Առաջարկություններ ՀՀ կառավարությանը՝ էներգետիկայի ոլորտի կայուն և թափանցիկ զարգացման վերաբերյալ

Առաջարկություններ ՀՀ կառավարությանը՝ էներգետիկայի ոլորտի կայուն և թափանցիկ զարգացման վերաբերյալ

ԷկոԼուր

«ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» կոալիցիան ՀՀ կառավարություն է ուղարկել առաջարկությունների փաթեթ՝ Հայաստանում էներգետիկայի ոլորտի զարգացման վերաբերյալ: Կոալիցիան ակնկալում է, որ ներկայացված առաջարկությունները կներառվեն ՀՀ կառավարության ծրագրի մեջ:
Նամակում նշված է.

«Նկատի առնելով, որ ՀՀ նոր իշխանությունների հայտարարած կառավարման ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում մեծապես կարևորվում և խրախուսվում են որոշումների կայացման գործընթացում հասարակական լայն քննարկումները, քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունները, տվյալ ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների, մասնագետների, փորձագետների հնարավորինս լայն ներգրավումը` առավել արդյունավետ, որակյալ և պրակտիկ որոշումներ կայացնելու նպատակով, մենք` «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» կոալիցիայի անդամ ավելի քան երկու տասնյակ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս հայտնում ենք Կառավարության հետ համագործակցության և կառուցողական երկխոսության մեր պատրաստակամությունը` նոր ձևավորված Կառավարության ծրագրի մշակման այս փուլում մեր մասնագիտական գիտելիքներով ու փորձով Կառավարությանն օգտակար լինելու հարցում:

Մենք համոզված ենք, և դա ամրագրված է նաև մեր կոալիցիայի հռչակագրում, որ կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման գործում լուրջ արդյունքների կարելի է հասնել միայն հասարակության գործուն ներգրավմամբ, ՔՀԿ-ների և կառավարության իրական գործընկերության ձևավորմամբ ու զարգացմամբ:

Հուսով ենք, որ գործադիր իշխանության առաջիկա տարիների գործունեության ռազմավարական ուղղություններն ու տնտեսական զարգացման առաջնահերթություններն ամրագրող կարևորագույն այդ փաստաթղթի մշակման ներկայիս փուլում «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» կոալիցիայի կողմից ներկայացվող` էներգետիկայի ոլորտի և հատկապես էներգախնայողության ու վերականգնվող էներգետիկայի զարգացման, պետական մակարդակով խթանման ուղղությամբ առաջարկությունները ուշադրության կարժանանան Կառավարության կողմից և կներառվեն նրա ծրագրում, ինչպես նաև դրանից բխող միջոցառումներում:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կոալիցիայի նախաձեռնությամբ Կառավարության գործունեության ծրագրում ներառելու նպատակով ստորև ներկայացվում են մի շարք դրույթներ։ Դրանք ավելի ծավալուն առաջարկությունների տեսքով և հիմնավոր կարող են ներկայացվել ծրագրի նախագծի շուրջ մասնագիտական քննարկումների ժամանակ, որին սիրով պատարաստ ենք մասնակցելու:

ՀՀ կառավարության գործունեության ծրագրի էներգետիկ ոլորտի հիմնադրույթներ
Ա) ՀՀ կառավարությունը մտադիր է շարունակել կայուն էներգետիկայի զարգացման քաղաքականությունը՝ դարձնելով այն ավելի գործուն և հավակնոտ՝ ելնելով ինչպես կլիմայի փոփոխության գլոբալ գործընթացներում Հայաստանի ստանձնած պարտավորություններից, այնպես էլ առաջնորդվելով տնտեսության ցածր էներգատարության, արդյունավետության, մրցունակության և երկրի էներգետիկ անվտանգության հիմնահարցերով։

Բ) Կներդրվի էներգետիկ կառավարման այնպիսի համակարգ, որը կապահովելի հանրային և մասնավոր հատվածի կազմակերպությունների կողմից սեփական էներգասպառման վերահսկումն ու արդյունավետության բարձրացումը։ Հանրային հատվածում կապահովվի ապրանքների և ծառայությունների ձեռքբերման էներգաարդյունավետ գնումների կազմակերպումը և դրանց արդյունքում խնայողությունների հաշվառումը։ Ճկուն ֆինանսական գործիքակազմի և գործընթացների կիրառմամբ հնարավոր կդարձվի մասնավոր հատվածի կողմից էներգաարդյունավետության ծառայությունների մատուցումը հանրային հատվածին, դրանով նպաստելով թե՛ ներդրումների ավելացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, թե՛ էներգաարդյունավետության բարձրացման միջոցով հանրային ծառայությունների որակի բարելավմանը։

Գ) Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման նպատակով, այդ շենքերում ներդրումների խրախուսման և իրականացման գործընթացը ապահովվելու համար կնախաձեռնվեն անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ։

Դ) Սոցիալապես խոցելի բնակչության համար մաքուր և ապահով էներգակիրների հասանելիության ապահովվան նպատակով կփորձարկվի կապիտալ ներդրումների տեսքով սուբսիդավորման համակարգ, մասնավորապես` բնակարանների ջերմամեկուսացման, արևային համակարգերի տեղակայման և այլ արդյունավետ միջոցներով, ինչը հնարավորություն կտա կրճատել էներգետիկ ծախսերը։

Ե) Էլեկտրաէներգետիկայի ոլորտի ազատականացմանը համահունչ կձեռնարկվեն միջոցառումներ համայնքների սեփական կարիքները բավարարելու նպատակով արևային էլեկտրաէներգիայի մինի-ցանցերի ներդրման ուղղությամբ՝ ընդլայնելով մասնավոր-համայնք համագործակցության հնարավորությունները։

Զ) Էներգետիկայի ոլորտում նոր հզորությունների և ենթակառուցվածքների կառուցման ծրագրերը կիրականացվեն բացառապես մրցութային եղանակով ներդրողների ներգրավմամբ՝ հաշվի առնելով բնապահպանական, սոցիալական հիմնախնդիրները և ապահովելով տնտեսական մրցունակության, մատակարարման հուսալիության և դիվերսիֆիկացիայի սկզբունքները։

է) Նկատի ունենալով էներգետիկ ոլորտում տեխնոլոգիաների զարգացումը, դրանց գների կտրուկ փոփոխությունները, տեղական արտադրության խթանման կարիքները, ինչպես նաև ՀՀ կառավարության նոր տեսլականն ու գերակայությունները, կվերանայվեն ոլորտի երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը՝ սահմանելով թիրախներ էներգախնայողության, վերականգնվող էներգիայի, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ցուցանիշների համար։ Կներդրվի ռազմավարական ծրագրերի շուրջ ՔՀԿ-ների հետ քննարկման հարթակ, ինչպես նաև ընդունված ծրագրերի իրականացման մշտադիտարկման և գնահատման համակարգ։

Ը) Կառավարությունը կհամագործակցի միջազգային կառույցների հետ հանրային շենքերում, բնակֆոնդում, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի ոլորտներում և ենթակառուցվածքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի օգտագործման խթանման մեխանիզմների գործարկման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակման հզորությունների ստեղծման ուղղությամբ։ Այդ նպատակով կնախաձեռնվեն բարձր մակարդակի ֆորումներ՝ Հայաստան հրավիրելով հեղինակավոր միջազգային կառույցների ղեկավարների։

Թ) Էներգետիկ ոլորտում տարածաշրջանային ինտեգրացիան զարգացնելու և խորացնելու նպատակով ՀՀ կառավարությունը կհամագործակցի և անդամության հայտ կներկայացնի Էներգետիկ համայնքին միանալու նպատակով, ինչը հնարավորություն կտա անդրսահմանային ներդրումներ իրականացնել ենթակառուցվածքներում և հեշտացնել Եվրոպական միության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով սահմանված օրենսդրական բարեփոխումների իրականացումը էներգետիկ ոլորտում։

Աստղինե Պասոյան, «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» կառավարման խորհրդի նախագահ, Էներգախնայողության աջակցման հիմնադրամի գործադիր տնօրեն

Անուշ Պետրոսյան, «Աջակցություն բարեփոխումներին» ՀԿ տնօրեն

Նունե Սաքանյան, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ նախագահ,

Մելսիդա Կիկոյան, «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ նախագահ

Գագիկ Մակարյան, «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ

Ռաֆայել Մխիթարյան, «Երրորդ բնություն» ՀԿ տնօրեն

Գևորգ Պետրոսյան, «Բիոսոֆիա առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ

Երզնկանյան Կարեն, «Համայնքային զարգացման նորարարական կենտրոն» (SmartCity) ՀԿ նախագահ

Լիանա Ներսիսյան, «Հանուն մարդկային և կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ փոխտնօրեն

Հասմիկ Բարսեղյան, «Կայուն էներգիայի զարգացման» հիմնադրամի տնօրեն

Մելսիդա Կիկոյան, Արթիկի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն

Լուիզա Վարդանյան, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա (ՀՖՀԱ) հիմնադրամի Գործադիր տնօրեն

Ինգա Զարաֆյան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ

Հովհաննես Կարապետյան, Երիտասարդ ինժեներների ասոցիացիա ՀԿ, նախագահ

Նունե Հարությունյան, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն (ԿՏԲԿ) տնօրեն

Արմենուհի Բուռնազյան, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ նախագահ

Քնարիկ Գրիգորյան, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ, ծրագրի համակարգող

Համլետ Ղազարյան, Վանանդ համայնքային զարգացման ՀԿ նախագահ

Համազասպուհի Գրիգորյան, Կանանց և երեխաների աջակցման և օգնության կենտրոն ՀԿ, նախագահ

Վահրամ Վարդանյան, ժողովրդավարության, միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման միավորում, նախագահ

Ռուզաննա Ղազարյան, Դալմա-Սոնա Հիմնադրամ, նախագահ

Ղարիբ Հարությունյան, «Կոմպասս կենտրոն» ՀԿ նախագահ

Պետրոսյան Հռիփսիմե, «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» ՀԿ համահիմնադիր

Հեղինե Սարգսյան, «Նախաձեռնություն» ՀԿ, ծրագրի համակարգող

Արմեն Համբարձումյան, «Ագրոէկոլոգիա» ՀԿ նախագահ

Կոալիցիան ստեղծվել է 2018 թ․ հունիսին՝ ԵՄ աջակցությամբ իրականցվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» Ծրագրի շրջանակներում»։

 

Հունվար 29, 2019 at 14:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր