Մեղրասարի հանքավայրը “Արեւիկ” ազգային պարկի տարածքո՞ւմ է

Մեղրասարի հանքավայրը “Արեւիկ” ազգային պարկի տարածքո՞ւմ է

ԷկոԼուր

Օգոստոսի 21-ին Սյունիքի մարզի Տաշտունի համայնքապետարանում տեղի ունեցան «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի հանրային լսումները:

Մինչ լսումների սկսվելը բնապահպան-ակտիվիստների հետ այցելեցինք Մեղրասարի հանքավայրի տարածք, որտեղ արդեն ակտիվ աշխատանքներ էին տարվում: Հանքավայրի աշխատակիցներից մեկը նշեց, որ կատարվում է հանքաքարի հանույթ: ՛՛Չունենալով փաստաթղթեր՝ անցյալ տարվա ապրիլից ընկերությունը ապօրինաբար սկսել է այս հանցագործությունը: Դիմել ենք և հին գլխավոր դազախազին, և նորին: Պարզ երևում է, որ նրանք հովանավորում են՛՛,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Նրա խոսքով՝ հանքավայրի շահագործումից հետո Մեղրու տարածաշրջանում մարդիկ այլևս չեն կարողանա ապրել: ՛՛Վտանգվում է Մեղրի գետը, մեռնում է նաև գյուղատնտեսությունը՛՛,- ասաց Հ. Սանասարյանը՝ նշելով, որ այդ տարածքում ամբողջովին ցրված ուրան է:

Հանքավայրում իրականացվող գործունեության վերաբերյալ լսումների ժամանակ հետաքրքրվեցինք «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Մեժլումյանից:

՛՛Հանքավայրի տարածքում նախապատրաստական աշխատանքներն են գնում ուսումնասիրման լիցենզիայի շրջանակներում: Այնտեղ իրականցվում են 5000 տոննայի փորձարարական քանակության նախապատրաստական աշխատանքները և նրա արդյունահանման փորձարարական աշխատանքները՛՛, - ասաց Հ. Մեժլումյանը:

«Շրջակա միջավայրի վրա տարբեր հանքավայրերի քիմիական ազդեցության աղյուսակի» համաձայն` եթե հանքավայրում առկա է եւ ոսկի, եւ արծաթ, ապա այդ հանքավայրում առկա է ռադիոակտիվ ֆոն:  ՛՛Մենք ինքներս կարող էինք չափել ռադիոակտիվությունը այդ տարածքում, բայց որ չասեին՝ նախագծողը ցածր թիվ է տվել, եկել չափել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից և տեսել են, որ ռադիոակտիվությունը նորմայի սահմաններում է՛՛, - ասաց նախագծի հեղինակ, «Ակունք-ֆիրմա» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը: Վերջինիս խոսքով՝ հանքավայրի տարածքում ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակներ չկան, չնայած որ նախագծում նշված է, որ տարածաշրջանում կան Կարմիր գրքում գրանցված տեսակներ:

՛՛Դա վերաբերում է բուսականությանը: Բացահանքից մի քիչ վերև կան թփուտներ, որոնց մենք չենք հասնում: Դա մեր տարածքից դուրս է գտնվում՛՛, - ասաց Հ. Նիկողոսյանը: 

ՀՀ ԲՆ ՛՛Բնապահպանական փորձաքննություն՛՛ ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ Կարինե Մովսիսյանը Կարմիր գրքում գրանցված տեսակների վերաբերյալ ասաց. ՛՛ Ես եկել եմ հասարակական լսումներին մասնակցելու: Մնացած գործընթացները կբարձրաձայնվի մյուս փորձաքննության լսումների ժամանակ, երբ գործընթացը կմոտենա իր ավարտին և պատրաստ կլինի տվյալ գործունեության փորձաքննական եզրակացության նախագիծը՛՛:

Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը նշեց, որ հարակից տարածքներում գտնվում են մի քանի բնության հատուկ պահպանվող տարածքներ, որոնցից մեկը ՛՛Արևիկ՛՛ ազգային պարկն է: ՛՛Կարո՞ղ եք հիմնավորել, որ հանքավայրի տարածքը և մնացած բոլոր ենթակառուցվածքները չեն գտնվում ՛՛Արևիկ՛՛ ազգային պարկի տարածքում և ինչո՞ւ նշված չէ, որ հարակից տարածքներում կան բնության հատուկ պահպանվող տարածքներ և նաև էկոմիջանցքներ կենդանիների համար՛՛, - հարցրեց Լևոն Գալստյանը:

՛՛Գուգլով նայեք, տեսեք, որ մեր տարածքները չեն մտնում ազգային պարկի տարածքի մեջ՛՛, - պատասխանեց Հովիկ Նիկողոսյանը: Լևոն Գալստյանը նշեց, որ ինքը նայել է և տեսել է, որ հանքավայրի տարածքը մտնում է ՛՛Արևիկ՛՛ ազգային պարկի տարածքի մեջ:  ՛՛Չի կարող պատահի՛՛, - պնդեց նախագծի հեղինակը:

՛՛Բավակա՞ն է արդյոք մեկ գիտարշավի ընթացքում հասկանալ՝ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ կան, թե ոչ, և արդյո՞ք տարածքը չի հանդիսանում էկոլոգիական միջանցք կենդանատեսակների համար՛՛, - հարցրեց բնապահպան Գալստյանը:

՛՛Մեր տարածքը այնքան փոքր է, որ այստեղ միգրացիոն ճանապարհներ չկան՛՛, - պատասխանեց Հ. Նիկողոսյանը: 

Լևոն Գալստյանի հարցին, արե՞լ է արդյոք ընկերությունը Տաշտուն գետի ջրի անալիզները, նախագծողը պատասխանեց. ՛՛Ոչ, անալիզներ չենք արել, արտահոսք բացահանքից չունենք, բաց ջրավազանի վրա ազդեցություն չունենք՛՛:

Բնապահպանը նշեց, որ ընկերությունը իր գործունեությունը ծավալում է ջրհավաք ավազանում:

Նախագծողի խոսքով՝ հանքը չի ունենալու պոչամբար:  ՛՛Պոչամբար չի լինելու: Մենք պոչերը պահում ենք, հավաքում ենք և հետագայում վերամշակելու ենք: Ձեռնարկությունը ուզում է իր պոչերը հետագայում օգտագործի… գնում են նրան, որ կոմպլեքս օգտագործեն այս բոլոր եղածը՛՛, - ասաց Հ. Նիկողոսյանը:  

Հայկ Մեժլումյանը նույնպես վստահեցրեց, որ պոչամբար ունենալը բացառվում է: ՛՛Մենք բացառում ենք թե պոչամբար, թե լցակույտ: Յուրաքանչյուր թափոն մեզ մոտ հանդիսանում է որպես երկրորդական հումք, որը վերամշակվելու է՛՛, - ասաց Հայկ Մեժլումյանը:  

Հակոբ Սանասարյանը իր ելույթում նշեց, որ միայն մակաբացման ապարների համար ընկերությունը պետք է երկրի գանձարան մուտք աներ մոտ 800 միլիոն դոլար: 

՛՛Այս նախագիծը պետության համար ծախսածածկող չէ և պետության գանձարանին վնաս տվող է՛՛, - ասաց Սանասարյանը:

Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանն իր խոսքում ասաց, որ լսումներին մասնակից բնակիչների մեծ մասը հանքի աշխատողներն են: ՛՛Ինչո՞ւ մնացած գյուղացիները, ովքեր հանքում չեն աշխատում, չեն մասնակցում հանրային լսմանը՛՛, - հարցրեց բնապահպան ակտիվիստը:

Այդպես էլ հարց մնաց, թե որտեղ են համայնքի մյուս բնակիչները, ովքեր չեն աշխատում հանքավայրում և զբաղվում են գյուղատնտեսությամբ: Կկարողանա՞ն արդյոք նրանք շարունակել եկամուտ ստանալ գյուղմթերքի արտադրանքից, երբ սկսվի հանքավայրի շահագործումը:

Անընդհատ շարունակվող հարցերից Տաշտունի գյուղապետի նյարդերը տեղի տվեցին և նա շտապեց ավարտել լսումները՝ հորդորելով մասնակիցներին կարծիքները դրսում ներկայացնել: Մասնակիցները նշեցին, որ լսումների ժամանակ են կարծիքներ արտահայտում: Գյուղապետը խորհուրդ տվեց վերցնել տեսախցիկները և շրջայց կատարել գյուղում՝ տեսակետ հայտնելու համար: Ավարտելով լսումները՝ վերջինս ասաց, որ ինքը ոչ հարց ունի տալու, ոչ էլ պատրաստվում է պատասխանել մասնակիցների հարցերին: 

Մանրամասները՝ տեսանյութում: 



22:21 Օգոստոս 22, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news