«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը մտադիր է ավելացնել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի արտադրողականությունը. պոչամբարի հարցն անորոշ է

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը մտադիր է ավելացնել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի արտադրողականությունը. պոչամբարի հարցն անորոշ է

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն Սոթքի ոսկու հանքավայրի արդյունահանման ծավալների ավելացմանը զուգահեռ մտադիր է ավելացնել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի արտադրողականությունը:

Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի արտադրողականության բարձրացման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտը, որի չորրորդ հանրային լսումները նշանակված են դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, Արարատ քաղաքի մշակույթի կենտրոնում:

Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի արտադրողականությունը ներկայում կազմում է տարեկան 1.0 միլիոն տոննա: Ընկերությունը մտադիր է այն հասցնել տարեկան 1.75 միլիոն տոննայի: Ոսկու կորզումն իրականացվելու է ֆլոտացման եղանակով: Խտանյութում ոսկու պարունակությունը 40.5 գ/տ է, խտանյութից ոսկու կորզումը 81.0%:

Հայտում նշված է, որ 1.75 միլիոն տոննա արտադրողականությամբ աշխատելու դեպքում Արարատի ֆաբրիկայի պոչամբարը կծառայի 5.8 տարի: Իսկ թե ինչ լուծում կտրվի հետո, դեռ անորոշ է:

«Պոչամբարի նախագծային առավելագույն նիշը 821.00 մ է: Պոչամբարը լցված է մինչև 814.50 մ նիշը, որի ծավալը կազմում է 3.82 մլն խմ: Պոչամբարի մնացորդային ծավալի նիշը 814.50 մ-ից մինչև 821.00 մ նիշ կազմում է 7.63 մլն խմ կամ 10.22 մլն տոննա: 1.75 մլն տ/տարի հանքաքարի վերամշակման հզորությամբ ոսկու կորզման ֆաբրիկայի աշխատելու դեպքում պոչամբարը կծառայի 5.8 տարի:

Մինչ պոչամբարի ծավալի սպառումը նախատեսվում է իրականացնել գործող պոչամբարի պատնեշի կայունության հաշվարկ, որը թույլ կտա ընդունել վերջնական որոշում` գործող պոչամբարի ծավալի ավելացում պատնեշի բարձրացման հաշվին, թե կառուցել նոր պոչամբար հարակից տարածքում», - նշված է հայտում:

Ըստ հայտի՝ հարստացման ֆաբրիկայի առաջացած թափոնների քանակը տարեկան 1.75 միլիոն տոննա է, պոչամբար ուղղվող պարզվածքի քանակը՝ տարեկան 7.5 հազար խմ, մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների քանակը՝ տարեկան 9.958 տոննա:

Աղբյուրի համաձայն՝ Սոթքի հանքավայրի հանքաքարում ոսկու պարունակությունը նվազել է, ինչը կապված է գաբրո հանքային մարմնի արդյունահանման հետ: «Ֆաբրիկայի արտադրողականության բարձրացումը թույլ կտա չկրճատել աշխատողների քանակը (նախատեսվում է նոր 50 աշխատատեղ), չնվազեցնել փոխանցումները հանրապետության և տեղային բյուջեներ, նպաստել տարածքի բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Զրոյական տարբերակի դեպքում 462 աշխատող այսօրվա դրությամբ և նախատեսվող լրացուցիչ 50 աշխատող կզրկվեն եկամուտի աղբյուրից», - նշված է հայտում:

Հիշեցնենք, որ 2020 թ-ի Արցախյան պատերազմից հետո Սոթքի հանքավայրի մի մասն անցավ Ադրբեջանին: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը 2021 թ-ի հոկտեմբերին հայտ ներկայացրեց 2025 թ-ից հետո հանքավայրը ստորգետնյա եղանակով շահագործելու համար՝ տարեկան 400 հազար տոննա արտադրողականությամբ: Իսկ մինչև 2025 թ-ը հանքավայրը կշարունակի շահագործվել բաց եղանակով:

Հայաստանում ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը բացի Սոթքի ոսկու հանքավայրից և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայից շահագործում է Սյունիքի մարզում գտնվող Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը և կոմբինատը: Մի քանի ամիս առաջ ընկերությունը նաև ձեռք է բերել Հայաստանի ամենամեծ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, որի 25 տոկոսը նվիրաբերել է Հայաստանի կառավարությանը: 

Դեկտեմբեր 22, 2021 at 13:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր