Գնդեվազի բնակիչները նամակով դիմել են ԵԱՀԿ դեսպանին Ամուլսարի հարցով

Գնդեվազի բնակիչները նամակով դիմել են ԵԱՀԿ դեսպանին Ամուլսարի հարցով

ԷկոԼուր

Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի մի խումբ բնակիչներ Ամուլսարի ծրագրի առնչությամբ նամակով դիմել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության դեսպան Անդրեյ Սորոկինին: նամակում ասված է. «Մեծարգո դեսպան,

մեր համայնքին հարակից Ամուլսար կոչվող վայրում «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերությունը նախատեսում է իրականացնել ոսկու արդյունահանում: Հանքարդյունահանումը նախատեսվում է իրականացնել բաց եղանակով, իսկ հանքաքարի վերամշակումը՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի համար ամենավտանգավոր՝ ցիանային եղանակով: Ցիանային վերամշակման հարթակը, ըստ նախագծի, տեղակայվելու է Գնդեվազ համայնքում:

Քանի որ նախագծի թույլատրելիության վերաբերյալ ինչպես մեր համայնքի ներսում, այնպես էլ հարակից համայնքների միջև առկա է անհամաձայնություն, «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերության բաժնետեր հանդիսացող Համաշխարհային բանկը ցանկություն է հայտնել Գնդեվազ համայնքի բնակիչների հետ քննարկումներ իրականացնել նշված  հանքարդյունաբերական ծրագրի վտանգների վերաբերյալ: Այնուհանդերձ, մեր համայնքում չկան հանքարդյունաբերական ոլորտի հետ առնչություն ունեցող փորձառու մասնագետներ, ովքեր կարող են երկրաբանական, երկրաքիմիական, իրավաբանական և այլ առնչվող հարցերի վերաբերյալ մասնագիտական հիմնավորումներ ներկայացնել:

Հաշվի առնելով, որ ԵԱՀԿ-ն իր մանդատի շրջանակներում երկար տարիներ շարունակ Հայաստանում իրականացնում է շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող գործունեություն և ունի բավարար փորձ ու մասնագիտական ներուժ՝ խնդրում ենք ձեր մասնագետների հնարավորություններն օգտագործելով մեզ աջակցել՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով Գնդեվազ համայնքին, ինչպես նաև այլ համայնքներին ու Սևանա լճին հասցվելիք հնարավոր վնասի վերաբերյալ անկախ մասնագիտական կարծիք ստանալու համար: Ձեր աջակցությունը մեզ համար շատ կարևոր է և հրատապ, քանի որ արդեն փետրվար ամսին նախատեսվում է կազմակերպել նշված քննարկումները Համաշխարհային բանկի մասնագետների հետ»:

Լուսանկարը` www.osce.org կայքի

12:25 Փետրվար 02, 2015


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news