Արծվանիկ գյուղ՝ պոչամբար գյուղատնտեսական հողերի փոխարեն

Արծվանիկ գյուղ՝ պոչամբար գյուղատնտեսական հողերի փոխարեն

ԷկոԼուր

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) կողմից շահագործվող Հայաստանի ամենամեծ՝ Արծվանիկի պոչամբարն իր թափոնների տակ է թողել Կապան խոշորացված համայնքի Արծվանիկ գյուղի զգալի հողատարածքներ:

2018թ. հրապարակված «Արծվանիկի պոչամբարից դուրս եկող հոսքաջրերը և դրանց արտանետման կետի տեղափոխման անհրաժեշտությունը» գիտական հոդվածի համաձայն՝ 1977թ-ին շահագործման հանձնված Արծվանիկի պոչամբարի հայելին 2016 թվականին արդեն 288 հա էր: 2016թ-ի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխություն (ներառյալ՝ արդյունահանման ծավալների փոփոխություն, ընդերքի տեղամասի ընդլայնում, թույլտվության ժամկետի երկարաձգում) ՇՄԱԳ-ի համաձայն՝ Արծվանիկ պոչամբարի առավելագույն հզորությունը ծովի մակերևույթից 1010մ բարձրության
դեպքում կկազմի 398 մլն. մ3:

Արծվանիկ պոչամբարի հսկայական մասը Արծվանիկ գյուղի տարածքում է:

«Արոտավայր չունենք, չենք կարող նաև անասնապահությամբ զբաղվել.. Որ հող լիներ, կվարեինք, մեր եկամուտը կստանայինք, մերգարին, ցորենը կվերցնեինք: Գյուղում մնում ենք, միրգ, բանջարեղենը՝ գնում։ Մենք գյուղացի ենք, պիտի աշխատենք՝ մի կով պահենք, մի ոչխար, որ դրանով փող սարքենք... Գործ չունենք, որ ապրենք... »,- ԷկոԼուրի հետ զրույցում ասացին Արծվանիկի բնակիչները:

Մինչ համայնքային խոշորացումը ԷկոԼուրին տված հարցազրույցներից մեկում Արծվանիկի համայնքապետը նշել էր, որ առաջին անգամ Արծվանիկ գյուղից պոչամբարի համար հող վերցվել է 1973 թվականին՝ 240 հեկտար, այնուհետև 2006 թվականին՝ 102 հեկտար: 2015 թվականի մայիսի 21-ին 791 Ն որոշմամբ՝ 274.8378 հեկտար:

2015թ-ի մայիսի 21-ի ՀՀ կառավարության 791-Ն որոշմամբ Արծվանիկ պոչամբարի ընդլայնման համար բացառիկ գերակա հանրային շահ ճանաչվեց Սյունիքի մարզի Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի գյուղական համայնքների վարչական սահմաններում՝ ընդհանուր 491.8093 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ: Այդ 5 գյուղերից ամենից շատ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչվել է Արծվանիկ գյուղի` 274.8378 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ:

Այս գյուղերի, հատկապես Արծվանիկի բնակիչները դեմ էին իրենց հողերը ԶՊՄԿ-ի կարիքների համար տրամադրելուն: Հեղափոխությունից հետո՝ 2018թ-ի մայիսին Արծվանիկ, Չափնի և Սևաքար գյուղերի բնակիչները Արծվանիկ բնակավայրի տարածքում փակեցին Գորիս-Կապան միջպետական ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի շահագործումը: Այնուհետև բնակիչները մի քանի անգամ բոյկոտեցին արդեն խոշորացված Կապան համայնքի ավագանու նիստերը, որոնց օրակարգում ընդգրկված էր կառավարության 2015թ. մայիսի 21-ի 791-Ն որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված 5 համայնքներից 3-ի՝ Արծվանիկի, Սևաքարի և Չափնիի հողերի կատեգորիան փոխելու նպատակով այդ գյուղերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու հարցը:

Սակայն 2018թ-ի դեկտեմբերի 27-ին Կապանի ավագանին 12 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ, Սևաքար և Չափնի գյուղերի տարածքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող ծրագրին հավանություն տալու մասին» N 146-Ա որոշումը, որին հաջորդեցին Արծվանիկ գյուղի Նոր Ջուրթաղամասի հողակտորների, Աճանանի հողակտորների ՝ առանց մրցույթի կառուցապատման իրավունքով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը տրամադրելու մասին Կապանի ավագանու որոշումները:

Կապանի ավագանու N 146-Ա որոշման ընդունումից հետո՝ մեկ ամիս անց, 2019թ. փետրվարի 1-ին, «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի և Արծվանիկ, Սևաքար և Չափնի գյուղերի բնակիչների միջև կնքվեց համաձայնագիր, որ 2019թ-ի փետրվարի 1-ից մինչև 2020թ-ի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում որպես նվիրատվություն յուրաքանչյուր բնակիչ ամսական կստանա 40 000-ական դրամ ՝ նպատակ ունենալով մեղմել Արծվանիկ պոչամբարի շրջակա գյուղական բնակավայրերում փաստացի բնակվող շահառուների սոցիալական վիճակի վրա անբարենպաստ ազդեցությունը:

1 տարվա համար նախատեսվող աջակցության համար բնակիչների հետ կնքված Համաձայանգրի 1.2 կետում նշված է. «Շահառու(ներ)ն ընդունում են, որ սույն համաձայնագրով տրամադրվող գումարը բավարար երաշխիք է իրենց փաստացի բնակության վայրում գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու սահմանափակ հնարավորությունների պայմաններում ստեղծված սոցիալական անբարենպաստ կացությունը փոփոխելու և բարելավելու համար»:

Մինչդեռ բնակիչները նշեցին. «Պոչամբարի համար մեր հողերը վերցրել են, հատուցել չնչին գումարներ: Հող չկա, դաշտ չկա, ծառերի վրա միրգ չկա, 40 հազարն էլ ի՞նչ փող է սննդի համար: 40 հազարն ի՞նչ է դառնում, եթե ուսանող ունես, բանակում զինվորունես...Իրենց տված գումարը կարող է՝ մյուս գյուղերի համար նորմալ փող է թվում, բայց ոչ մեր գյուղի պայմաններում…Նախաձեռնող խումբ էինք ձևավորել, հանդիպում էր կայացել կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովի հետ։ Հանդիպման ընթացքում ասել ենք, որ պոչամբարը պետք է տեղափոխվի, մարդկանց տրամադրվի փոխհատուցում տնտեսական և առողջական վնասների համար: Մեզ ասաց, որ 7 տարվա ընթացքում հարցը կլուծեն, ռեկուլտիվացիա կանեն։ Մեր, պահանջը 70 հազար դրամ էր։

Սակայն համաձայնվեցին յուրաքանչյուր բնակչի տրամադրել 40 հազար դրամ, ինչպես նաև լրացուցիչ 10 հազար դրամ՝ սոցիալական ծրագրերի համար։ Գյուղացիների հետ խորհրդակցեցինք, համաձայնվեցին, քանի որ այդ պահին այլընտրանք չկար: Երկու տարի հետո ի՞նչ է լինելու մեր վիճակը, անհասկանալի է»։

Բացի գյուղատնտեսական նշանակության հողերի կորուստը արծվանիկցիները կորցրել են նաև իրենց անտառային հողերը պոչամբարի ընդլայնման համար: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ընդհանուր 2819 հա հող ունեցող գյուղի անտառային հողերը կազմել են 1112 հա, որից անտառածածկ` 898 հա: 2018թ-ին Սյունիքի ակտիվիստները Արծվանիկի պոչամբարի ընդլայնման համար հատվող անտառների լուսանկարներ հրապարակեցին:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խոստացավ ԶՊՄԿ-ում տեսչական ստուգումների արդյունքում անդրադառնալ անտառահատումների հարցին, սակայն, տեսչական մարմնի կողմից 2019թ-ի մարտին հրապարակված է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում անցկացված ստուգումների արդյունքներում անտառներին պատճառված վնասների մասին ընդհանրապես տվյալ չկա:

Արծվանիկի բնակիչների համար մեծ խնդիր է նաև փոշու առկայությունը։ Քամու դեպքում պոչամբարի փոշին ուղղվում է գյուղի վրա։ «Դե փոշի, տհաճ հոտ կա, մենք չենք զգում շատ ժամանակ այդ հոտը, փոշին։ Ոնց որ թե իմունիտետ ենք ձեռք բերել...Անձրևի կաթիլները մեզ մոտ դեղին գույն են։ Գյուղի տարածքում էլ ինչ վարում ենք, վրան ժանգ է նստում, փչացնում»,- ասացին բնակիչները:

Արծվանիկցիները, գիտակցելով, որ փոխհատուցումը ժամանակավոր է, իսկ պոչամբարի հարևանությամբ ապրելն իրենց առողջությանն արդեն իսկ հասցրել է բազմաթիվ վնասներ, պահանջում են կոմբինատից քայլեր ձեռնարկել պոչամբարը փակելու, օդըչաղտոտելու և իրենց չվնասելու ուղղությամբ։ «Առողջապահական անվճար բուժումներ, ստուգումներ անեն։ Հիվանդները շատ-շատ են, մեր գյուղում համարյա առողջ մարդ չկա: Փոխհատուցեն, աջակցեն, որ գյուղացիները կարողանան անվճար օգտվել այդ բոլոր ծառայություններից»,- ասացին բնակիչները:

Ներկայում գյուղի զարգացման հեռանկարներն անորոշ են։ Սակայն արծվանիկցիներն իրենց ապագան գյուղից հեռու չեն պատկերացնում: Կարծիք կա, որ տուրիզմի զարգացումը կարող է Արծվանիկը ոտքի կանգնեցնել։ «Պետք է կառավարության առջև հարց դրվի, որ կոմբինատի պատճառով էս մարդիկ միշտ զրկվել են ապրուստի միջոցից, հողերը մշակելուց: Այլընտրանք լինի, տուրիզմ զարգացնեն այս գյուղում գոնե այն ժամանակ, երբ պոչամբարը ռեկուլտիվացված կլինի: Մեզ վերև սարեր, վանքեր՝ Երիցվանք ունենք։ Տուրիզմով պետք է գյուղը գոյատևի, քանի որ հողային աշխատանքները վերջացան»,- ասացին բնակիչները։

Նշենք, որ ԶՊՄԿ-ն նոր պոչամբարի համար տարածք է որոնում: Այս մասին տեղեկացանք 2018թ-ի սեպտեմբերին ԶՊՄԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքերի ու բնականպաշարների նախարար Արթուր Գրիգորյանին ուղղված նամակից, որում մասնավորապես նշվում էր, որ ընկերությունը նախաձեռնել է նոր պոչամբարի կառուցման համար անհրաժեշտ տարածքների որոնման, տեխնիկական լուծումների մշակման և վերլուծության աշխատանքներ: Ընկերության հանձնարարությամբ հեղինակավոր SRK Consulting UK ընկերությունն իրականացրել է նախնական ուսումնասիրություններ և տրամադրել առաջարկություններ` պոչամբարի տեղակայման հնարավոր տարբերակի վերաբերյալ:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Օգոստոս 28, 2019 at 15:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր