«Հարմարվողականության ազգային ծրագիր»-ը կօգնի Հայաստանին կատարել  ստանձնած միջազգային հանձնառությունները

«Հարմարվողականության ազգային ծրագիր»-ը կօգնի Հայաստանին կատարել  ստանձնած միջազգային հանձնառությունները

Կլիմայի փոփոխությունը մեր ժամանակների մեծ մարտահրավերն է, որը գտնվում է լայն հասարակության ուշադրության կենտրոնում։ Գլոբալ տաքացման դեմ պայքարը համաշխարհային օրակարգում է։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերը 2015 թվականին ընդունեցին Փարիզյան համաձայնագիրը, որով որոշվեց զսպել մթնոլորտի գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի (1850թ.) ջերմաստիճանի նկատմամբ 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում՝ միաժամանակ ձգտելով 1.5 աստիճանի:  ՀՀ Ազգային ժողովն այն վավերացրեց 2017 թվականի փետրվարին: «Ազգային մակարդակով նախատեսած ներդրումների» (INDC) փաստաթղթով Հայաստանը պարտավորվել է 35 տարվա ընթացքում սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 633 միլիոն տոննայի սահմաններում: 

2021 թվականի մայիսի 13-ին ՀՀ կառավարությունը N 749-Լ որոշմամբ հաստատեց «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկ»-ը։ Փաստաթղթի գլխավոր նպատակն է նպաստել Հայաստանում կլիմայական ռիսկերի նվազեցմանը և կառավարմանը։ 

Այս ծրագիրը ռազմավարական, ազգային պլանավորման գործընթաց է, որը Հայաստանին հնարավորություն է տալիս հայտնաբերել, անդրադառնալ և վերանայել հարմարվողականության փոփոխվող կարիքները։ Այն կարող է լինել ՀՀ ստանձնած միջազգային հանձնառությունների կատարման հիմնական գործիք՝ կլիմայի փոփոխության հարմարվողականության համատեքստում։

Կլիմայի փոփոխության առումով Հայաստանը խոցելի երկիր է։ 1929 թվականից մինչև 2016 թվականը դիտվել է միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացում 1․23 աստիճան Ցելսիուսով։ «Կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչև 2100 թվականը ողջ երկրի տարածքում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 4․7 աստիճան Ցելսիուսով։ Նման փոփոխություններն անխուսափելի ազդեցություն կունենան բոլոր բնական և կառավարվող համակարգերի, ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության և սննդի անվտանգության, մարդու առողջության, բնակավայրերի, ենթակառուցվածքների և այլ ոլորտների վրա», - նշված է ծրագրում։

Կլիմայի նկատմամբ խոցելիությունը և սոցիալական հավասարությունը փոխկապակցված են։ Հայաստանի բնակչության 35 տոկոսը գտնվում է սահմանված աղքատության շեմից ներքև, աղքատության պատկերն էլ ավելի է խորանում գործազրկության 28․6 տոկոս մակարդակով և աղքատության գենդերային անհավասար բաշխմամբ։ Ավելի խոցելի են ցածր եկամուտ ունեցող գյուղական համայնքները։

Ծրագրով նախատեսված է մշակել կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրեր ջրային, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, զբոսաշրջության, անտառների կառավարման, տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում, իսկ բնակավայրերի համար պատրաստել կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրերի պատրաստման ուղեցույց և տրամադրել տեղական ինքնակառավարման մարմիններին։

Հունվար 23, 2023 at 14:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր