«Global Gold»-ի հարցով նամակ Րաֆֆի Հովհաննիսյանին

«Global Gold»-ի  հարցով նամակ Րաֆֆի Հովհաննիսյանին

ԷկոԼուր

Հասարակական Բնապահպանական Դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը նամակ է ուղարկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին «Global Gold» ընկերության հարցով: Նամակում ասված է. 

«Հարգելի պարոն Հովhաննիսյան,
Ուրախ ենք, որ դադարեցրել եք հացադուլը և ընտրել եք պայքարի ավելի գործնական ճանապարհ: Դիմում եք Ձեզ մի հրատապ հարցով, համոզված լինելով, որ Ձեր ազնիվ և պարկեշտ կեցվածքը թույլ չի տա Ձեզ անտեսելու այն: Համոզված ենք, որ տեղյակ եք Մելիք գյուղում տիրող զարհուրելի իրավիճակի մասին: Բազմիցս լրատվամիջոցներով, սոց. ցանցերով ահազանգ է հնչեցվել «Գլոբալ Գոլդ» ընկերության կողմից Մելիքի գյուղացիների իրավունքների ոտնահարման մասին, շրջակա միցավայրի աղտոտման և, որպես արդյունք, տեղացիների առողջական խնդիրների մասին: Խոսվել է նաև, որ Ընկերության ղեկավարությունը վախի մթնոլոտ է ստեղծել, բողոք ներկայացնող գյուղացիներին սպառնում է չվճարել տարիներ շարունակ պարտք մնացած չնչին աշտավարձը:

Հարգելի պարոն Հովհաննիսյան, տեղյակ լինելով, որ Գլոբալ Գոլդ ընկերության ամերիկյան գլխադասային կառույցի ղեկավարը` Վան Կրիկորյանը, Ձեզ և Ձեր ընտանիքին մտերիմ անձնավորություն է, Ձեր կողմից ստեղծված Հայկական Փստաբանների Ասոցիայի (Armenian Bar Association) անդամ, խնդրում ենք Ձեր անմիջական միջամտությունը` պարզելու ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը, Հայկական պետականությանը, հայ մարդուն հասցված վնասը և հետևողական լինելու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում /կցված newsletter_abaspring2011/:

-Խնդրում ենք Ձեզ, Ձեր կողմից հայտարարված մարզային այցերի ցանկում նախատեսել նաև այց Մելիք գյուղ /սիրով Ձեզ կմիանանք/:

-Խնդրում ենք Ձեզ օգնել մեզ` պարզելու Ընկերության հայաստանցի բաժնետերերի անունները:

Ապավինում ենք Ձեզ ու Ձեր անձնազոհ նվիրվածությանը ազատ անկախ Հայաստանին:

Հարգանքով `Հասարակական Բնապահպանական Դաշինքի համակարգող Ս. Ադամյան»:

18:26 Ապրիլ 03, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news