«Դադարեցնել Ամուլսարի շահագործումը, Կառավարությանը պատասխանատվության կանչել Թեղուտի հարցում»

«Դադարեցնել Ամուլսարի շահագործումը, Կառավարությանը պատասխանատվության կանչել Թեղուտի հարցում»

aravot.am, Լուիզա Սուքիասյան

«Էկոլուր» հ/կ-ն բնապահպանության ոլորտի խնդիրներն է առանձնացնում եւ բարձրաձայնում դրանց հրատապ լուծման մասին: Հիշեցնենք, որ բնապահպանության նոր  նախարար է նշանակվել:

Aravot.am-ի հետ զրույցում «Էկոլուր» տեղեկատվական հ/կ ղեկավար, բնապահպան Ինգա Զարաֆյանը նշեց, որ խոսքն առաջնահերթ հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներին է վերաբերում. «Այժմ հանքաերեւակումների երկրաբանական հետազոտության կատարման մի շարք հայտեր կան: Դրանք պետք է սառեցվեն: Մեծ հանքավայրերի դեպքում անգամ պետբյուջե ներմուծվող հարկերը փոքր տոկոս են կազմում, ինչպես ասում են՝ աղտոտողը պատշաճ չափով հարկ չի վճարում, իսկ փոքր հանքավայրերերի դեպքում էլ, վնասից բացի, այլ բան պետք չէ ակնկալել: Կտրուկ պետք է բարելավել օրենսդրական դաշտը, իսկ մինչ այդ՝ սառեցնել նշյալ հայտերը»: Ինգա Զարաֆյանի խոսքով՝ կառավարությունից պահանջում են նաեւ չեղարկել Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվությունը. «Իրական ռիսկեր կան, հանքավայրի շահագործման նոր փորձաքննություն ենք պահանջում իրականացնել, որպեսզի այդ ռիսկերն ի հայտ գան եւ ճիշտ գնահատվեն: Նախկին նախարար Արծվիկ Մինասյանի հետ վերջին քննարկմանը նա նշեց՝ օրենքը չի թույլատրում չեղարկել, դա հնարավոր կլինի նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում: Մենք կարծում ենք, որ այդ հանգամանքները՝ նոր ռիսկերն առկա են»: Ինչ վերաբերում է Թեղուտի հանքավայրին, բնապահպանի խոսքով՝ պահանջների մի ամբողջ շարք ունեն. «Հանքի շահագործումն ամբողջությամբ խախտումներով է իրագործվում՝ աղտոտելով օդը, ջուրը, անտառը…Պահանջում ենք, որ Թեղուտը շահագործող ընկերության հետ միասին պատասխանատվություն կրի նաեւ Կառավարությունը: Վերջինս, երբ գերակա շահ է ճանաչում, պետք է կիսի պատասխանատվությունը»: Մեր զրուցակիցը հավելեց, որ խնդիրներ կան նաեւ հիդրոէլեկտրակայանների հետ կապված. «Դրանք ուղղակի «կերան» մեր ջրային պաշարները»: Տիկին Զարաֆյանն ընդգծեց, որ բավականին թերի է ջրային ռեսուրսների կառավարումը. «Պահանջում ենք, որ կառավարությունը վերանայի այդ ոլորտում քաղաքականությունը: Պետք է պատասխանատվության կանչել նաեւ այն մարդկանց, որոնք ծայրահեղ վիճակի հասցրին Արարատյան դաշտը: Ստորգետնյա ջրերը կտրուկ նվազել են, քանի որ ձկնաբուծարանները խախտել են ջրային հավասարակշռությունը: Սա էկոլոգիական հանցագործություն է»:

Մայիս 17, 2018 at 13:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր