրդատուները չեն ստուգել անվտանգության պահպանման վերաբերյալ պարտավորությունների առկայությունը: 

ԷկոԼուրը պնդում է, որ «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը անօրինական է և չի համապատասխանում փոքր ՀԷԿ-երի նախագծերի ընտրության չափանիշներին` ընդունված KfW գերմանական զարգացման բանկի կողմից Գերմանա-հայկական ֆոնդի միջոցով:

Նոյեմբեր 28, 2013 at 16:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր