«Սագամար» ՓԲԸ՝ ինչպես է Ընկերությունը կատարել իր պարտավորությունները

«Սագամար» ՓԲԸ՝ ինչպես է Ընկերությունը կատարել իր պարտավորությունները

Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում ԷկոԼուրն ուսումնասիրել է «Սագամար» ՓԲԸ-ի վերաբերյալ  փաստաթղթերը և գործունեությունը: Ուսումնասիրության արդյունքում պատրաստվել է հաշվետվություն՝ հիմնված Արմանիսի հանքի ազդակիր Ստեփանավան համայնքի ղեկավարության, բնակիչների հետ ունեցած հարցազրույցների, «Սագամար» ՓԲԸ-ից ստացված պատասխանի, Ընկերության և պետության միջև կնքված ընդերքօգտագործման պայմանագրի, Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության կայքում հրապարակված Ընկերության և պետական մարմինների հաշվետվությունների վրա: Հաշվետվության եզրակացության մեջ նշված է.

«1. Ընդերքօգտագործման պայմանագիր կնքելիս՝ ազդակիր համայնքը չի ներգրավվել Ընկերության սոցիալական պատասխանատվության հարցերի քննարկման գործընթացին և չի արտահայտել իր դիրքորոշումը պայմանագրի կնքման ժամանակ։

2. Չնայած նրան, որ, ըստ 06.06.2013թ. ՊՎ-366 ընդերքօգտագործման պայմանագրի, Ընկերությունն ազդակիր Ստեփանավան համայնքի նկատմամբ ունի ստանձնած որոշակի սոցիալական պարտավորություններ, չի  կատարել իր պայմանագրային պարտավորությունները:

3. «Սագամար» ՓԲԸ-ն տարիներ շարունակ չի կատարել պետական բյուջեի  նկատմամբ ունեցած իր պարտավորությունները:

4. Շահագործման թույլտվություն ստանալուց հետո  Ընկերությունն արդյունահանման աշխատանքները մի քանի տարի դադարեցրել է՝ չապահովելով Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքով սահմանվող ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումը, խախտելով  Ընդերքի մասին օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջները:

5. Չի ապահովել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջների կատարումը:

6. Մի քանի տարի շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումներ չի կատարել՝ խախտելով Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 69-րդ հոդվածի և ընդերքօգտագործման պայմանագրի պահանջները։

7. Մի քանի տարի չի վճարել օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների համար նախատեսված վճարը՝  խախտելով Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի և  ընդերքօգտագործման պայմանագրի պահանջները։

8. Ընկերությունը վերջին տարիներին հանքը չշահագործելը հիմնավորել է ինչպես ընդերքշահագործման թույլտվության մեջ հանքավայրի հաստատված պաշարների ոչ հավաստի տվյալներով, այնպես էլ համաշխարհային շուկայում մինչև 2018 թ. մետաղների միջազգային գների անկմամբ: Առաջին փաստարկում, անշուշտ, իր դերն ունի օգտակար հանածոների  պաշարների հաստատման գործընթացում պետական լիազոր մարմնի կողմից իրականացվող ընթացակարգերի թերի լինելը, այնպես էլ ընդերքօգտագործման իրավունք հայցող ընկերության՝ տվյալ դեպքում «Սագամար» ՓԲԸ-ի կողմից նախնական փուլում պաշարների չվերագնահատման գործոնը: Ինչ վերաբերում է համաշխարհային շուկայում մետաղների գների անկման գործոնին, ապա Ընկերությունը պարտավոր էր հաշվի առնել նաև այդ ռիսկերը:   

9. Հանքի փակման և դրա համար իրականացվելիք ծախսերի հարցում կան լուրջ օրենսդրական և ինստիտուցիոնալ խնդիրներ։ Մասնավորապես, հանքի փակման վերջնական ծրագիրը՝ հանքի փաստացի փակումից երկու տարի առաջ ներկայացնելու օրենսդրական պահանջը խիստ անտրամաբանական է, քանի որ դրա համար անհրաժեշտ ֆինանսական հաշվարկները կարող են չհամապատասխանել հանքի փաստացի փակման ժամանակ անհրաժեշտ ֆինանսական պայմաններին։ Հանքի փաստացի փակման ժամանակ իրականացվող ֆինանսական հաշվարկները կարող են խիստ անհամարժեք լինել նախնական հաշվարկների հետ։ Ավելին, ընդերքօգտագործման պայմանագրերի ժամկետները հաճախ երկարացվում են (մասնավորապես, «Սագամար» ՓԲԸ-ի պայմանագիրը երկարացվել է մինչև 2049թ.), սակայն, պայմանագրի ժամկետները փոփոխելիս, հանքի փակման ֆինանսական վերահաշվարկ չի իրականացվում։

10. «Սագամար» ՓԲԸ-ի ներկայացրած հաշվետվությունների և պետական մարմինների ներկայացրած տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ հիմնականում տվյալները համընկնում են։ Որոշակի տարբերություններ կան համայնքային անշարժ գույքի վարձակալության հարցում»:

Հաշվետվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Սեպտեմբեր 04, 2020 at 17:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր