

ԷկոԼուր
Կապանի հասարակական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) պոչատար խողովակի վթարի մասին տեղեկատվության փակ լինելու կապակցությամբ: Նրանք կոչ են արել ապահովել հասարակական վերահսկողություն, թե ինչպես է բնապահպանական տեսչությունը գնահատում վթարի արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը: «ԶՊՄԿ ՓԲԸ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով (Ողջի գետում ավելի քան 12ժամ պոչեր էին հոսում) Կապանում գործող հ/կ-ները կազմակերպեցին քննարկում, որի նպատակն էր՝ Սյունիքի տարածքային բնապահպանության տեսչության և ԶՊՄԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչներից ստանալ համապատասխան պարզաբանումներ: Սակայն Սյունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության և ԶՊՄԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչները չեն մասնակցել քննարկմանը: Տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելու, բնապահպանության տեսչության կողմից վթարի հետևանքների հաշվարկման հասարակական վերահսկելիությունը ապահովելու նպատակով՝ առաջիկայում համապատասխան հարցադրումներով կդիմենք ՀՀ բնապահպանության նախարարությանը: Մենք համոզված ենք, որ հասարակական վերահսկողության բացակայության դեպքում, շրջակա միջավայրին հասցված վնասի իրական պատկերը չի ներկայացվի, ուստի հ/կ-ները հետևողականորեն վերահսկելու են ողջ գործընթացը: Մենք քննադատում ենք ԶՊՄԿ ՓԲԸ-ի և Սյունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության փակ գործելաոճը և կոչ ենք անում հասարակությանը հուզող հարցերին տալ սպառիչ պարզաբանումներ»,- նշված է հայտարարության մեջ: Հայտարարության տակ ստորագրել են` Արմեն Փարսադանյան՝ «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ, Խորեն Հարությունյան՝ «Ազատամարտ» կոմիտեի նախագահ, Արշավիր Խալափյան՝ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Սյունիքի մասնաճյուղի նախագահ, Աշոտ Ավագյան՝ «Կապանի Օրհուս բնապահպանական տեղեկատվական հասարակական կենտրոն»-ի համակարգող, Քրիստինա Սաղաթելյան՝ «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ նախագահ:
Օգոստոս 22, 2012 at 15:06
