Հայաստանում էլեկտրաէներգիայի 9 տոկոսն արտադրվում է արևային կայանների միջոցով

Հայաստանում էլեկտրաէներգիայի 9 տոկոսն արտադրվում է արևային կայանների միջոցով

www.1lurer.am

Հայաստանի էներգետիկ ռազմավարությամբ մինչև 2030 թվականը էլեկտրաէներգիայի 15 տոկոսը պետք է արտադրեն արևային կայանները: Սահմանված նշաձողին մոտ ենք՝ ասում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետը: Արդեն իսկ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 9 տոկոսն արտադրվում է արևային կայանների միջոցով:

Տիգրան Մելքոնյան (ՀՀ ՏԿԵՆ էներգետիկայի վարչության պետ) - Ներկայումս իրականացվում են երկու արդյունաբերական մասշտաբի կայանների կառուցման ծրագրեր. դրանցից մեկը «Մասրիկ-1» 55 մեգավատտ արևային կայանի կառուցումն է: Հուսով ենք՝ մյուս տարի շահագործման կհանձնենք, և երկրորդ կայանը «Այգ-1» 200 մեգավատտ հզորությամբ արևային կայանի կառուցումն է, որը նույնպես կավարտվի 2024 թվականին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հիմա նախապատրաստում է նոր՝ 120 մեգավատտ հզորությամբ արևային կայանների մրցութային փաթեթը: Կայանների կառուցման գործընթացն ակտիվացավ հատկապես վերջին տարիներին, երբ ոլորտում ներդրումներ անելու իրավական դաշտը բարեփոխվեց:

Տիգրան Մելքոնյան - Տրված լիցենզիաների արդյունքում ներկայումս Հայաստանում գործում են 36 արևային կայաններ մինչև 5 մեգավատտ հզորությամբ, որոնք ունեն շուրջ 100 մեգավատտ հզորություն, և ևս 27-ը կառուցման փուլում են՝ 100-120 մեգավատտ գումարային հզորությամբ:

Խոշոր արևային կայանների ծրագրերով Հայաստանում կատարվող ներդրումներն արդեն իսկ 400 միլիոն դոլարի են հասնում: Մեր երկրի գրեթե բոլոր մարզերի կլիմայական պայմանները թույլ են տալիս հաջողությամբ գործարկել արևային կայաններ: Ներդրողներն առայժմ հետաքրքրված են Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի տեղադիրքերով: Արևային կայանների համար օգտագործելի են դառնում ոչ գյուղատնտեսական հողերը: Բացի էլեկտրաէներգիա ստանալուց, կայանների ներդրումը Հայաստանում նաև նոր արտադրություններ հիմնելու առիթ դարձավ:

Տիգրան Մելքոնյան - Կառավարության խթանող քաղաքականությունը օգնեց նաև զարգացնելու արևային պանելների արտադրությունը և մուլտիպլիկատիվ էֆեկտ ստացավ:

Հայաստանում արևային կայանների ոլորտը կայացած է՝ ասում է էներգետիկայի վարչության պետը: Հիմա մտածում են Գեղարքունիքում, մասնավորապես, Սևանի ավազանում, հողմային էներգետիկայի ծրագրերի ուղղությամբ:



Նոյեմբեր 22, 2022 at 15:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր