Փոքր ՀԷԿ-երն ազդեցություն են ունենում անտառների վրա

Փոքր ՀԷԿ-երն ազդեցություն են ունենում անտառների վրա

ԷկոԼուր

Փոքր ՀԷԿ-երն անուղղակի ազդեցություն են ունենում անտառների վրա: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Անուշ Ներսեսյանը: «Առանց այդ է անտառները ճնշման տակ են հատումների պատճառով: Իսկ այն փոքր ՀԷԿ-երը,որոնք կառուցվում են անտառի միջով կամ կողքով հոսող գետերի վրա, մեծացնում են անտառի չորանալու վտանգը»,- ասաց Անուշ Ներսեսյանը`  օրինակ բերելով Լոռու մարզում հոսող  Մարց գետը: «Մոտ երեք տարի առաջ անցնում էինք Մարց գետի մոտով: Հաշվեցինք, որ Մարց գյուղից ներքեւ գետը 6 կիլոմետր տարածքում վերցված է փոքր ՀԷԿ-ի խողովակի մեջ: Օգոստոս ամիսն էր, այդ տարածքում գետում ջուր չկար, միայն թաց քարեր էին, ափերը չէին սնուցվում ջրով: Դա ազդում է կենսաբազմազանության վրա: Ափից մի փոքր հետո անտառն է, որը չի ունենա ջուր եւ անտառի էկոհամակարգը վտանգի առաջ կկանգնի»,- ասաց Անուշ Ներսեսյանը: Նշենք, որ սույն թվականի հոկտեմբերի սկզբին Մարց գյուղ կատարած այցի ժամանակ բնակիչներն ահազանգեցին, որ Մարց գյուղի խմելու ջրի աղբյուրները չորացել են, եւ գյուղը խմելու ջուր չունի: Բնակիչները աղբյուրների չորանալը կապում են անտառահատումների հետ:

Անուշ Ներսեսյանի խոսքերով` Մարց գյուղի մոտակայքում ջրվեժ կար, որտեղ մարդիկ հանգստանում էին, սակայն փոքր ՀԷԿ-ի կառուցումից հետո, որն օգտագործեց ջրվեժի անկումը, ջրվեժը չորացավ: ՓՀԷԿ-ի պատճառով կտրվել է նաեւ Դեբեդ գետի հետ Մարց գետի կապը, ինչի պատճառով տուժել է գետի կենդանական աշխարհը:

«Մեր երկիրը չոր երկիր է եւ ամեն մի կաթիլ ջուրը գանձ է մեր երկրի համար: Իմ կարծիքով` պետք է շահագործվեն միայն այն փոքր ՀԷԿ-երը, որոնք շահավետ են եւ մեր շրջակա միջավայրին քիչ վնաս են պատճառում: Մեր երկրի կենսաբազմազանությունը խիստ խոցելի է, եւ այսպիսի միջամտությունները շղթայաձեւ ազդեցություն կունենան»,- ասաց Անուշ Ներսեսյանը:

Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ Մարց գետի վրա կառուցված է «Մարցիգետ ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը, որը շահագործում է «ԱՐԳԻՇՏԻ-1» ՍՊԸ-ն:  Կառուցվում է «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ը, որը շահագործելու է «Մարց Էներջի» ՍՊԸ-ն: Երկու ՓՀԷԿ-երը Մարց գետը խողովակի մեջ են վերցրել 10530 մետր երկարությամբ տարածքում, ինչը կազմում է գետի 36.31%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` Մարց գետը ճգնաժամային վիճակում է:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Նոյեմբեր 11, 2014 at 16:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր