Մելիք գյուղը դեմ է Թուխմանուկի երրորդ պոչամբարին. Մելիքի գյուղապետ

Մելիք գյուղը դեմ է Թուխմանուկի երրորդ  պոչամբարին. Մելիքի գյուղապետ

ԷկոԼուր

Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի նախագծին անկախ փորձագետ Ալեքսեյ Թարվերդյանը տվել է դրական եզրակացություն: Ահա այս հայտարարությամբ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գեւորգյանը սկսեց նախագծի մասնագիտական լսումները: Այս փաստը դժգոհություն առաջացրեց  լսումներին ներկա հասարկայնության ներկայացուցչիների մեջ: « Պարոն Թարվերդյան, դուք քանի՞ անգամ եք եղել պոչամբարի տարածքում ու ուսումնասիրել այն, որ տվել եք նման եզրակացություն…»,- նկատեց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը: «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության  անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանն էլ լսումները որակեց անօրինական եւ լքեց սրահը:  «Օրենքն ունի ընթացակարգեր, նախորդը ստացել է բացասական եզրակացություն, ուրեմն վերջ, պետք է ամեն ինչ սկսել նորից,-ասաց նա,-իսկ եթե դուք պնդում եք, որ սա նոր նախագիծ չէ, ուրեմն անիմաստ է սրա քննարկումը, որովհետու նախագիծն արդեն ստացել է բացասական եզրակացություն»: Հաջորդը լսումները լքեց անկախ փորձագետ Սեյրան Մինասյանը: «Շրջակա միջավայրի բաղադրիչների` մակերեւութային, ստորերկրյա ջրեր, հող, հատակային նստվածքները, հիդրոմորֆոլոգիան, այդ բաղադրիչների վրա վերլուծություն եւ ազդեցության գնահատում արված չէ…Ո՞նց եք պնդում, ձեր իսկ տվյալներով կա այդ ազդեցությունը»:

Լսումների ընթացքում բոլորին հուզող այն հարցը, թե ի վերջո, ինչպիսին է համայնքի կարծիքը այս նախագծի վերաբերյալ, բարձրացրեց ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Հերմինե Պողոսյանը: «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Պողոսյանը փորձեց պատասխանել այդ հարցին: « …Ես ձեզ կփոխանցեմ համայնքի կարծիքների պատճեները»: «Գյուղացիները պահանջում են, որ լսումներն իրենց մոտ անցկացնեն… նրանք նախագիծը նույնիսկ չեն տեսել»,- ասաց ՀՀ Օրհուս կենտրոնների համակարգող Մարի Չաքրյանը` նշելով, որ հենց գյուղացիներն են ահանզանգել Օրհուս կենտրոն: Իսկ թե ինչու լսումներին ներկա չեն համայնքի ներկայացուցիչները, Աշոտ Պողոսյանը հարցին այսպես պատասխանեց. «Գյուղապետը երեկոյան զանգել եւ ասել է, որ իր ու համայնքի անդամների վրա ճնշում է գործադրվում` խոչընդոտելու ընկերության գործունեությունը: Անուններ տվել է, կնախընտրեմ, որ հարցնեք գյուղապետին»: Մելիքի գյուղապետ Հակոբ Մկրտչյանը Էկոլուրի հետ հեռախոսազրույցում զարմացավ իրեն ուղղված հարցից. « Ինձ ոչ մեկ չի սպառնացել, ես ոչ մեկի չեմ սպառնացել…Միայն իրենց ասել ենք, որ գան, գյուղում անցկացնեն լսումները: Ոչ միայն ես եմ դեմ, այլ բոլորը: Թող գան, ապացուցեն, որ վնաս գյուղին չի հասցվի, կտեսնենք, ինչ եզրակացության կգանք մենք: Բայց իրենք պատճառաբանեցին, որ գյուղում հարմար տեղ չկա լսումներն անցկացնելու համար: Ինչ անենք, մի երկու ժամ էր էլի, ոնց ենք մենք յոլա գնում, թող իրենք էլ հարմարվեին»: Հնչեցին նաեւ մեղադրանքներ:

Մանրամասները` տեսանյութում:



12:21 Փետրվար 13, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news