Ֆիոլետովո գյուղի բնակիչները իրենց օգնելու խնդրանքով դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին

Ֆիոլետովո գյուղի բնակիչները իրենց օգնելու խնդրանքով դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին

ԷկոԼուր

Ֆիոլետովո գյուղի բնակիչները խնդրում են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին օգնել իրենց թույլ չտալ շահագործել Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրը:

Նամակում ասված է.

 «Հարգարժան պարոն Արամայիս Գրիգորյան,

Ձեզ դիմում են Ֆիոլետովո գյուղի բնակիչները օգնության խնդրանքով: Մեր համայնքը հավատացյալ է, միակ մաքուր ռուսական գյուղն է Հայաստանում: Աշխարհի շատ երկրներից զբոսաշրջիկներ են եկել` զմայվելու այս անկյունով: Հիացել են մեր համեստ, աշխատասեր ազգով: Մենք հիմնականում զբաղվում ենք գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ: Ներկայումս մի օլիգարխ մտադիր է հանք բացել մեր գյուղից 100 մետր հեռավորության վրա եւ հանքանյութ մշակել: Ցանկանում է գյուղի միջով ճանապարհ գցել, որ արտադրանքը տանի: Դրա պատճառով կոչնչանան մեր տնամերձ արոտավայրերը եւ նույնիսկ տները: Այստեղ մենք եւ մեր նախնիները ապրել ենք 200 տարի: Մենք ստիպված կլինենք հեռանալ, քանի որ մենք կզրկվենք մեր նախիրից, որը արծելու տեղ չի ունենա, կզրկվենք մեր արտադրանքից, որով մենք սնվում ենք, եւ հանրապտությանը մատակարարում ենք կաղամբ, կարտոֆիլ եւ այլ բանջարեղեն, ինչպես նաեւ կաթնամթերք:

Աղաչում եւ խնդրում ենք Ձեր օգնությունն ու աջակցությունը Հայաստանում մեր հավատացյալ, մաքուր ռուսական գյուղի պահպանման հարցում: Գյուղի բոլոր բնակիչները դեմ են հանքի շահագործմանը»:

 
 
 

Նամակի տակ ստորագրել է Ֆիոլետովո գյուղի 140 բնակիչ: Այն ՀՀ բնապահպանության նախարարությանը հանձնեց գյուղի ներկայացուցիչ Վասիլի Դեսյատովը Դեսյատովի խոսակցությունը բնապահպանության նախարարության ընդունարանի աշխատակցի հետ կառավարության 3-րդ շենքում:

Դեսյատով. Ֆիոլետովայում ոչնչացվում է կյանքը: Ինձ խնդրել են փոխանցել նամակ նախարար Արամայիս Գրիգորյանին: Կարո՞ղ եմ ինքս փոխանցել:

Բնապահպանության նախարարության աշխատակից. Ոչ, տվեք ինձ, ես կփոխանցեմ:

Դեսյատով. Խնդրում եմ, շատ կարճ ժամանակահատվածում փոխանցեք:

Բնապահպանության նախարարության աշխատակից. Իհարկե, այսօր կփոխանցենք, բայց պատասխանը կլինի Ամանորից հետո:

ԷկոԼուրի հետ հարցազրույցում Վասիլի Դեսյատովն ասաց. «Ես Ֆիոլետովո գյուղի բնակիչ եմ, հիմա ապրում եմ Երևանում: Երեկ` երեկոյան, Ֆիոլետովո գյուղի բնակիչները զանգահարեցին ինձ և ասացին, որ իրենց մոտ բացվում է ոսկու հանք: Գլխավոր հարցը, որը հուզում է մարդկանց, այն է, որ նրանք կկորցնեն իրենց արոտավայրերը, կարող է կորի ջուրը: Բնակիչները հավաքել են ստորագրություններ և խնդրել ինձ փոխանցել բարձրագույն մարմիններին: Բոլորը միաձայն դեմ են հանքի բացմանը: Ես` ինքս, հանքում աշխատել եմ, Արմանիսում, և գիտեմ, որ դա առողջության համար շատ վտանգավոր է:

ԷկոԼուր.

-Ձեր գյուղում լսումներ անցկացվե՞լ են:

Դեսյատով.  

-Լսումներ եղել են, բայց ոչ ոք չգիտեր դրանց մասին, ոչ ոք տեղեկացված չի եղել: Նրանք (կազմակերպիչները) ցանկանում էին անցկացնել քվեարկություն: Բայց մարդիկ ասացին՝ մենք չենք քվեարկելու, մենք` բոլորս, դեմ ենք և վերջ: Գյուղը կոչնչացվի, եթե հանքը բացվի: Այնտեղ կյանքը և մեր գյուղի գոյությունը կավարտվի: Մի քանի մարդ դրանից եկամուտ կստանա, իսկ մեր ողջ գյուղը կկորչի երկրի երեսից: Ֆիոլետովո գյուղի բնակիչներն այս հարցով պատրաստվում են դիմել Ռուսաստանի Դաշնության դեսպանին և խնդրել, որ ինչ-որ կերպ ազդեն Հայաստանի կառավարության վրա, որպեսզի թույլ չտան հանքի շահագործումը:



18:00 Դեկտեմբեր 23, 2014


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news