

ԷկոԼուր
Լոռու մարզի Մարց գյուղի խմելու ջրի աղբյուրները չորացել են: Էկոլուրի հետ զրույցում տեղի բնակիչներն ասացին, որ խմելու ջրի խնդիրն առաջացել է դեռ 7 տարի առաջ: «Օրվա մեջ 4 ժամ, 5 ժամ այդ ջուրը գալիս էր, մենք գիտեինք, որ խմելու ջուր ունենք: Ամբողջ գյուղը ներքին ցանց ունի, բոլորիս տանը հոսող ջուր է եղել, ուղղակի ժամով: Բայց հետո տարեց տարի ջուր տալու ժամերը պակասեցին: 2 տարի առաջ արդեն ջրի լուրջ խնդրի առաջ կանգնեցինք»,- ասաց Մարցի բնակիչներից մեկը:
Այժմ գյուղի տներում ծորակներից խմելու ջուր ընդհանրապես չի հոսում: Բնակիչների կարծիքով` բնական աղբյուրների չորացման պատճառը անտառահատումներն են: «Հավանաբար դա է: ..Թե ակունքների վրի ծառերն են հատել, թե ինչ են արել, չգիտենք, բայց գիտենք, թե որ տարածքներից են եկել այդ ջրերը»,- ասացին բնակիչները:
Հիմա գյուղն օգտվում է սարերից հոսող մի աղբյուրի կեղտոտ ջրից: «Դա հոսող առու է, որը սարից է գալիս, իսկ այդ սարում բնակիչներ կան, անասուն էլ է լողանում, սատկած անասուն էլ կա նրա մեջ: Այդ ջուրը մտնում է մեր գյուղի բասեին, ու այդ ջուրը մեր ծորակներից գալիս է: Այդ ջուրը երբեմն այն գույն է լինում, որ հատակն էլ ես չեմ լվանում նրանով, ցեխ է գալիս, ցեխ»,- ասաց Մարցի բնակչուհին:
Խմելու ջրի համար Մարցի բնակիչները ստիպված ջուր են բերում Ալավերդիից, ոմանք էլ իրենց հարեւանի բակից են ջուր կրում, ով ներդրումներ է կատարել եւ սարից խմելու ջուր է բերել իր բակ:
Նշենք, որ Մարց գյուղը շրջապատող անտառն ունի արժեքավոր ծառատեսակներ, որոնք ամեն տարի զանգվածաբար հատվում են:
Հոկտեմբեր 07, 2014 at 16:39
