Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի մի մասը փակ է մնում հանրության համար

Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի մի մասը փակ է մնում հանրության համար

ԷկոԼուր

Եղեգնաձորի Օրհուս կենտրոնն արդեն ավելի քան երեք ամիս չի կարողանում պատասխանատու կողմերից ստանալ օգոստոսի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքում տեղի ունեցած Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի նախագծի հասարակական լսումների արձանագրությունը:

Հիշյալ Օրհուս կենտրոնի համակարգող Նարեկ Բեգլարյանը սույն թվականի սեպտեմբերի 10-ին նամակով դիմել է «Գեոթիմ» ՓԲԸ-ին՝ խնդրելով տրամադրել Գնդեվազ համայնքում տեղի ունեցած Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հասարակական լսումների արձանագրության կրկնօրինակը:

Ի պատասխան «Գեոթիմ» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Ալոյանը սեպտեմբերի 18-ին տեղեկացրել է. «Օգոստոսի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից կազմակերպված Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հասարակական լսումների արձանագրությունը ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարություն և հասանելի է ՀՀ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում»:

Հաջորդիվ Նարեկ Բեգլարյանը նույն խնդրանքով սեպտեմբերի 22-ին նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարարությանը:

Ի պատասխան՝ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Խաժակ Աղաբեկյանը հոկտեմբերի 6-ին հայտնել է. «Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի վերաբերյալ հանրային լսումները կազմակերպել և անցկացրել է համայնքի ղեկավարը՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի և «Գեոթիմ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հետևաբար լսումների արձանագրության պատճենը կարող եք ստանալ Գնդեվազ համայնքից»:

Նարեկ Բեգլարյանի հոկտեմբերի 10-ին Գնդեվազի համայնքի ղեկավար Հայրապետ Մկրտչյանին ուղղված հարցումը  մինչ օրս մնացել է անպատասխան:

Նշենք, որ ԷկոԼուրի նամակին ի պատասխան  ՀՀ բնապահպանության նախախարությունը տեղեկացրել է, որ Գորայք համայնքում տեղի ունեցած Ամուլսարի ոսկու հանքարդյունահանման համալիրի փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության հասարակական լսումների արձանագրությունը կարող ենք ստանալ Գորայքի համայնքապետարանից:

Նոյեմբեր 17, 2014 at 15:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր