

ԷկոԼուր
Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի փորձաքննությունը կասեցվել է «Գրեյդ Ռեդմետ» ընկերության դիմումի հիման վրա: Այս մասին Հարային խորհրդում սույն թվականի հունվարի 23-ի նիստում հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հենրիկ Գրիգորյանը: Հանրային խորհրդի մամլո հաղորդագրության համաձայն` ընկերությունն այս որոշման եկել է` հաշվի առնելով հանքի շահագործման վերաբերյալ տեղի բնակիչների բացասական կարծիքը:
Քննարկման ընթացքում հանքի շահագործմանը դեմ են հանդես եկել Հանրային խորհրդի 4` ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի, Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի, Ազգային փոքրամասնությունների հարցերի, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովները` հաշվի առնելով հանքի շահագործման հետ կապված պատմամշակութային, ընդերքաբանական, բնապահպանական խնդիրները:
Հանձնաժողովների երկրաբանները նշել են հանքի շահագործման դեպքում տարածաշրջանի աղբյուրներին ու արոտավայրերին սպառնացող վտանգի մասին՝ ընդգծելով, որ մինչև շահագործման թույլտվություն տալը, պետական համապատասխան կառույցները պետք է լուրջ փորձագիտական գործընթաց իրականացնեն: Մասնագետները չեն բացառել հանքի շահագործման դեպքում սեյսմիկ վտանգի առաջացումը, քանի որ այն գտվում է սեյսմիկ գոտում:
Բարձրացվել է նաև տարածքում հարյուրամյակների ընթացքում ձևավորված մշակութային շերտերին սպառնացող վտանգի հարցը՝ առաջարկելով, որ մշակույթի նախարարությունը նույնպես իր տեսակետը հայտնի հանքի շահագործման վերաբերյալ: Ըստ Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Սուրեն Զոլյանի՝ Ֆիոլետովոն Հայաստանի և գուցեև աշխարհի այն եզակի մոլոկանական գյուղերից է, որը պահպանել է իր ավանդույթներն ու արժեհամակարգը յուրօրինակ ձևով և դրանով իսկ մշակութային արժեք է իրենից ներկայացնում: Զոլյանը Ֆիոլետովո համայնքը կարևորել է նաև տուրիզմի զարգացման տեսանկյունից՝ նշելով, որ հանքի շահագործումը կարող է վնաս հասցնել գյուղին նաև այդ առումով:
Հանրային խորհրդի անդամ, Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը «Գրեյդ Ռեդմետ»-ին հորդորել է ներկայացնել հանքը փակ եղանակով շահագործելու տարբերակ, որով, միգուցե, հնարավոր լինի չեզոքացնել վնասները:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության օգտակար հանածոների և ընդհանուր երկրաբանության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանը նշել է, որ իրենց կողմից որոշում չի կարող կայացվել, քանի դեռ չեն կատարվել համապատասխան փորձաքննություններ:
Բնապահպանության նախարարության ընդերքի վարչության պետ Վիգեն Ավետիսյանը ներկաներին հավաստիացրել է, որ բնապահպանության նախարարի կողմից կա հանձնարարական՝ հաշվի առնել բոլոր տեսակետները, որից հետո միայն տալ համապատասխան եզրակացություն:
«Գրեյդ Ռեդմետ» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք չեն կարող իրենց նախագիծն իրականացնել համայնքի բնակիչների անհամաձայնության դեպքում՝ միաժամանակ առաջ քաշելով իրենց կողմից արդեն իսկ իրականացված ծախսերի փոխհատուցման խնդիրը: Որպես հանքի շահագործման դրական կողմ՝ նա ընդգծել է աշխատատեղերի ստեղծման հանգամանքը:
Հանրային խորհրդի հանձնաժողովների բացասական դիրքորոշումը կներկայացվի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, ինչպես նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Լուսանկարը վերցված է www.publiccounil.am կայքից
Հունվար 26, 2015 at 13:02
