«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի պատասխանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի պատասխանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին

ԷկոԼուր

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ն պատասխանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ «Էկոլոգիական իրավունք» և «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների կողմից 2016 թ. հուլիսի 12-ին տարածված հայտարարության վերաբերյալ» պարզաբանմանը:

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ն պատասխանում ասված է.

«Որտե՞ղ են տեղադրվելու Քաջարանի հանքավայրի թափոնները 25 տարի շարունակ 22 միլիոնական տոննա արդյունահանելու դեպքում (հարցի բուն էությունից շեղվող, պատվիրված հոդված՝ ընկերության ճաշարանի բարի համբավը վարկաբեկելու համար)

Սույն թվականի հուլիսի 15-ին Զանգեզուրի պղինձ-մոլիբդենային կոմբինատի կայք էջում տեղադրվել է նյութ, որը վերնագրված է որպես «ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ «Էկոլոգիական իրավունք» և «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների կողմից 2016թ. հուլիսի 12-ին տարածված հայտարարության վերաբերյալ»: (Հղումը՝ այստեղ http://www.zcmc.am/files/parzabanum.pdf) Հաշվի առնելով, որ նշված տեղեկատվական-վերլուծական նյութում առկա են ակնհայտ իրավական թյուրընկալումներ, ինչպես նաև՝ մասնագիտական գնահատականներից զատ տրված որակումներ՝ անհրաժեշտ եմ համարում հակիրճ անդրադառնալ մեկ-երկու սկզբունքային հարցերի:

Նախ, մեր կողմից արվել է ոչ թե հայտարարություն, այլ ներկայացվել են դիմումներ Կապանի քաղաքապետին՝ որպես հուլիսի 8-ին տեղի ունեցած հանրային քննարկումների պատասխանատուի, և ՀՀ բնապահպանության նախարարին՝ որպես շրջակա միջավայրի հարցերով պետական քաղաքականություն իրականացնող գերատեսչության ղեկավարի: Այդ երկու եզրույթները՝ հայտարարություն և դիմում, ունեն միանգամայն տարբեր իրավական բովանդակություն: Դիմումը հասցեագրված է կոնկրետ սուբյեկտների, ովքեր ի պաշտոնե ունեն օրենսդրորեն պարտադիր կամ պատվիրակված պարտավորություններ՝ սահմանված կարգով ընթացք տալու նշված դիմումներին, իսկ դրանք չբավարարելու դեպքում առաջանում է իրավունք՝ հարցը լուծել դատական և այլ իրավական ճանապարհներով: Այսպիսով, հարցը դիտարկվում է իրավական հարթության վրա և ոչ թե ընդամենը հայտարարություների կամ մամուլի հրապարակումների:

Ընկերության կողմից ներկայացված «պարզաբանման» վերջում մեր հասցեին մեղադրանք է հնչեցված՝ ընկերությանը վարկաբեկելու համար պատվեր կատարելու վերաբերյալ: Որպես Հայաստանի ընդերքօգտագործման ոլորտում գրեթե 90 տոկոս շրջանառություն ապահովող, լուրջ և հեղինակավոր կազմակերպություն, պատշաճ կլիներ այսպիսի հայտարարությանը կշիռ հաղորդելու համար ներկայացնել այն բոլոր հիմնավորումները, թե Կապանի քաղաքապետին և ՀՀ բնապահպանության նախարարին հասցեագրված դիմումի կոնկրետ ո՞ր կետերն են հիմք տվել պնդելու, թե մենք «շեղվել ենք հանրային լսումի բուն էությունից», և ո՞ր կետերն են պարունակում ընկերությանը վարկաբեկող դրույթներ:

Եթե որևէ մեկի տրամադրության տակ առկա են փաստեր, փաստաթղթեր, այլ ապացույցներ, որոնք ողջամտորեն հիմք են տալիս պնդելու, թե ընկերության բարի համբավը վարկաբեկելու ուղղությամբ կատարվում է պատվեր, ապա հետևողականորեն հորդորում եմ առանց երկմտելու դրանք հանրայնացնել (ովքե՞ր են պատվիրատուները, ի՞նչ նպատակ են հետապնդում ընկերությանը վարկաբեկելով, ի՞նչ շահ են հետապնդում թվարկված հասարակական կազմակերպությունները ԶՄՊԿ-ի բարի համբավը վարկաբեկող պատվեր կատարելով և այլն): Նման փաստեր չներկայացնելու դեպքում, առաջարկում եմ դուրս չգալ մասնագիտական-իրավական հարթությունից և ընկերության ճաշարանում անցկացված քննարկումների շուրջ առաջացած իրավական խնդիրները չմեկնաբանել խոհանոցային մակարդակի վրա: Ինքս հակված եմ խնդիրը դիտարկել բացառապես իրավական հարթության վրա՝ պահպանելով մասնագիտական կոռեկտության և ներքին հիգիենայի կանոնները: Ի վերջո, ընկերության ներկայացուցիչը մեզ հետ միասին, ընդգրկված է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության աշխատանքային խմբում, որտեղ ևս քննարկվելու են նմանօրինակ բազմաթիվ հարցեր:  

Նպատակահարմար չեմ գտնում հայտարարությունների մակարդակով վեր հանել նեղ իրավական խնդիրներ՝ դրանք կքննարկվեն դատական և միջազգային իրավական հարթակներում: Հիշեցնեմ միայն, որ նույն հանրային քննարկման ընթացքում քննարկման պատասխանատուների կողմից բազմիցս շեշտվեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով նախագծային փաստաթղթերը հնարավոր չի եղել տեղադրել էլեկտրոնային կայքում՝ նույնիսկ այն բանից հետո, երբ ինքս բազմիցս զանգահարել եմ քաղաքապետարան և խնդրել փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները տեղադրել կայքում: Սա արձանագրված փաստ է, մինչդեռ ընկերության ներկայացած «պարզաբանման» մեջ նշված է, թե փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների հղումները տեղադրվել են Կապան և Քաջարան քաղաքային համայնքների կայքերում: Եթե այդ հղումները խոտանված են և «տեխնիկական պատճառներով» հնարավոր չէ դրանց ծանոթանալ, ապա ինչպե՞ս կարելի էր իրականացնել հանրային քննարկումներ:

Այսօրինակ անհերքելի փաստերի պայմաններում, ինչպե՞ս կարելի է պնդել, թե մենք՝ դիմումի հեղինակներս, «շեղվել ենք հանրային լսումի բուն էությունից»: Ի՞նչ հանրային լսման մասին է խոսքը, երբ հնարավոր չէ ծանոթանալ դրա համար հիմք հանդիսացող փաստաթղթերին: Ընկերությունը` հենց ինքը, պետք է հետաձգեր այդ քննարկումը, քանի դեռ նախագծային փաստաթղթերը սահմանված կարգով չեն հրապարակվել: Արդյունքում, երեք ընդարձակ փաստաթղթերի (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն, Սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվություն, Հանքի փակման ծրագիր) վերաբերյալ քննարկումներն իրականացվել են խիստ մակերեսայնորեն: Այդպես էլ հնարավոր չեղավ պարզել, թե որքա՞ն են Արծվանիկի պոչամբարի իրական ծավալներն ու լցվածությունը և ո՞րտեղ է ընկերությունը պատրաստվում տեղադրել թափոնները՝ 25 տարի շարունակ 22 միլիոն տոննա հանքաքար արդյունահանելու պարագայում:

Պնդում եմ, որ «Զանգեզուրի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխություն (ներառյան արդյունահանման ծավալների փոփոխություն, ընդերքի տեղամասի ընդլայնում, թույլտվության ժամկետի երկարաձգում)» նախագծի վերաբերյալ հանրային միջոցառումը չի կարող ճանաչվել որպես օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացված հանրային քննարկում և անվերապահորեն պետք է չեղյալ ճանաչվի»:



Հուլիս 18, 2016 at 16:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր