«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն դատական կարգով բողոքարկում է Ֆինանսների նախարարության 3.8 միլիարդ դրամի ակտը

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն դատական կարգով բողոքարկում է Ֆինանսների նախարարության 3.8 միլիարդ դրամի ակտը

ԷկոԼուր

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն դատարան է դիմել` բողոքարկելու ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ընկերության նկատմամբ կազմված 3.8 միլիարդ դրամի ակտը: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը` նշելով, որ  երկու նախնական նիստ արդեն եղել է, երրորդը կլինի մայիսին: «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն Հայաստանում շահագործում է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:

Ներկայացնում ենք ԷկոԼուրի հարցազրույցը Հրաչ Ջաբրայանի հետ:

ԷկոԼուր. Պարոն Ջաբրայան, նախ բնապահպանության նախարարությունն էր ընկերության վրա 380 միլիոն դրամի տուգանք դրել /2013 թվականի հոկտեմբերին/, 

հիմա էլ ֆինանսների նախարարությունը` 3,8 միլիարդ դրամ գումարի չափով: Կարծես թե մութ ամպեր են կուտակվել Դանդիի գլխին, ի՞նչն է պատճառը ձեր կարծիքով:

Հրաչ Ջաբրայան. Ես չէի ասի, որ մութ ամպեր են կուտակվել Դանդիի գլխին, ես ուղղակի կասեի, որ բիզնեսի ոլորտի գլխին են մութ ամպեր կուտակվել, և ես իսկապես մտահոգված եմ դրանով: Գիտեք, առաջին հերթին պետք է պարտաճանաչ աշխատանք տանել, որ քննիչների մակարդակը մի քիչ բարձրացնենք: Ես հարգում եմ բոլորին, բայց և այնպես այդ մակարդակը չկա տակավին մեր երկրում, որ իրենք, իսկապես նպատակասլաց, ճիշտ աշխատանք տանեն: Ամեն անգամ, որ շփվում եմ քննիչների հետ, զգում եմ, որ իրենք ուղղակի ուզում են` աշխատանք տանեն, բայց ինչ-որ պատվերներ են կատարում: Հիմա ես չգիտեմ…ինչպես որ պարզվեց, նախկինում բնապահպանության նախարարության ակտը սխալ էր, իրենք սխալ ստուգումներ էին արել: Ինչպես գիտեք,  այդ 380 միլիոն ակտը իջավ մինչև 30 միլիոնի, որովհետև սխալ հոդվածներ էին օգտագործել, հոդվածներ, որոնք ընդհանրապես հանքարդյունաբերության տարածքի հետ կապ չունեն, այլ կապ ունեն գյուղատնտեսական տարածքների հետ: Այս ակտի հետ կապված, անկեղծ ասած, չգիտեմ` ինչ տրամադրվածություն ունեն և առանձնապես չի էլ հետաքրքրում, բայց ես գիտեմ, որ ճիշտ չէ Հայաստանի բիզնեսի հետ, նամանավանդ օտարերկրյա ներդրողների հանդեպ, որոնք մեծ գումարներ են ներդնում Հայաստան բիզնես անելու համար, այսպիսի պահվածք ցուցաբերել: Բայց կարծում եմ, որ դատարանը ցույց կտա, նորմալ գործընթացներ կանցնենք, բացարձակապես կասկած չունեմ, որ մենք հաղթելու ենք դատարանում:

ԷկոԼուր. Իսկ ի՞նչ կասեք տարածված լուրերի մասին, համաձայն որի Ձեզանից փորձում են խլել Ձեր բիզնեսը:

Հրաչ Ջաբրայան. Եթե այդպիսի ցանկություն կա, պատրաստակամ եմ վաճառելու հիմնարկը: Թող մոտենան ինձ բիզնես առաջարկով, նորմալ գին տան, ես իրենց վաճառեմ հիմնարկը, խնդիր չկա: Բայց, անկեղծ ասած, ես պաշտոնական նման բան չեմ լսել, լրատվական միջոցներից եմ լսել, բայց չեմ կարծում, որ իրականություն է: Բայց բիզնես է, մենք մեծ ներդրումներ ենք արել, բիզնեսը շարունակելու ենք մինչև այն պահը, որ կարող է ձեռնտու լինել մեզ համար, բայց այն պահին, որ ձեռնտու չլինի, կփակենք աշխատանքները:

ԷկոԼուր. Դուք նշել էիք, որ եթե Ձեզանից բռնագանձեն այդ գումարը, կփակեք հիմնարկը: Ձեր որոշումը հստա՞կ է:

Հրաչ Ջաբրայան. Իմ որոշումը հստակ է: Ես բազմիցս ասել եմ լրատվամիջոցներով, նույնը ասել եմ և ֆինանսների նախարարին և ՀՀ վարչապետին: Եթե այդ գումարը բռնագանձվի, ես հաջորդ օրը փակելու եմ հիմնարկը, որովհետև այդ հիմնարկը այդպիսի շահութաբեր հիմնարկ չէ, որ մենք կարողանանք և վնասով աշխատենք, և սպասենք, որ շահույթի հասնի և, միաժամանակ, այսպիսի անարդար հսկայական գումարներ տուգանք վճարենք: Ուղղակի բիզնեսի որոշում կդառնա այդ պահին:

Ապրիլ 28, 2015 at 13:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր