

ԷկոԼուր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարի հերթական վթարը հանգեցրեց պոչերի արտահոսքերի Կապանի տարածքում` Շղարշիկ բանավանում: Պոչերը ողողեցին կիրճը եւ կուտակվեցին հորում, որը Շղարշիկի բնակիչ Վլադիմիր Մկրտչյանը փորել էր ձկնաբուծության բազմացման համար: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը: Վթարը տեղի է ունեցել մայիսի 8-ի գիշերը եւ տեւել է մի քանի ժամ: Կանչով ժամանել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների խումբը, որը փորձել է կանգնեցնել պոչերի արտահոսքը: Խմբում էր նաեւ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը: Թեպետ մինչեւ ժամը 13:00-ը կոմբինատի աշխատակիցների գործողությունների արդյունքում արտահոսքը թուլացավ, բայց հողն արդեն թունավորված է կոնցենտրատով:
Այժմ ձկան, ինչպես նաեւ գյուղատնտեսական այլ ծրագրերի մասին մտածել անգամ չի լինում: «Միայն հոտից ես վատացա»,- ասում է Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ, Սյունիքի Շահերի Պաշտպանության և Աջակցության Կենտրոնի ղեկավար, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, իրավապաշտպան Արշավիր Խալափյանը, ով դեպքի վայր էր ժամանել տուժած բնակչի խնդրանքով:
Նշենք, որ 2010թ. նոյեմբերին նույնպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարում վթար տեղի ունեցավ, եւ պոչերը լցվեցին անդրսահմանային Ողջի գետ: Արդյունքում պետական տեսչությունը վնասը գնահատեց 650 հազար դրամ, իսկ տուգանքի չափը սահմանվեց 100 հազար դրամ:
Մայիս 10, 2011 at 11:59


