Հայաստանի կանաչների միությունը եւ Էկոլոգիական հասարակական դաշինքը բաց նամակ են ուղղել «Գլոբալ Գոլդ» ընկերության սեփականատիրոջը

Հայաստանի կանաչների միությունը եւ Էկոլոգիական հասարակական դաշինքը բաց նամակ են ուղղել «Գլոբալ Գոլդ» ընկերության սեփականատիրոջը

ԷկոԼուր

Հայաստանի կանաչների միությունը եւ Էկոլոգիական հասարակական դաշինքը սոցիալական ցանցերով եւ լրատվմիջոցներով բաց նամակ են ուղղել “Գլոբալ Գոլդ” ընկերության սեփականատեր Վան Կրիկորյանին: Նամակում ասված է.

«Գլոբալ Գոլդ» ընկերության նախագահ

պարոն Վան Կրիկորյանին
ատճենը՝

Ամերիկայի Հայկական Ասամբլեայի նաղագահ

պարոն Բրայան Անդրոնի,

Հայկական Իրավաբանների Ասոցիացիայի նախագահ

պարոն Գարո Ղազարյան

ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները                                        
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան պարոն Ջոն Հեֆերնին    

Հարգելի պարոն Կրիկորյան,

Ամերիկյան «Գլոբալ Գոլդ» ընկերությունը Հայաստանում բաց եղանակով մի շարք հանքեր է շահագործում՝ ամենուրեք տարածելով ավեր ու աղտոտվածություն:  Նշված ընկերության կողմից շահագործվող հանքավայրերից մեկը (Թուխմանուկ), որի բաժնետոմսերի զգալի մասը պատկանում է Վան Կիրկորյանին, գտնվում է Արագածոտնի մարզում, Մելիք գյուղի անմիջական հարևանությամբ: Հանքավայրի շահագործման տարածքում արդեն իսկ խախտված և ավերված են ջրագոյացման և ջրամատակարարման համակարգերը: Խիստ վատթարացել է Մելիք գյուղին մատակարարվող խմելու և ոռոգող ջրի որակը, իսկ հանքանյութի արդյունահանման՝ կանխատեսվող ծավալների մեծացման դեպքում այդ ջրերը կդառնան օգտագործման համար ոչ պիտանի: 

Հանքավայրի շահագործման արդյունքում առաջացած երկու պոչամբարները գտնվում են մեծ թեքության վրա՝   Գետիկ գետի կիրճում և նրա անմիջական հարևանությամբ: Այդ պոչամբարներից քամվող թունավոր ջրերը լցվում են Գետիկ և ապա՝ Քասախ, Հրազդան, Արաքս գետերը:  Այսինքն, «Գլոբալ Գոլդ» ընկերության կողմից իրականացվող Թուխմանուկ հանքավայրի շահագործումը սպառնում է ոչ միայն Մելիք գյուղին և մոտակա բնակավայրերին, այլև ամբողջ Արարատյան դաշտավայրին:

Այս պոչամբարներում թունավոր թափոնները՝ պոչանքը, իրենց մեջ պարունակում են ծանր մետաղներ, որոնք ոռոգաման համակարգով  հայտվում են գյուղմթերքի մեջ: Փոշիացված վիճակում գտնվող պոչանքը շրջակա միջավայրում տարածվում է նաև քամիների միջոցով, աղտոտելով մթնոլորտային օդը, որի միջոցով էլ՝ վարելահողերը, խոտհարքերը, արոտավայրերը, ջրագոյացման վայրերը:

Կարծես այս աղետալի վիճակը քիչ էր, այժմ էլ  «Գլոբալ Գոլդ» ընկերությունը նախատեսում է մեծ չափերի հասցնել հանքանյութի արդյունահանման ծավալները, ինչպես նաև կառուցել նոր՝ երրորդ պոչամբարը, նույնպես Գետիկ գետի կիրճում:

Ըստ բնակիչների, ինչ հանքը շահագործվում է, կտրուկ ավելացել է տարբեր կարգի հիվանդությունների թիվը: Հատկապես վտանգված է կանաց և երեխաների առողջությունը: Մելիքգյուղի բնակիչները անզոր են առկա աղետը վերացնելու և սպառնացողը կանխելու գործում:  Մեր հանդիպման ընթացքում պարզ երևում էր, որ նրանցից շատերը, վախենալով ճնշումներից, չէին համարձակվում կտրուկ մերժել նոր պոչամբարի կառուցման և հանքանյութի ծավալների մեծացման նախագիծը:

Գյուղում տիրում է ծայրահեղ աղքատություն: Ընկերությունը մինչ օրս ոչ մի սոցիալական ծրագիր գյուղում չի իրականացրել: Մելիք  գյուղի բնակիչների հարստությունը այդ հանքը չէ, այլ անչափ արժեքավոր,  սևահողի հզոր շերտերով  դաշտերն են,  բարձրլեռնային մարգագետիններն ու արոտավայրերը, որոնք ստեղծում են գյուղատնըեսության զարգացման համար արտակարգ հեռանկարներ: Այս ամենը գտնվում է ոչնչացման վտանգի տակ, որը սակավահող Հայաստանի համար մեծ կորուստ է լինելու, իսկ Մելիք գյուղի բնակիչների համար՝ արտագաղթի ուղիղ ճանապարհ:

«Գլոբալ Գոլդ» ընկերության կործանարար գործունեության հետևանքով Մելիք գյուղի գյուղատնտեսական դաշտերի բերքատվությունը կտրուկ ընկել է, սահմանափակվել են անասնապահության համար անհրաժեշտ արոտավայրերը, այսինքն՝ նվազել է գյուղացիների եկամուտները: Այս ամենի արդյունքում խորանում է աղքատությունը, դրանով իսկ ավելի կախյալ վիճակում դնելով հպարտ գյուղացիներին: Հայ գյուղացին, կորցնելով իր հողն ու ջուրը, այլևս չի կարող զբաղվել իր հիմնական աշխատանքով՝ գյուղատնտեսությամբ և ստիպված գնում է ստորացուցիչ ցածր աշխատավարձով հանքավայրում աշխատելու: «Գլոբալ Գոլդ» ընկերության գործունեության հետևանքով անսահմանափակ հնարավորություն է ստեղծվել մարդկանց շահագործման համար:

 Պրն Կիրկորյան,

Դուք, Ձեր կողմից առաջացրած աղետը ներկայացնում է որպես ներդրում, աշխատատեղերի ստեղծում՝ բարերարություն: Համեմատության համար ասենք, որ 2009թ միայն Ձեր մեկ ամսվա աշխատավարձը կազնել է 18,500 ԱՄՆ դոլար,  իսկ գյուղացիներին խիստ ուշացումով և դատական պարտադրանքից հետո է վճարում նրանց հասանելիք մոտավորապես 200 ԱՄՆ դոլարին հասնող աշխատավարձը:

Եվ սա ընդամենը վերաբերում է մեկ հանքավայրին, իսկ ինչ կլինի, եթե կորպորացիայի ձեռքերը հասնեն  Հանքավանին, Մարջանին, Գետիկին, որտեղ կա նաև ուրան և թորիում: 

Հայկական Ասամբլեան, որին դուք անդամակցում եք, տարիների նվիրյալ աշխատնքով վայելում է Հայաստանցիներիս հարգանքը և վստահությունը: Սակայն այն վտանգված է Ձեր և  «Գլոբալ Գոլդ» ընկերության  գործունեության արդյունքում: Հատկանշական է նաև, որ «Գլոբալ Գոլդ» ընկերության վեբ կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, Դուք պատասխանատու եք ընկերության մեջազգային ծրագրերի համար:

http://www.globalgoldcorp.com/board_krikorianvan.php

Ստանձնելով Հայաստանի Ազգային Ինստիտուտի տնօրինույթունը՝ Դուք կարծես թե մտադվել եք Ձեր լուման ունենալ հայոց ցեղասպանության իրականացմանը: 

Ներքոստորագրյալներս պահանջում ենք անհապաղ դադարեցնել «Գլոբալ Գոլդ» ընկերության գործունեությունը Հայաստանում, մինչև ուսումնասիրվեն Ձեր ընկերության գործունեության հետևանքով Մելիք գյուղին և Հայաստանի Հանրապետությանը պատճառված տնտեսական վնասի չափերը, այդ վնասը գնահատվի և փոխհատուցվի:

25.01.2013 թվ.

Հարգանքներով, Հայաստանաի կանաչների միության

Նախագահ Հակոբ Սանասարյան
Էկոլոգիական հասարակական դաշինքի 50 կազմակերպությունների անունից դաշինքի համակարգող Սիլվա Ադամյան”:

14:31 Հունվար 28, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news