Արմանիսի հանքավայրը մտադիր են ընդլայնել ևս 70 հեկտարով և այդ տարածքը շահագործել բաց եղանակով

Արմանիսի հանքավայրը մտադիր են ընդլայնել ևս 70 հեկտարով և այդ տարածքը շահագործել բաց եղանակով

ԷկոԼուր

«Սագամար» ՓԲԸ-ն մտադիր է ՀՀ Լոռու մարզի Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավարը ընդլայնել ևս 70 հեկտարով, և այդ տարածքը շահագործել բաց եղանակով: Այս մասին ԷկոԼուրին տեղեկացրեց Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը:

Իր այս մտադրության մասին ընկերությունը իրազեկեց փետրվարի 23-ին Արմանիսում անցկացված քննարկման ժամանակ, որին ներկա էին «Սագամար» ընկերության տնօրինությունը, Ստեփանավանի քաղաքապետարանի, բնապահպանության նախարարության ներկայացուցիչները, Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգողը: Վերջինիս խոսքով` բնակիչներից քննարկմանը գրեթե մարդ չկար:

Մանյա Մելիքջանյանը նաև նշեց, որ ընկերությունը չի ներկայացրել որևէ նախագիծ, այլ պարզապես բանավոր նշել է, որ հանքավայրի տարածքը կընդլայնվի 70 հեկտարով, որից 40 հեկտարը դեպի Արմանիս, 30 հեկտարը՝ դեպի Ուրասար: Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի վրա ազդեցությանը, ընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք պարտավորվում են առավելագույնս նվազագույնի հասցնել ազդեցությունը շրջակա միջավայրի վրա` կիրառելով վերջին ժամանակակից սարքավորումները:  

Արմանիսի հանքավայրը Հայաստանի ամենախոշոր ոսկի-բազմամետաղային հանքավայրերից մեկն է: Գտնվում է Ստեփանավան քաղաքից 7.5 կմ դեպի արևմուտք և Արմանիս գյուղից 1.5 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

«Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդ» ընկերության պաշտոնական կայքի համաձայն՝ Արմանիսի հանքավայրում ոսկու պարունակությունը 0․9 գրամ է տոննայում, իսկ արծաթի պարունակությունը՝ 10 գրամ տոննայում։

Լուսանկարը վերցված է www.globalmetals.am կայքից

Մարտ 02, 2015 at 16:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր