«Թեժ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Թեժ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Թեժ» փոքր ՀԷԿ: «Թեժ» ՓՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի  վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Թեժ գետի վրա (գետի երկարությունը՝ 12կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Թեժ-Վոթերֆոլ» ՍՊԸ -ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2006թ-ին:
  • Ըստ նախագծի՝ ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 299.5մէ, հաշվարկային ճնշումը` 265.9մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը՝ 1.0մ3/վ, դրվածքային հզորությունը  2064կՎտ է: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի 2015թ. հունվարի 1-ի տեղեկանքի՝  5.051665 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը 6.34 մլն. կՎտ.ժամ: Լիցենզիայի ժամկետը` 30.03.2007- 30.03.2022թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը՝ 10.10.2011-10.10.2014թթ.:
  • Ջրօգտագործման թույլտվության մեջ նշված ՓՀԷԿ-ի ջրառի եւ ջրբացթողման կոորդինատների և իրական կոորդինատների միջեւ կան էական անհամապատասխանություններ:
  • Կառուցված գլխամասային հանգույցը չի համապատասխանում նախագծային լուծումներին: Համաձայն նախագծային լուծումների` պատվարային ջրընդունիչը իրենից պետք է ներկայացներ 5.0մ բարձրությամբ կառուցվածք` տղմազտարանով, ջրընդունիչով և ձախակողմյան մասում աստիճանաձև ձկնանցարանով, որի միջոցով բաց էր թողնվելու նաև բնապահպանական ելքը: Իրականում պատվար և ձկնանցարան չկա, գետի հունը բաց է, որտեղով ձկներն առանց խոչընդոտի կարող են տեղաշարժվել։ Ջրառը կատարվում է գետից սկիզբ առնող առվակի միջոցով, որը միանում է տղմազտարանին։
  • Բնապահպանական թողքը Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված է 0.02խմ/վ: Դիտարկման պահին Թեժ գետից անկազմակերպ ձևով իրականացվում էր ՓՀԷԿ-ի ջրառը և մնացած ջուրը հոսում էր բաց հունով: «Թեժ» ՓՀԷԿ-ը, ՋԹ-ի համաձայն, կարող է տարվա 12 ամիսների ընթացքում գետից վերցնել 10910.0 հազար խմ ջուր:
  • Թեժ գետով վարարումների ժամանակ սելավներ են անցնում և հունը լցնում գլաքարերով ու ցեխաջրերով։ Սակավաջուր ամիսներին գետը գրեթե չորանում է, ինչի մասին վկայում է 20լ/վ սահմանված բնապահպանական թողքը։
  • Ջրընդունիչի մոտ գետի հունի պահպանության համար առկա է ափապաշտպան գաբիոնե շարվածք:
  • Խողովակաշարի մուտքամասում ձկնապաշտպան կառույց բացակայում է, ինչի պատճառով ձկներն ուղղակի կարող են մտնել ՓՀԷԿ-ի ճնշումային խողովակաշար: Նախագծով նախատեսված է ձկնապաշտպան ցանց:
  • Թեժ գետի այն հատվածում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը, կարող են հանդիպել կարմրախայտը,  Կուրի բեղաձուկը, արևելյան տառեխիկը,  կողակը:
  • 720 մմ տրամագծով 2733 մ երկարությամբ ճնշումային խաղովակաշարի անցկացման տեխնիկական լուծումները համապատասխանում են նախագծին: Այն ամբողջովին փակ է, բացառությամբ գետի հետ հատվելու հատվածի: Տարածքներն ամբողջովին ռեկուլտիվացված են:
  • Թեժ գետի վրա կառուցված «Թեժ» ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության (ըստ նախագծի՝ 2733 մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության (12կմ) հետ կազմում է 22.775%:
  • Կայանային հանգույցի տարածքը բարեկարգված է, իրականացվել են բավարար կանաչապատման աշխատանքներ: Դեկորատիվ ծառերի շարքով եզրավորվել է կայանային հանգույցի տարածքը: Գետի մյուս ափով ձգվում են անտառային տարածքները, և կայանային հանգույցի կանաչապատ տարածքը չի առանձնանում բնական լանդշաֆտից: 
  • ՓՀԷԿ-ի շենքն աչքի է ընկնում գեղեցիկ կառուցապատմամբ, սակայն չափերով մեծ է, քանի որ այն կառուցվել է երեք ագրեգատների համար, ինչը նախատեսված է եղել  նախագծով: Իրականում տեղադրված են  տեղական «Խորդա» ՍՊԸ-ի կողմից արտադրված չորս ագրեգատներ: Աշխատակցի խոսքով` ՓՀԷԿ-ը երկու ագրեգատներով աշխատում է ընդամենը մեկ ամիս /մայիսին/: Նույնիսկ 2015թ-ին, որը համարվում է ջրառատ տարի, երկու ագրեգատների աշխատանքի դեպքում, ՓՀԷԿ-ի 1.0խմ/վրկ հաշվարկային ելքի օգտագործման դեպքում առավելագույնը ապահովվել է 1860 կՎտ դրվածքային հզորություն՝ 2064կՎտ  նախագծային  հզորության փոխարեն: Աշխատակցի խոսքերով` միայն առաջին տարին են կարողացել ամբողջ հզորությամբ աշխատել, այնուհետև ճնշումն ընկել է և առ այսօր չեն կարողացել վերականգնել։
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով՝ 2014թ-ին «Թեժ» ՓՀԷԿ-ն աշխատել է 12 ամիսների ընթացքում՝ արտադրելով 3355359 կՎտ էլեկտրաէներգիա:
  • ՓՀԷԿ-ի  տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է: Այնտեղ տեղադրված է երկու տրանսֆորմատոր, որոնք կահավորված չեն յուղահավաք համակարգով: Նախագծով յուղահավաք համակարգ նախատեսված է եղել:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար, նախագծային լուծումների  համաձայ,ն կառուցվել է զուգարան /անջրթափանց հորով/:
  • Լանդշաֆտային խախտումներն աննշան են:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ  ջրառում չկա:
  • Կայանային հանգույցում գործում է կիսաավտոմատ կառավարման համակարգ:
  • Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգը բացակայում է:

Եզրակացություն

ՓՀԷԿ-ի ցածր արտադրողակնությունը հիմնականում պայմանավորված է ագրեգատների ցածր տեխնիկական արդյունավետությամբ և ոչ ճիշտ  ջրատնտեսական հաշվարկներով:

Առաջարկություններ` 

  • Իրականացնել բնապահպանական թողքի հսկողություն:
  • Ագրեգատները փոխարինել բարձր տեխնիկական արդյունավետությամբ ագրեգատներով:
  • Ջրառում տեղադրել համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ և ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ:
  • Տրանսֆորմատորային ենթակայանում տեղադրել յուղորսիչներ։
  • Տեղադրել ձկնապաշտպան կառույց:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Սեպտեմբեր 08, 2015 at 13:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր