Վերջ շինծու հայտարարություններին

Վերջ շինծու հայտարարություններին

Գլոբալ Գոլդ Մայնինգ ՍՊԸ Հայաստանյան Մասնաճյուղ

Սույն թվի հունվարի 25-ին Էկոլոգիական հասարակական դաշինքի անունից (ստորագրողներ՝ Հակոբ Սանասարյան եւ Սիլվա Ադամյան) հրապարակվել է բաց նամակ Գլոբալ Գոլդ ընկերության նախագահ Վան Կրիկորյանին (“Նամակ”)։ Նամակում տեղ գտած պնդումները՝ նախ եւ առաջ, կեղծ են, իսկ հաշվի առնելով, որ Նամակի պնդումները հերքող տեղեկությունները հանրահայտ եւ հանրորեն մատչելի են, ավելին, դրանք տրամադրվել են Նամակի հեղինակներին անձամբ՝ Ընկերության կազմակերպած հանրային լսումների ժամանակ, եւ ավելին՝ Նամակի պնդումները հակասում են հանրային լսումների ժամանակ Նամակի հեղինակների արտահայտած կարծիքներին (տեսագրություններն առկա են համացանցում), ուստի՝ Նամակի պնդումները նաեւ շինծու են։ Այդ շինծու պնդումները, ի լրումն,  միտված են անտեղյակ անձանց դիտավորությամբ մոլորեցնելուն, եւ ոչ մի կերպ միտված չեն Նամակում նշված նպատակներին։ Պարզ սահմանմամբ, Նամակն ունի խիստ արտահայտված սփամային բնույթ` այն ի սկզբանե ստեղծվել եւ տարածվել է Նամակում չնշված նպատակներով։ Նամակն, ուստի, վարկաբեկում է իր հեղինակներին՝  չնայած նրան, որ Նամակը ստորագրող անձանցից մեկը հեռախոսով հայտնել է Ընկերության հայաստանյան ներկայացուցչին առ այն, որ Նամակում նշված պնդումները դեռ ճշտման կարիք ունեն (իմա՝ Նամակը հրապարակելուց հետո)։ 

Այսպես, հակառակ Նամակի պնդումների, Ընկերությունը “ամենուրեք ավեր ու աղտոտվածություն” չի տարածում։ Ընկերության խնդրանքով անկախ փորձագիտական կազմակերպությունը մշտադիտարկում է Թուխմանուկի հանքավայրի տարածքի եւ դրա շրջակայքի միջավայրը՝ ֆոնը համեմատելով հնարավոր փոփոխությունների հետ (մոտ 21 նյութերի ներառմամբ)։ Արդյունքները տրամադրվում են համայնքին, շահագրգիռ եւ պատկան մարմիններին, ինչպես նաեւ տեղադրվում են համացանցում՝ ի տեղեկություն բոլորի։ Թուխմանուկի շահագործման  արդեն ավելի քան հինգ տարիների ընթացքում ոչ միայն չի գրանցվել որեւէ “ավեր կամ աղտոտվածություն”, այլ նաեւ միջավայրային ֆոնի որեւէ էական փոփոխություն, ինչի մասին Նամակի հեղինակները քաջատեղյակ են։

Հակառակ Նամակի պնդումների, ոչ մի ջրագոյացման համակարգեր կամ ջրագծեր չեն խախտվել կամ ավերվել։ Իրականում՝ Ընկերության կողմից կառուցվել եւ վերանորոգվել են թվով երեք ջրագծեր, որոնցից օգտվում է միայն համայնքը (Ընկերությունը չի օգտվում իր կողմից կառուցված կամ վերանորոգված ջրագծերից)։ Թուխմանուկի պոչամբարից թունավոր ջրեր չեն “քամվում”. պոչամբարը կառուցված է պատշաճ եւ բոլոր պահանջներին համապատասխան, մշտապես դիտարկվում է, սեյսմակայուն է։ Պոչամբարի ջրավազանում ապրում են ձկներ եւ գորտեր,  հանքաքարի վերամշակման ընթացքում չեն օգտագործվել որեւէ վնասական քիմիկատներ։ Միջավայրային մշտադիտարկումը ներառում է նաեւ պոչամբարի տարածքը, ուստի որեւէ թունավոր նյութի թափանցումը  դեպի որեւէ ջրային կամ այլ միջավայր բացառվում է, նման երեւույթ չի գրանցվել կամ նույնիսկ նկատվել ամենամանրակրկիտ միջավայրային դիտատարկումներով։ Նման պնդումը մի գուցե կարելի էր համարել ընդամենը Նամակի հեղինակների վառ երեւակայության արդունք, եթե չլիներ անկախ փորձագետի մշտադիտարկումների արդյունքների մասին  Նամակի հեղինակների քաջատեղյակությունը։ Հատկանշական է, օրինակ, որ Ընկերության կազմակերպած հանրային լսումների ժամանակ Նամակի հեղինակները նույնիսկ ակնարկ չեն արել Նամակում նշված պնդումների վերաբերյալ, այլ փորձել են դասախոսել, օրինակ, պոչամբարները հարկելու, ռեկուլտիվացիայի մեթոդների, եւ այլնի մասին (տեսանյութերն առկա են համացանցում)։ 

Նամակի հեղինակները նախկինում՝ նույն ժրաջանությամբ պնդում էին, թե Թուխմանուկի հանքավայրի շահագործման շնորհիվ իբր համայնքում 2012թ-ին ոչ մի երեխա չի ծնվել (հայտարարություններն առկա են համացանցում)։ Իրականում այդ տարի ծնվել էին 25 փոքրիկներ։ Այժմ փոքրիկներից եւ նրանց ծնողներից ներողություն խնդրելու փոխարեն Նամակի հեղինակները նրանց ծնողներին անվանում են  “վախկոտներ”՝ քանզի նրանք չեն մերժում Ընկերության ծրագրերը։ Իրականում, համայնքի անդամները ոչ միայն չեն տեսնում հանքարդյունահանման ծրագրերը մերժելու որեւէ պատճառ, այլ նաեւ հասկանում են որոշ անձանց դատարկ, սին, ինքնանպատակ եւ համայնքի շահերի դեմ ուղղված միտումները։  Մարդիկ կարդալ գիտեն եւ պարզապես հասկանում են որ իրենց ընդամենը փորձում են խաբել։ Ուստի, մի փորձեք խաբել գյուղացուն, միայն որովհետեւ Ձեզ ուսյալ եք համարում։ Միջավայրի մասին գյուղացին Ձեզնից շատ ավելին գիտի, գիտեն նաեւ բնապահպանության եւ այլ մասնագետները,  եւ եթե շարունակեք գործել նման բացահայտ անհեթեթությամբ, ապա չեն հավատալու ոչ միայն Ձեզ, այլ նաեւ Ձեր իրավահաջորդներին։ Ընդhամենը կհասնեք նրան, որ մարդկանց գիտակցության մեջ “բնապահպան” եզրույթը  կնույնացվի  “կեղծարարի” հետ, ինչը, կարծում ենք, անթուլատրելի է։  

Հակառակ Նամակի պնդումների, թե իբր Ընկերությունը գյուղում ոչ մի սոցիալական ծրագիր չի իրականացրել, իրականում Ընկերությունը  տարբեր սոցիալական ծրագրերի իրականացման համար համայնքին եւ այլ կառույցներին հատկացրել է ավելի քան 15 միլիոն դրամ, իսկ համայնքի ավելի քան 150 անդամներին որպես աշխատավարձ վճարվել է ավելի քան 225 միլիոն դրամ։ Ընդամենը վերջին հանրային լսումների ժամանակ Ընկերության ներկայացուցիչը սոցիալական ծրագրերի եւ աշխատավարձի վրա ծախսված գումարների չափի մասին հարցին պատասխանել է, որ անհրաժեշտ չի համարում նշել դրանք, քանզի անհարիր է համարում այդ  մասին խոսելը  հանրային լսումների ժամանակ։ Այժմ պարզվում է, որ Ընկերության ներկայացուցչի քաղաքակիրթ բացատրությունը Նամակի հեղինակներն ընդունել են որպես կեղծիք իրականացնելու պատեհ առիթ։ Մենք ընդամենը ստիպված ենք նշել սոցիալական օժանդակության եւ վճարված աշխատավարձերի գումարները՝ Նամակի հեղինակների տեսակից ելնելով, եւ միայն նրանց կեղծ պնդումները հերքելու նպատակով։ Ընկերությունը շարունակելու է սոցիալական օգնություն ցուցաբերել համայնքին, սակայն բացառելու է դրա  “գովազդը” կամ դրանով “առեւտուրը”։ 

Հակառակ Նամակի պնդումներին, Ընկերությունում 200 դոլար ստանում են միայն հավաքարարները, սեւագործ բանվորները, կամ պահակները։ Նվազագույն հմտություն պահանջող բանվորական աշխատանքը վարձատրվում է մինչեւ 150.000 դրամ, մասնագիտականը (փականագործ, վարորդ, եւ այլն) մինչեւ 300.000 դրամ, բարդ սարքավորման օպերատորներ եւ այլն՝ մինչեւ 350.000 դրամ, երկրաբաններ, լեռնային ինժեներներ եւ այլն՝ մինչեւ 700.000 դրամ, իրավաբաններ, ֆինանսիստներ՝ մինչեւ 800.000 դրամ, եւ այլն։ Ընկերությունը մինչ այժմ իրականացնում է ներդրումներ, եւ չունի եկամուտ։

Ընկերության բոլոր աշխատողների աշխատավարձերը՝ ներառյալ ղեկավար անձնակազմինը տեղադրված են Ընկերության պաշտոնական կայքում, բոլոր աշխատողներին եւ հանրությանն ի գիտություն։ Հուսով ենք Նամակի հեղինակները կբերեն նման ընկերության եւս մեկ օրինակ, եւ չնայած ակնհայտ է, որ Նամակի հեղինակների կարծիքով թափանցիկությունը պատժելի է, Ընկերությունը շարունակելու է թափանցիկ լինել իր հանրային բացահայտումներում։

