Շնողի բնակիչները Թեղուտի հանքավայրի հետ կապված նամակ են հղել Հայաստանում ԵԱՀԿ դեսպանին

Շնողի բնակիչները Թեղուտի հանքավայրի հետ կապված նամակ են հղել Հայաստանում ԵԱՀԿ դեսպանին

ԷկոԼուր

Լոռու մարզի Շնող համայնքի բնակիչները Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի հետ կապված նամակով դիմել են Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դեսպան Անդրեյ Սորոկինին:

Նամակում ասված է. «Շնող եւ Թեղուտ համայնքների մոտ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը իրականացնում է պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործում, որի հետեւանքով մեր երկու համայնքների բնությունը եւ հոսքաջրերի որակը էապես վատթարացել է: Կան բավարար հիմքեր կասկածելու, որ հանքաքարի հարստացման ֆաբրիկայի գործարկումից ի վեր արտադրվող պոչանքն ուղղակիորեն լցվում է գետը, որով ոռոգվում են մեր այգիները: Գետի ջուր օգտագործվում է նաեւ ընտանի կենդանիներին ջուր տալու, ինչպես նաեւ բազմաթիվ այլ նպատակներով: Հետեւապես, հանքարդյունաբերական թափոններով գետի ջրերի աղտոտումը լուրջ վնաս կարող է հասցնել համայնքների բնակիչների գույքին եւ առողջությանը:

Այնուհանդերձ, Շնող եւ Թեղուտ համայնքների բնակչությունը հնարավորություն չունի մասնագիտական ուսումնասիրություն իրականացնել եւ պարզել ջրերի աղտոտվածության, դրանց բացասական հետեւանքների, ինչպես նաեւ հանքարդյունաբերական ծրագրի այլ բացասական ազդեցության աստիճանը: Քանի որ ԵԱՀԿ-ն Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվում է արդեն երկար տարիներ, ունի բավարար փորձ եւ կապեր ոլորտի մասնագետների հետ, ուստի խնդրում ենք ձեզ հետ համագործակցող փորձագետների միջոցով մեզ մասնագիտական եւ կազմակերպչական աջակցություն տրամադրել ջրերի աղտոտման աստիճանը որոշելու, ինչպես նաեւ հանքավայրի շահագործման նախագծի իրականացման հետեւանքով երկու համայնքներին հասցվող տնտեսական, սոցիալական, առողջապահական վնասները գնահատելու համար»: 

Ստորեւ ներկայացնում ենք Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից սույն թվականի հունվարի 28-ին արված լուսանկարները: 

 
 
 

16:47 Հունվար 30, 2015


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news