Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների բացահայտված իրական սեփականատերերը. մաս 1՝ ԶՊՄԿ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների բացահայտված իրական սեփականատերերը. մաս 1՝ ԶՊՄԿ

ԷկոԼուր

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում հրապարակվել են Հայաստանի մետաղական հանքավայրերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը: Դրանք տեղադրված են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգստրի գործակալության https://www.e-register.am/ կայքում:

Հայտարարագրեր է ներկայացրել մետաղական հանքաքար ադյունահանելու ընդերքօգտագործման իրավունք ունեցող 21 ընկերություն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ, «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ, «Սագամար» ՓԲԸ, «Լեռ-էքս» ՍՊԸ, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ, «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ, «ԳեոՊրո Մայնինգ Գոլդ» ՍՊԸ, «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ, «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ, «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ, «ԼԻՃՔՎԱԶ» ՓԲԸ, «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ, «Ասսաթ» ՍՊԸ, «Թեղուտ» ՓԲԸ, «Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ, «Թաթսթոուն» ՍՊԸ, «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ, «ԳԵՂԻ ԳՕԼԴ» ՍՊԸ, «ՂԱՐԱԳՈՒԼՅԱՆՆԵՐ» ՓԲԸ:

5 ընկերություն 2020 թ-ի մարտի 20-ի դրությամբ հայտարարագիր չի ներկայացրել. «ԲԱԿՏԵԿ ԷԿՈ» ՍՊԸ, «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ, «Մեգո Գոլդ» ՍՊԸ, «Վայք Գոլդ» ՍՊԸ, «ՄԱՐՋԱՆ ՄԱՅՆԻՆԳ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ: Վերջին 4-ի ընդերքօգտագործման թույլտվության իրավունքը դադարեցված է, սակայն բողոքարկվել է:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարի 2020 թ-ի փետրվարի 5-ի N 36 հրամանի՝ իրական սեփականատեր է համարվում այն անձը, ով առանձին կամ փոխկապակցված անձի հետ վերահսկում կամ տիրապետում է ընկերության կանոնադրական կապիտալի առնվազն 10 տոկոսը (քաղաքական ազդեցություն ունեցող անձի դեպքում անկախ չափից):

ԷկոԼուրն ուսումնասիրում է հանքարդյունաբերող ընկերությունների հայտարարագրերը: Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք Հայաստանի ամենամեծ՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸհայտարարագիրը

Հայաստանում ԱՃԹՆ գործընթացի ներդրման ժամանակահատվածում ԶՊՄԿ-ի բաժնետերերը փոխվեցին

ԶՊՄԿ-ն գրանցվել է 1994 թ-ի հուլիսի 26-ին: Ըստ հայտարարագրի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն իր կողմից թողարկված բաժնետոմսերի 62.5 տոկոսի սեփականատերն է։ Եվ այս գերակշիռ մասի վերաբերյալ անուններ նշված չեն:

Որպես իրական սեփականատեր հայտարարագրում նշված է 8 անձի անուն: Նրանցից 5-ը միասին տիրապետում են ընկերության մնացած 37.5 տոկոս բաժնեմասը:

1-ին սեփականատերը Գերմանիայի քաղաքացի Թոմաս Պետեր Հայլն է, ով դարձել է ընկերության 12.5 տոկոսի բաժնետեր միայն 2020 թ-ի մարտի 27-ից:

2-րդը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Միխայիլ Զուրաբովն է, ով դարձել է ընկերության 12.5 տոկոսի սեփականատեր 2020 թ-ի փետրվարի 3-ին։

3-րդ սեփականատերը կրկին ՌԴ-ի քաղաքացի, ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն է: Նա ընկերության 7.5 տոկոսի բաժնետեր է դարձել 2018 թ-ի հունիսի 20-ին։

4-րդ սեփականատեր նշված է ՀՀ քաղաքացի Նարեկ Ամբարյանը՝ 2.5 տոկոս բաժնեմասով, որը նա ձեռք է բերել նույն օրը, ինչ Մհեր Պոլոսկովը՝ 2018 թ-ի հունիսի 20-ին:

5-րդ սեփականատերը ՀՀ քաղաքացի Կարեն Հակոբյանն է, կրկին 2.5 տոկոս բաժնեմասով, որը նա ևս ձեռք է բերել 2018 թ-ի հունիսի 20-ին:

Հայտարարագրում որպես 6-րդ սեփականատեր նշված է ՀՀ քաղաքացի Վահե Հակոբյանը, 7-րդ և 8-րդ սեփականատերեր՝ Գերմանիայի քաղաքացիներ Պարագ Յոհաննես Բհատը և Մորից Ջիոնաթան Հիերոնիմուս Հիլլը: Այս սեփականատերերի բաժնեմասերի վերաբերյալ տվյալներ չկան, նշված է, որ նրանք հանդիսանում են ընկերության խորհրդի անդամներ:

Իրական սեփականատերերի միջանկյալ ընկերությունները

1-ին սեփականատեր Թոմաս Հայլի համար որպես միջանկյալ ընկերություն գործում է Գերմանիայում գտնվող «Սի 2 Քափիթալ» ՍՊԸ-ն-ը։
Մհեր Պոլոսկովի, Նարեկ Ամբարյանի ու Կարեն Հակոբյանի դեպքում որպես միջանկյալ ընկերություններ գործում են Հայաստանում գործող «ԱՄՓ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ն և «ՍԹԱՐ ԴԱՍԹ» ՓԲԸ-ն:

Իսկ Միխայիլ Զուրաբովի դեպքում որպես միջանկյալ ընկերություն գործում են Հայաստանում գտնվող «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն, «ՄՈՒՆ ՄԵԹԱԼՍ» ՓԲԸ-ն և Կիպրոսում գտնվող «ՎՈԼՆԸՐԹ ՖԱՅՆԵՆՍ ԼԻՄԻԹԵԴ»-ը:

Նշենք, որ 2019 թ-ի նոյեմբերի 21-ին Հայաստանի ֆոնդային բորսան իր կայքում հայտնեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 50 միլիոն դոլար և 2․5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել բորսայի Abond հարթակում։

Ըստ բորսայի տեղեկատվության, դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 7.5%։ Պարտատոմսերը թողարկվել են 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, վճարման եռամսյակային պարբերականությամբ և 36 ամիս մարման ժամկետով։

Դրամային պարտատոմսերը թողարկվել են 11% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 100 000 դրամ անվանական արժեքով։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ արժեկտրոնային վճարումները տեղի են ունենալու կիսամյակային պարբերականությամբ։

Ինչպես անհայտացավ ԶՊՄԿ-ի գլխավոր բաժնետեր «ՔՐՈՆԻՄԵՏ»-ը

Ս.թ. ապրիլի 9-ին ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի՝ «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանին ուղարկված գրությունից հայտնի դարձավ, որ ԶՊՄԿ-ի բաժնետերերի կառուցվածքում տեղի են ունեցել փոփոխություններ: Հենց այստեղ էլ ԶՊՄԿ-ի բաժնետերերի ցանկից դուրս եկավ գերմանական «ՔՐՈՆԻՄԵՏ»-ը՝ իր 60 տոկոսը կազմող բաժնետոմսերով:

Այսպես, համաձայն Պոլոսկովի գրության, ԶՊՄԿ-ի բաժնետերերի կառուցվածքում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները.

1. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ՍՊԸ-ի միջև կնքվել է բաժնետոմսերի առուվաճառքի և փոխանցման պայմանագիր, որով «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող ԶՊՄԿ թվով 1 649 003 հատ, 32 980 060 000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով և ԶՊՄԿ-ի կանոնադրական կապիտալի շուրջ 60 տոկոսը կազմող բաժնետոմսերը ձեռք են բերվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից:

2. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և «Մաքուր Երկաթի Գործարան» ԲԲԸ-ի միջև կնքվել է բաժնետոմսերի առուվաճառքի և փոխանցման պայմանագիր, որով «Մաքուր Երկաթի Գործարան» ԲԲԸ-ին պատկանող ԶՊՄԿ թվով 412 250 հատ, 8 245 000 000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով և ԶՊՄԿ-ի կանոնադրական կապիտալի շուրջ 15 տոկոսը կազմող բաժնետոմսերը ձեռք են բերվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից:

3. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և գերմանական «Սի 2 Քափիթալ» ՍՊԸ-ի միջև կնքվել է բաժնետոմսերի առուվաճառքի և փոխանցման պայմանագիր, որով ԶՊՄԿ թվով 343 539 հատ 6 870 780 000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով և ԶՊՄԿ-ի կանոնադրական կապիտալի 12.5 տոկոսը կազմող բաժնետոմսերը օտարվել են «Սի 2 Քափիթալ» ընկերությանը:

Վերը նշված գործարքների արդյունքում, կենտրոնական դեպոզիտարիայում համապատասխան գրանցումների կատարումից հետո.

1) ԶՊՄԿ կանոնադրական կապիտալում «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ՍՊԸ-ի մասնակցությունը դադարում է

2) ԶՊՄԿ կանոնադրական կապիտալում «Մաքուր Երկաթի Գործարան» ԲԲԸ-ի մասնակցությունը դադարում է

3) «Սի 2 Քափիթալ» ՍՊԸ-ն դառնում է ԶՊՄԿ թվով 343 539 հատ 6 870 780 000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով և ԶՊՄԿ-ի կանոնադրական կապիտալի շուրջ 12.5 տոկոսը կազմող բաժնետոմսերի սեփականատեր

4) «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող ԶՊՄԿ բաժնետոմսերի քանակը կազմում է 717 714 հատ 34 354 280 000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով բաժնետոմսեր, որոնց կշիռը ԶՊՄԿ կանոնադրական կապիտալում կազմում է շուրջ 62.5 տոկոս:

18:54 Մայիս 07, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news