

ԷկոԼուր
Հանքասարի հանքավայրը շահագործող «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի տրակտորները ոչնչացնում են խնձորի այգին: Facebook սոցիալական ցանցում Կապանի բնակիչ Սամվել Գաբրիելյանը ահազանգում է. « …Ես ունեմ 2,8 հա խնձորի այգի Կապանի Աջաբաջ ( Նոր Աստղաբերդ) գյուղում: Այսօր այնտեղից զանգեցին ինձ ու տեղեկացրին, որ տրակտորները` այնտեղի Մաքսիմի հանքերի, գցել են և ոչնչացնում են տարիներով աճեցրած, խնամած, տոննաներով խնձորի բերք տվող այգին, որպեսզի այնտեղով հանքի պոչերի խողովակներ անցկացնեն, որը կփչացնի ոչ միայն ողջ այգին, այլև ամբողջ գյուղը»:
Նշենք, որ «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն մաքսիմ Հակոբյանին: Նա այն գնել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից:
Սամվել Գաբրիելյանի խնդրանքով ահազանգին տեղում արձագանքել է «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը, ով ԷկոԼուրի հետ զրույցում ասաց. «Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչատարը միացվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոնբինատի պոչատար խողովակաշարին: 2 ամսվա մեջ 25 կմ երկարությամբ խողովակաշար պետք է անցկացվի»: Արմեն Փարսադանյանի խոսքով` փաստը ողջունելի է, քանի որ այս աշխատանքներից հետո հանքավայրի պարզվածքները չեն լցվի այլեւս Գեղի գետը, եւ կշահագործվի մեկ պոչամբար: Նա սակայն խնդիր եւս արձանագրեց. «Ընկերությունը չի ցանկանում բանակցություններ վարել բնակիչների հետ եւ փոխհատուցել»: ԶՊՄԿ-ի շինարակական աշխատանքների պատասխանատուն ասել է. «Մենք դրա համար ժամանակ չունենք»:
Նոր Աստղաբերդ համայնքի գյուղապետ Սուրիկ Թեւանյանն էլ Էկոլուրի հետ զրույցում նշեց, որ բնակիչներն ի սկզբանե տեղեկացված են եղել եւ կողմ են: Իսկ Սամվել Գաբրիելյանի բարձրացրած ահազանգը վրդովվեցրեց գյուղապետին. «Գոնե գար մի հատ, ինձ հետ խոսեր, իմանար` ինչը ինչոց էր, նոր աղմուկ բարձրացներ: 180 ծառ եմ տվել, ոչ մի անգամ չի մշակել: Արդեն 4-րդ տարի է` ոչ հետաքրքվում է այդ այգով, ոչ էլ վարձն է վճարում: Թողել, գնացել է Երեւան»: Գյուղապետի խոսքով` հատվել է 2 ծառ, սակայն աշխատանքներից հետո ընկերությունը խոստացել է տնկել 12-20-ը:
Ի պատասխան գյուղապետի խոսքերի` Սամվել Գաբրիելյանը նշեց. «Ես զանգել եմ գյուղապետին, բայց չեմ կարողացել կապվել հետը…Ինչ վերաբերում է վարձավճարին, շուրջ 3 տարի, ինչ սկսվել է հանքը շահագործվել, աշխատողները մտնում են այգի ու փչացնում են ամբողջ բերքը: Այգուց եկամուտ չեմ ստանում եւ հնարավորություն չեմ ունենում վարձը տալ: Բերել են, հանքը կառուցել են Կապանի խմելու ջրի վրա: Բացի այդ, տարածքում կան ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ: Շահագործելուց հետո ջուրը կտրվեց, մեքենաներով մտնում են խոտն ու բուսականությունն են փչացնում: Ես այդ ամենը չեմ կարող վերահսկել: Այդքանից հետո, ինչպե՞ս խնամեմ»: Ըստ նրա վերջին տեղեկությունների`արդեն հատվել է 7 ծառ: «Մինչեւ նոր տնկված ծառերը գան, հասնեն կտրված ծառերի տարիքին, ինչքա՞ն ժամանակ կանցնի, ինչքա՞ն բերք են տալու, որ ես եկամուտ կարողանամ ունենալ»,-ասաց նա:
Փետրվար 20, 2014 at 19:31
