Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի տարածքում գեոպարկ կհիմնվի

Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի տարածքում գեոպարկ կհիմնվի
Նախատեսվում է Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տարածքում 4400 քառ/կմ և 102 համայնքային տարածք ընդգրկող գեոպարկ հիմնել։ Գեոպարկի ստեղծման՝ «Գեոպարկը որպես տնտեսության կայուն զարգացման և բնապահպանության խթան Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում» ծրագիրը նախաձեռնել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան։ Ծրագիրը քննարկվել է ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Սահակյանի և Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի վարիչ Արա Ավագյանի հետ հանդիպման ժամանակ։ 

Գեոպարկը հատուկ պահպանվող կարգավիճակ ունեցող տարածաշրջան է, որի տարածքում հստակ բացահայտված է Երկիր մոլորակի երկրաբանական պատմությունը, տեղական լանդշաֆտի ձևավորումը, օգտակար հանածոների հանքավայրերի և ապարների ձևավորումը, նախապատմական կենդանիների բրածո մնացորդների զանգվածաբար պահպանումը: 
 
Հայաստանի Հանրապետությունում գեոպարկի տարածքի ընտրությունը հիմնված է եղել երկրաբանության ոլորտում կուտակված գիտելիքների, ինչպես նաև ծրագրի մասնակիցների երկարամյա փորձի վրա։ Հաշվի է առնվել նաև մարզերի զարգացվածության մակարդակը և տնտեսական լրացուցիչ խթանման անհրաժեշտությունը։ 

ՀՀ առաջին գեոպարկը ռելիեֆը լեռնային է և ներառում է 1019-3595 մ միջակայքի բացարձակ բարձրությունները։ Առկա են կլիմայական 6 ենթագոտիներ՝ սկսած չոր ցամաքայինից (տաք ամառ և ցուրտ ձմեռ) մինչև լեռնային տունդրա։

Գեոպարկերի հիմնումը կնպաստի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ճանաչելիության բարձրացմանը, կխթանի մարզերում էկոկրթության ու էկոլոգիական մշակույթի ձևավորումը ու արմատավորումը, շրջակա միջավայրի պահպանության, բնօգտագործման և էկոլոգիական անվտանգության բնագավառում անձի ճիշտ և խելամիտ կողմնորոշմանը և վարքագծի ձևավորման համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
 
Լուսանկարում հայկական առաջին գեոպարկի տարածքն է՝ ՀՀ մարզերի և համայնքների ընգրկվածությամբ
 

Փետրվար 18, 2021 at 17:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր