«Մեղրաձորում ոչ ցիանիդին» քաղաքացիական նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսել Մեղրաձորում ցիանային ֆաբրիկայի կառուցման դեմ

«Մեղրաձորում ոչ ցիանիդին» քաղաքացիական նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսել Մեղրաձորում ցիանային ֆաբրիկայի կառուցման դեմ

ԷկոԼուր

Ստեղծվել է նոր քաղաքացիական նախաձեռնություն` «Մեղրաձորում ոչ ցիանիդին», որը ստորագրահավաք է սկսել Մեղրաձորում ցիանային ֆաբրիկայի կառուցման դեմ:  Տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հայաստանի առողջարանային Ծաղկաձոր-Մեղրաձոր-Հանքավան գոտու կենտրոնում մտադիր են ցիանային արտադրություն կառուցել: Մեր Մեղրաձոր գյուղին սպառնում է էկոլոգիական աղետի գոտի դառնալու վտանգը:

Արդեն մեկ ամիս է, ինչ «Մեղրաձոր Գոլդ» ընկերությունը ճնշում է գործադրում գյուղի բնակիչների նկատմամբ, ովքեր նախագծին դեմ են: Դեկտեմբերի 23-ին` գյուղի ընդհանուր ժողովում, ընկերությունը հենց հանքերից բերեց իր աշխատողներին, որպեսզի մեր ձայնը լսելի չլինի: Ժողովը վարեց ոչ թե գյուղապետը, այլ  «Մեղրաձոր Գոլդ» ընկերության տնօրեն Վարդան Մարգարյանը:

Մենք գիտենք այն վտանգների մասին, որոնք սպասվում են Մեղրաձորին, եթե այդ նախագիծն իրականացվի, թեպետ ընկերությունը եւ նախագծողը փորձում են մեզ խաբել` ասելով, որ ցիանային արտադրությունն անվտանգ է: Նատրիումի ցիանիդը, որը պետք է օգտագործվի արտադրության մեջ, մտնում է ամենավտանգավոր նյութերի ցուցակի մեջ, այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կենտրոնացված ճամբարներում օգտագործվել է մարդկանց զանգվածային թունավորման համար: Իսկ այժմ այն պատրաստվում են օգտագործել մեզ մոտ` Մեղրաձորում:

Արտադրության յուրաքանչյուր փուլը սպառնում է վտանգով` տեղափոխման, պահպանման, լուծույթների պատրաստման, ոսկու կորզման ընթացքում: Նատրիումի ցիանիդը բարձ տոքսիկ տարր է: Մարդու համար մահացու չափաբաժինը 0,1  գրամն է: ՍԹԿ-ն աշխատանքային գոտու օդում 0.3 մգ/մ3. է, իսկ մթնոլորտում` 0,01մգ/ մ3, ջրում` 0,1մգ/լ: Իսկ նախագծում ռիսկերի մասին ոչինչ չկա: Գրում են, որ դա փակ շրջանառու համակարգ է, թեպետ հայտնի է, որ բացարձակ փակ շրջանառու համակարգեր չեն լինում: Կա մարդկային գործոն, տեխնիկական գործոն եւ, վերջապես, վթարի գործոն: Եթե որեւէ գործոնն աշխատի, ապա նախագծային փակ շրջանառու համակարգը կվերածվի աղետի:

Աշխարհում մշտապես ցիանային աղետներ են լինում: Պատնեշների քանդվելու արդյունքում 2000թ-ին Ռումինիայում` Բաիա Մարեում, ցիանիդները հայտնվեցին Տիսա գետում, եւ այդ վթարը Եվրոպայում համարվեց երկրորդ ամենաահավորը Չեռնոբիլից հետո: 1998թ. Ղրղզստանում «Կուտմոր Օպերեյթինգ Քոմփընի» ձեռնարկություն  նատրիումի ցիանիդ փոխադրելու ընթացքում տեղի ունեցավ վթար, եւ մեքենան ցիանիդի կոնտեյներով կամուրջից ընկավ Բարսկոոն գետ: Կոնտեյները կորցրեց իր հերմետիկությունը, եւ արդյունքում գետը վարակվեց նատրիումի ցիանիդով: 2577 մարդկանց մոտ հայտնաբերեցին ցիանիդով թունավորման  ախտանշաններ: 4 հիվանդներ մահացան: Եթե ցիանիդի արտահոսք տեղի ունենա Մեղրաձորում, ապա այն ուղղակի կհայտնվի Մարմարիկ գետում:

Վտանգի կենթարկվեն Մարմարիկ գետին հարակից Մարմարիկ, Աղավնաձոր, Հրազդան բնակավայրերի շրջակա միջավայրը, Մարմարիկ եւ Հրազդան գետերի ջրերը: Իսկ նախագծում նույնիսկ հաշվարկ չի արված մեր տարածաշրջանի բարձր սեյսմիկության համար: Բացակայում է ռադիոակտիվ տարրերի առկայության մասին որևէ տվյալ այն դեպքում, երբ տվյալ ոսկու հանքավայրը, ըստ երկրաբանական ուսումնասիրությունների և քարտեզների, գտնվում է ուրան – թորիում ռադիոակտիվ հանքավայրային դաշտում: Ներկայացված չէ նաև արտակարգ վտանգավոր նատրիումի ցիանիդով եւ կապտաթթվով օդի, ջրի, հողի աղտոտումը:

Նախագծում գնահատվում է վնասը բանաձեւով, սակայն բանաձեւում ներառված չէ առողջարանային գոտու  համար նախատեսված գործակիցը, երբ վնասի գնահատականն աճում է տասնյակ անգամ:

Մեղրաձորի հանքն արդեն իսկ թունավորում է գյուղը: Ընկերությունը խոսում է միայն այն մասին, որ ոսկի է արդյունահանում:  Բայց ոչ մի տեղ չի ասվում այն մասին, որ հանքում բացի ոսկուց եւ արծաթից կա սնդիկ, կապար, մկնդեղ, բիսմուտ, այսինքն` ամենատոքսիկ տարրերը: Մենք ինտերնետում կարդում ենք հոդվածներ այն մասին, որ մկնդեղն առաջացնում է թոքերի քաղցկեղ, կապարը` երիկամների, որովայնի, աղիքների քաղցկեղ, վնասում է լյարդը, ատամները, առաջացնում է պտղի զարգացման արատներ: Սնդիկն առաջացնում է մտավոր հետամնացություն, կանանց եւ տղամարդկանց մոտ` չբերություն: Եվ այժմ ընկերությունը թունավորում է գյուղը` այդպիսի տոքսիկ մետաղներ պարունակող թափոնները լցնելով գյուղի տարածքում:

Եթե ֆաբրիկան կառուցվի, ապա թափոնների ծավալը կաճի, եւ առկա ռիսկերը Մեղրաձորի համար բազմիցս կավելանան: Սակայն նախագիծը Առողջապահության նախարարություն նույնիսկ չեն ուղարկել, թեպետ «Շրջակա միջավայրի վրա ազդցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` առողջության համար ազդեցության գնահատումը պարտադիր է:

Մի քանի տարի անց Մեղրաձորի հանքը կփակվի, ընկերությունը կհեռանա, իսկ Մեղրաձոր-Հանքավան առողջարանային գոտին կվերածվի մեռյալ գոտու, ինչն իր հետեւից կբերի զանգվածային արտագաղթ»:

Հունվար 22, 2013 at 12:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր