ԷկոԼուրի` Արարատյան դաշտի ջրային պաշարների վերականգնման եւ Սեւանա լճի պահպանման համար ՀՀ կառավարությանն արված առաջարկությունները եւ կառավարության պատասխանները

ԷկոԼուրի` Արարատյան դաշտի ջրային պաշարների վերականգնման եւ Սեւանա լճի պահպանման համար ՀՀ կառավարությանն արված առաջարկությունները եւ կառավարության պատասխանները

ԷկոԼուր

Հաշվի առնելով Հայաստանում առաջացած ջրի խնդիրը` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն 2014թ-ի մարտ-հուլիս ամիսներին հասարակական մոնիտորինգ անցկացրեց Արարատյան դաշտի մի շարք համայնքներում եւ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում: Լսեց տեղի բնակիչների բողոքներն ու առաջարկությունները ջրի խնդրի վերաբերյալ եւ խնդրի լուծման համար առաջարկությունների փաթեթ ներկայացրեց, ՀՀ վարչապետ, Ջրի ազգային խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Նամակում ասված է. «Հարգարժան պարոն Հովիկ Աբրահամյան,

Հայաստանի ջրային ռեսուրսները կանգնած են անդառնալի կորստի եզրին ջրային ռեսուրսների կառավարման համակարգում վատ կառավարման, անպատասխանատվության և կոռուպցիայի բարձր մակարդակի  արդյունքում։ Կառավարությունն ընդունում է որոշումներ և ծրագրեր, իսկ Ազգային ժողովը՝ օրենքներ, որոնք հակասում են երկրի պետական,  ազգային և ռազմավարական առաջնահերթություններին։  Անտեսվում են գիտնականների և հասարակայնության հիմնավորված կարծիքները, ովքեր իրենց անհանգստությունն են արտահայտում երկրի ջրային ռեսուրսների և փաստացիորեն ապագայի համար։

Տարվող ջրային քաղաքականությունը վկայում է այն մասին, որ իշխանությունները ոչ միայն չեն հասկանում ռիսկերի ու վտանգների ողջ աստիճանը, այլ  գործում են ի շահ  նեղ շրջանակի մարդկանց՝ պաշտպանելով նրանց, ովքեր ուղղակի պատասխանատվություն են կրում ջրային ռեսուրսների վիճակի  և պետական հաստատությունների կողմից իրենց վստահված գործունեության համար։

Իրավիճակն արմատական լուծումներ է պահանջում, և մենք դիմում ենք բոլոր նրանց, ովքեր պատրաստ են քաղաքական կամք դրսևորել և պետության, հասարակության և ազգի շահերին համապատասխանող որոշումներ ընդունել ջրային քաղաքականության սեկտորում։

Խոսքը Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի մասին է, որոնք հասցվել են աղետալի վիճակի ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի գործունեության արդյունքում իրականացված գիշատչական ջրօգտագործման պատճառով։ Խոսքը նաև Սևանա լճի մասին է, որին սպառնում է վատթարագույն վիճակ ջրբացթողումների արդյունքում, որոնց ծավալը գերազանցում է լիճ ջրի մուտքերի ծավալը։ 

Արարատյան դաշտի ստորգետնյա ջրեր

  • Անհրաժեշտ է ձեռնարկել շտապ միջոցառումներ և բյուջետային ու արտաբյուջետային միջոցներն ուղղել ոչ թե իմիտացիոն գործընթացներին, որոնք իբրև հետապնդում են գյուղատնտեսական շահ, այլ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի բաշխման  հավասարակշռության վերականգնմանը՝ մոտեցնելով այն բնականին։
  • Անցկացնել վերհսկողական ստուգումներ Արարատյան դաշտի ջրօգտագործողների շրջանում, հայտնաբերել խախտումներ կատարողներին և, որպես կանխարգելիչ միջոց, դադարեցնել խորքային հորեր օգտագործող ջրօգտագործողների գործունեությունը։
  • Անօրինական ճանաչել իշխանությունների գործողությունները անվերհսկելի և գիշատչական ջրօգտագործման նկատմամբ և պատժել մեղավորներին։
  • Ներկայացնել կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր ջրի կորուստը էներգետիկ և ոռոգման համակարգերում նվազեցնելու վերաբերյալ։
  • Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսները ճանաչել որպես երկրի ռազմավարական ջրային պաշարներ։
  • ՀրաժարվելԱրարատյան դաշտի ստորգետնյա ջրերի վերաբերյալ ժամանակավոր բնույթի որոշումներ ընդունելու քաղաքականությունից։
  • Խնդրի լուծումը տեղափոխել Օրենքի մակարդակ, որը թույլ կտա պահպանել Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարները և կապահովի կայուն ջրօգտագործում։
  • Ներգրավել Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում գիտական և հասարակական շրջանակների, տեղական ինքնակառավարման մարմինների ններկայացուցիչներին, տեղի բնակչությանը և ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր, որպեսզի որոշվեն կոնկրետ միջոցառումները, կարգը, ժամանակացույցը և միջոցների ծավալը, որոնք անհրաժեշտ են Արարատյան դաշտի ջրային հաշվեկշռի վերականգնման համար։

Սևանա լիճ

  • Սևանա լճին վերաբերող  բոլոր օրենքները, նախաձեռնությունները, ծրագրերը, կառավարության որոշումները, նորմատիվային ակտերը պետք է դիտարկվեն բացառապես «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի տեսանկյունից։ Հիշեցնենք օրենքի ներածությունը․ «Սույն օրենքը սահմանում է Սևանա լճի՝ որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն (վերականգնողական) և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման (այսուհետ՝ վերարտադրություն), պահպանման և դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները: Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է»:
  • Ո՛չ ՀՀ կառավարությունը, ՛ոչ ՀՀ Ազգային ժողովը իրավունք չունեն անտեսել Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կարծիքը, որի իրավասություններն ամրագրված են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով։ Հանձնաժողովը հատուկ պայման էր դրել՝ թույլ չտալ լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ 170 միլիոն խմ-ից ավելի մեծ ծավալով ջրբացթողումների դեպքում։ Դրա հետ մեկտեղ հանձնաժողովը հղում է անում գիտական հետազոտություններին, որտեղ հաշվվել են Սևանա լիճ ջրի մուտքի և ելքի չափը, որն ընկած է Օրենքի հիմքում։
  • Արագ կարգով ֆինանսական և տեխնիկական ստուգումներ  անցկացնել Սևան-Հրազդան էներգահամակարգում ջրի կորստի և վերանորոգման աշխատանքների համար կատարված ծախսերի արդյունավետության վերաբերյալ։
  • Մեկ ամսվա ընթացքում մոնիտորինգի ենթարկել Սևան-Հրազդան ջրատարի օրական ջրի ծավալը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությամբ և հրապարակել տվյալները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում։
  • Սևանա լճի ափամերձ բոլոր համայնքները ճանաչել Սևանա լճի վերաբերյալ բոլոր ծրագրերի անմիջական ազդեցության գոտի։ Յուրաքանչյուր ծրագրի, այդ թվում Սևանա լճից ջրի բացթողումների ավելացման կառավարության առաջարկության վերաբերյալ անցկացնել հասարակական լսումներ համայնքներում, ամենաքիչը 4 քաղաքներում՝ Սևանում, Մարտունիում, Գավառում և Վարդենիսում՝ տեղյակ պահելով բոլոր Սևանա լճի բոլոր 41 ափամերձ համայնքներին։
  • Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին ծրագիրը, թեպետ ներկայացված է առանձին օրենքի տեսքով, սակայն «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի անբաժանելի մասն է.․ գլուխ 3, հոդվածներ 11-14։ Այսպես, Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետում ասված է. «Համալիր ծրագրի նախագիծը կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում… Համալիր ծրագիրը հաստատում է Ազգային ժողովը՝ համապատասխան օրենքի ընդունմամբ»։ Հետևաբար, ո՛չ կառավարությունը, ո՛չ Ազգային ժողովը իրավունք չունեն փոխել ողջ օրենքը նրա մի մասով և այդ մասը «Սևանա լճի մասին» օրենքի դրույթներից առանձին դիտարկել։

ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը, կենսառեսուրսների կառավարման գործակալությանը և «Սևան» ազգային պարկին պատասխանատու ճանաչել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի դրւյթների կատարման համար՝ համաձայն «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի, և որոշել չինովնիկների պատժի աստիճանը անկախ նրանց զբաղեցրած պաշտոնի աստիճանից, եթե նրանք անտեսում են կամ չեն կատարում Սևանա լիճը փրկելու իրենց պարտավորությունները»։

Ի պատասխան ԷկոԼուրը նամակ ստացավ ՀՀ բնապահպանության նախարարությունից եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեից:

 
 
 

Սեպտեմբեր 04, 2014 at 12:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր