

ԷկոԼուր
3798 քառակուսի կմ տարածքով Լոռու մարզում հանքարդյունաբերությամբ է զբաղվում շուրջ 35 կազմակերպություն, որոնցից 5-ը շահագործում է մետաղական հանքեր: Հանքարդյունաբերական ընկերությունների մասին տվյալները ՀՀ Լոռու մարզպետին ներկայացրել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը:
5 մետաղական հանքերից Շամլուղի պղնձի հանքը շահագործում է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն, Ալավերդու պղնձի հանքը՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն, Մղարթի ոսկի-բազմամետաղային հանքը՝ «Մուլտի Գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն, Արմանիսի ոսկի բազմամետաղային հանքավայրը՝ «Սագամար» ՓԲԸ-ն:
Նշենք, որ Լոռիում մետաղական հանքերի ընդերքօգտագործման իրավունք ունեն «Ասսաթ» ՍՊԸ-ն Քարաբերդի ոսկու հանքի նկատմամբ, «ԲԱԿՏԵԿ ԷԿՈ» ՍՊԸ-ն Արջուտի ոսկու հանքավայրի նկատմամբ:
Մարզպետի մոտ քննարկման ընթացքում նաեւ նշվել է, որ առաջարկություն է ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն, որպեսզի Լոռու մարզի Ստեփանավան, Ուրասար, Թեղուտ և Շնող համայնքները նույնպես ընդգրկվեն վնասակար ազդեցության ենթակա համայնքների ցանկում ու բնապահպանական և առողջապահական ծրագրեր իրականացնելու համար պետական բյուջեից սահմանված կարգով ստանան մասնահանումներ: Ակնկալվող բնապահպանական նպատակային գումարները կուղղորդվեն նշյալ համայնքների ազգաբնակչության առողջության և շրջակա միջավայրի պահպանման միջոցառումներին:
Փետրվար 03, 2016 at 16:08
