Կապար պարունակող ներկերի ներկրումը Հայաստան շարունակվում է

Կապար պարունակող ներկերի ներկրումը Հայաստան շարունակվում է

ԷկոԼուր

Հայկական շուկայում վաճառվող կենցաղային ներկերը կենթարկվեն լաբորատոր փորձաքննության` դրանցում կապարի պարունակության մակարդակը պարզելու նպատակով: Որոշումն ընդունվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնում` հասարակական սեկտորի հետ հանդիպման ժամանակ:
2011թ-ից սկսած «Խազեր» և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ները ահազանգում են ներկերում կապարի թույլատրելի խտությունը գերազանցելու մասին: 2016 թ-ին «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ ներկերում կապարի պարունակությունը գերազանցում է թույլատրելի 0.5%-ը 1500 անգամ։ Ուսումնասիրությունը կատարվել է Կայուն օրգանական աղտոտիչների ոչնչացման միջազգային ցանցի միջոցով ԱՄՆ-ի Ֆորենսիկ Անալիտիկլ լաբորատորիայում:

«Եթե ներկը կապար է պարունակում, տան վերանորոգման ժամանակ կապարը փոշու հետ, շնչառության միջոցով, անցնում է օրգանիզմ: Կամ դպրոցներում, մանկապարտեզներում մի քանի տարի անց, երբ ներկը քայքայվում, թափվում է, երեխաները սիրում են ամեն ինչի ձեռք տալ, տանում են բերանը, և այդպես փոխանցվում է օրգանիզմ: Կապարի անգամ նվազագույն քանակն ազդում է երեխայի առողջության վրա: Արյան մեջ կապարի պարունակության նույնիսկ չնչին գերազանցումը հանգեցնում է երեխաների մտավոր զարգացման գործակցի նվազման, գիտելիքների յուրացման վատթարացման, ազդում իմունային և վերարտադրողական համակարգերի վրա, առաջացնում է սակավարյունություն, արյան ճնշման բարձրացում, երիկամների անբավարարություն»ն- ԷկոԼուրին հայտնեց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը: Փորձագետը նշեց, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խոստացել է ահազանգի հաստատվելու դեպքում ձեռնարկել իրեն վերապահած բոլոր քայլերը խնդիրը լուծելու համար:

Հայաստանում ընդունված կապարի ՍԹԽ-ն 5000 ppm է, իսկ միջազգային ընդունված նորմը` 90 ppm, այսինքն, Հայաստանում այն 56 անգամ բարձր է: Քնարիկ Գրիգորյանը հայտնեց, որ ՀԿ-ն նամակ է ուղարկել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն` այս նորմը վերանայելու առաջարկով: «Մեզ պատասխանել են, որ ներկերի մասով Մաքսային միությունում տեխնիկական կանոնակարգ չունենք: Կա Հայաստանում գործող փաստաթուղթ` ՀՀ առողջապահության նախարարի 2014 թ-ի սեպտեմբերի 11-ի 59-Ն հրամանը, որով էլ առաջնորդվում են», - ասաց Քնարիկ Գրիգորյանը:

17:20 Դեկտեմբեր 06, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news