Մելիք գյուղ, ջրամբար շահագործված հանքերի տեղո՞ւմ

Մելիք գյուղ, ջրամբար շահագործված հանքերի տեղո՞ւմ

ԷկոԼուր

«Մեգո Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Գենրիխ Մկրտչյանը Մելիք գյուղի բնակիչներին առաջարկեց ռեկուլտիվացիայի փոխարեն ջրամբար ստեղծել շահագործված հանքերի տեղում: Առաջարկությունն արվեց հոկտեմբերի 30-ին` նոր, թվով 3-րդ պոչամբարի կառուցման նախագծի հասարակական լսումների ընթացքում: Հիշեցնենք, որ  «Մեգո Գոլդ» ընկերությունը զբաղվում է Թուխմանուկի ոսկու հանքավայրից ոսկու արդյունահանմամբ եւ կորզմամբ: Հանքավայրը գյուղից գտնվում է 7-8 կմ հեռավորության վրա, իսկ ֆաբրիկան եւ պոչամբարները գյուղի վարչական տարածքում են` 700-900մ տարածության վրա: Առաջարկում ենք կարճ տեսանյութ, որը նկարահանվել է հասարակական լսումների ժամանակ, որտեղ հնչում է Գենրիխ Մկրտչյանի առաջարկը:

Նախագծող Հովիկ Նիկողոսյան.

-Նոր պոչամբարը լինելու է գյուղից 800 մետր վերեւ,  զբաղացնելու է մոտ 1,53 հա տարածք, այսինքն 15 000քմ: Պոչամբարի պաշտպանական սանիտարական գոտին 300 մետր է: Ի տարբերություն գործարանի, պոչամբարից արտանետումներ, փոշի չկա: …Հին պոչամբարները, որոնք չեն շահագործվում, դրանք ենթակա են ռեկուլտիվացիայի:

Մելիք գյուղի բնակիչ.

- Բա ինչի՞ արդեն 3-րդ, 4-րդ տարին է, առաջին պոչամբարն ընդհանրապես ծածկված չի:

Հովիկ Նիկողոսյան.

- Դուք պետք է պահանջ դրեք:

Բնակիչ.

- Պոչամբարը սարքած է հենց մեր խմելաջրի վրա, երկու պոչամբարի արանքից արդեն քանդվել է պոչամբարը, տվել է նորից մեր ջրագծերը տրաքացրել է: Էս հիմա ո՞նց կլինի:

 Հովիկ Նիկողոսյան.

-Դուք պետք ա հսկեք, որ էդ մարդը տեր կանգնի էդ նախագծի արածին: …գործարանի տերը ստեղ բան չի, դուք եք տերը էս հողի ու ջրի, պիտի ասես, ախպեր ջան, մի կանգնի, մի աշխատի, .. դուք պետք է հսկեք ու թույլ չտաք:

…Տեսնում եք պոչամբարից փոշի կամ ջուր է ինչ-որ, դուք կարաք զանգեք տեսչություն, տեսչությունը կգա, տեսչությունը պլանային ստուգումներ ունի, ինքը մեկ անգամից ավել չի կարող մտնի, եթե չլինի նախարարի հրամանը

Բնակիչ.

Տասնքանի անգամ զանգել ենք… 40 տնտեսություն, բոլորի հողերը չորացավ` կարտոշկեքը, կաղամբներրը…

Հովիկ Նիկողոսյան.

Դուք զանգել եք ու տեսչությունը չի՞ եկել:

 Բնակիչներ.

Հա, չեն եկել… Ես իմ աչքով եմ տեսել, ջուրը կապել էին, որ պիտի գա, լցվի պոչամբար, չէր լցվում պոչամբար, պրյամոյ գալիս էր… Ես ունեի իմ մոտ 2400 մետր կարտոշկա, եւ մոտ 1500 մետր կաղամբ, լռիվ չորացավ, գնաց: Ավազը եկել նստել` սպիտակ, շնչում չկար, լռիվ չորացավ, գնաց: Ուրիշ տեղեր հանքեր կան, օգտագործում են, գիտես` գյուղի համար ինչեր են անում: Էսօր ինչ են արել սրանք գյուղի համար, ոչ մի բան:  Որ գնում ես էնտեղ, մի բան էլ մունաթ են գալիս վրներս:

… 60 հոգու աշխատավարձ չէին տվել քանի տարի, գնացինք ճանապահը փակեցինք, մի 10 օր հետո բերեցին, աշխատավարձները տվեցին:

Գենրիխ Մկրտչյան.

-Մենք սկսեցինք Թուխմանուկը, ասեցինք 1միլիոն տոննա հանքաքար ունենք պաշարում, մենք էսօր հասցրել ենք 22 միլիոնի: 

Առաջին պոչամբարի մեջ 1 գրամանոց ոսկի կա հիմա, … դա մեր պահուստայինն է, մենք հիմա ի՞նչը ռեկուլտիվացիա անենք: Էս ձեր պոչն էլ, որ հիմա կանգնած է, ըդտեղ էլ ոսկի ունենք` մոտ 6 գրամանոց ոսկի, …Ֆաբրիկան մեծացրեցինք, պոչը նորից ենք մեծացնելու, …Մենք որ աշխատում էինք, ոսկին 16 գրամ էր, հիմա 46 գրամի: 

…Ինչ-որ ունեք բողոք, գրավոր գրեք, բերեք, ներկայացրեք:

Բնակիչ Հովհաննես Ասատրյան.

- Իմ չայնին, իմ խոտհարքը, ոչ մի կոպեկ ինձ չտվին ու քանդին առանց հարցնելու …

Մելիքի գյուղապետ Հակոբ Մկրտչյան.

- Պոչամբարի հետ կապված նախ ես նոր եմ, պիտի ուսումնասիրենք, երկրորդն էլ, մինչեւ 1-ին պոչամբարը չռեկուլտիվացվի, դուք իրավունք չունեք անցնելու մյուսի քանդմանը: 

Հովիկ Նիկողոսյան.

-…եթե առաջին պոչամբարը հարուստ է, երկրորդը պետք է այդքան հարուստ չլինի…

Գենրիխ Մկրտչյան.

- 0,5 գրամ ոսկի կա այնտեղ…

Հովիկ Նիկողոսյան.

Էդ պրոբլեմ չի, կարելի է վերցնել պրոբաներ, եթե պարունակությունը 0.2-ից, 0.3-ից ցածր է, մի անգամից պոչամբարը փակել: Խոսքը դրա մասին է: Ես գիտեմ ձեր դարդը, ես գիտեմ` էս կամպանիան ոնց է աշխատում, գիտեմ, որ որոշ դժվարություններ ունի, գումարներ չի մուծել, գիտեմ, որ ինչքան կարացել ա, օգնել ա, շատ բաներ չի հասցրել` ձեզ օգնի, հիմա դուք պետք է որոշեք` պետք է գոյություն ունենա այս ընկերությունը ձեր տարածքում, թե չէ: Սա կապված է պոչամբարի հետ, եթե չենք սարքելու, չեն լայնանալու, իրանք ուզում են բացահանքն էլ ընդլայնեն, ֆաբրիկան էլ մեծացնեն, եթե դուք չեք ուզում, ասեք չէ, մենք էլ, դրական եզրակացություն նախարարությունը չտա, փակենք, գնա: Եթե ասում եք հա, ասում եք հա:

Մելիքի գյուղապետ Հակոբ Մկրտչյան.

-Այդ տվյալ տարածքները պայմանագրի համաձայն, եթե դուք ավարտել եք ու ոսկու պաշարներ չկան, դուք ինչի՞ ռեկուլտիվացիայի չեք ենթարկում, նոր անցնում եք են մյուս տարածքներին: Դուք վարձակալական հիմունքներով վերցրել եք չէ մեզանից, դուք պարտավոր եք աշխատանքներն ավարտելոց հետո ռեկուլտիվացիայի ենթարկել, վերադարձնել համայնքին, քանի որ դա մեր սեփականությունն է, որպեսզի մենք կարողանանք արոտավայր ունենանք: Դուք լավ գիտեք, որ այսպես գնալով մեր անասնապահությունը ոչ թե առաջ կգնա, այլ հետ:

Գենրիխ Մկրտչյան.

-Դուք լռիվ ճիշտ եք, կա էդպես կանոն, որ նոր տարածք տալիս են այն դեպքում, եթե հինը վերականգնում են ու տալիս են նրան, ումից վերցրել են: Էդպիսի օրենք կա, բայց մենք այնտեղ ունենք 30 տարվա աշխատանք, մենք չենք կարող մի կողմից ռեկուլտիվացիա անենք, մի կողմից քանդենք: Ուրեմն էսպես է խոսքը, քանդեցինք, մեծ փոս եղավ, ինչ կարող ենք անել դա, կողքը գետակներ են հոսում, ջուրը լցնենք… էդպիսի ծրագրեր մենք ունենք, ձուկ աճացնեք էնտեղ, ինչ-որ բան: Հանքերը իջնում են հանքաստիճաններով, աստիճանները 8 մետր են, էդ 8 մետր տեղերը եթե մեջը ջուր չկա, դա ռեկուտիվացվի, եթե ջուրը կա, ջուրը լցվում է, դառնում ջրամբար:

Մենք տեսանք, որ ընկերությունն արդեն կյանքի է կոչել իր առաջարկությունը: մշակված պոչերը լցված են ջրով, եւ այնտեղ ձուկ են բաց թողել:

Ուշադրություն դարձնենք, որ նախագծում նշված չէ, որ պոչերում եւ մշակված լցակույտերում առաջին կարգի վտանգավորության տոքսիկ տարրեր կան: Նախագծում գրված է, որ պոչերի կազմում մտնում են հետեւյալ միացությունները` SiO2 – 46,23%;   AL2O3 – 10,81%;  MgO – 5,17% ;  TiO2 – 0,82 %;  CaO – 6,41%;  MnO – 0,15%;   Fe2O3 – 6,4%;  FeO -3,62%;  ՇԿ-12,71%: Սակայն Շ. Խաչատրյանի «Թուխմանուկի (Արագածոտնի մարզ) ոսկու հանքավայրի հանքաքարերի երկրաքիմիական առանձնահատկությունները» գիտական հոդվածի (Երեւանի պետական համալսարանի գիտական տեղեկագիր 3, 2010)  համաձայն` «պղինձ, ցինկ, կապար, մկնդեղ,  իսմուտ, սելեն, թելուր, կադմիում և այլն  լցվում են թափոնակույտ և պոչամբար: Քիմիական տարրերի պարունակությունը որոշվել է ատոմաադսորցիոն և հարգորոշման եղանակներով: Անալիզների արդյունքները ամփոփվել են աղյուսակների տեսքով»:



13:02 Նոյեմբեր 07, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news