Ընկերությունը հաշվարկել եւ վճարել է տարբեր պատճառներով պարապուրդի ենթարկված աշխատակիցների աշխատավարձերը՝ ամբողջությամբ, առանց պահումների, բազմաթիվ ամիսների ընթացքում, եւ նրանց աշխատանքից չի հեռացրել։ Եղել են մարդիկ, ովքեր օգտագործել են Ընկերության բարի կամքը՝ ներառյալ սխալ խորհրդի արդյունքում, դիմել են դատարան եւ ստիպել են Ընկերությանը վճարել իրենց չաշխատած ժամանակահատվածի համար։ Ընկերության աշխատակիցների հիմնական մասը նման քայլերի չի դիմել, եւ մենք պատիվ ունենք շարունակել նրանց հետ մեր աշխատանքը։  Բնականաբար, եղել են նաեւ ֆինանսական դժվարություններ, ինչի պատճառով, ի գիտություն Նամակի հեղինակների, Ընկերության նախագահ Վան Կրիկորյանը Ընկերության ամենաերկար ժամանակահատվածով աշխատավարձ չստացած աշխատակիցն է՝  մինչեւ չվճարվեն աշխատողների  վերջին պարտքերը։ Մարդիկ ովքեր ճանաչում են պարոն Կրիկորյանին չեն զարմանա այս իրողությունից։ Ընկերության կողմից հանրորեն բացահայտված տեղեկության ընտրովի օգտագործումը՝ այն էլ բացահայտ թշնամական մեկնաբանությամբ, պատիվ չի բերում եւ երբեք չի բերի։  Քաղաքակիրթ աշխարհում աշխատավարձի չափը որոշվում է աշխատանքի կարեւորությամբ եւ այն կատարողի հմտությամբ։ Ի դեպ, մենք համացանցում այդպես էլ չենք գտել թե ինչ արժե շինծու եւ սփամային միտմամբ նամակներ գրել եւ տարածելը, եւ թե ինչքան են վարձատրվում մարդիկ համայնքի անդամներին, փոքրիկներին, նրանց ծնողներին եւ Ընկերության աշխատակիցներին դիտավորությամբ վիրավորելու համար։ Կարծում ենք, սա պարզ էթիկայի խնդիր է։ Ընկերության առաջարկին՝ մասնակցել Թուխմանուկի շրջակա միջավայրի մշտադիտարկմանը Նամակի հեղինակները չեն պատասխանել, սակայն, փաստորեն, որոշել են պարզապես կեղծ եւ շինծու տեղեկություններ տարածել Թուխմանուկի, Ընկերության, ինչպես նաեւ համայնքի անդամների վերաբերյալ՝ խիստ շահադիտական նպատակներով։ Նման գործելակերպն անհարիր է ոչ միայն ցանկացած հասարակական կազմակերպության ներկայացուցչի, այլեւ բնապահպանությամբ շահագրգիռ ցանկացած քաղաքացու համար։ Համեմատության նպատակով նշենք, որ ճիշտ նույն գործելակերպն է կիրառում, օրինակ, հարեւան երկրներից մեկում ապրող բռնապետը։ Նրան ակնհայտորեն չի հետաքրքրում իրականությունը, սակայն  մեր եւ մեր հայրենակիցների մասին կեղծ եւ շինծու (նաեւ սփամային) հայտարարություններ նա տարածում է խիստ շահադիտական նպատակներով. պարզապես ուզում է մնալ բռնապետ։ Մի հետեւեք նրա օրինակին, եւ թող չհամընկնեն ձեր նպատակները։

Վերջում  ներողություն ենք խնդրում համայնքի անդամներից, աշխատակիցներից, եւ բոլոր նրանցից ում փորձել են վիրավորել  Նամակի հեղինակները։  Նամակի փաստը եւ բովանդակությունը մեզ ստիպում է համոզվել, որ Ընկերության՝ ըստ տեսակի բնապաշտ լինելը եւ միաջավայրային որեւէ վնաս բացառելը զայրացրել է ոմանց  այն աստիճան, որ անցել են  ինքնանպանակ  “բաց նամակների”։ Ուստի, ներողություն ենք խնդրում նաեւ նրանցից,  քանզի չենք արդարացրել նրանց  հույսերն ու ցանկությունները եւ միջավայրին վնաս չենք պատճառել, եւ  այդ առումով խոստովանում ենք մեր մեղքն ամբողջությամբ։ Ցավում ենք որ այլ կերպ չենք կարող օգտակար լինել Ձեզ, սակայն ափսոսանքով  ենթադրում ենք, որ Ձեր սփոփանքը կգտնեք այլուր։

00:04 Հունվար 31, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news