Ահազանգ. «Ռատկո» ՍՊԸ-ն տապալել է Ֆիզգորոդոկի ծառերը, ոստիկանությունը կանգնեցրել է ընկերության աշխատանքը

Ահազանգ. «Ռատկո» ՍՊԸ-ն տապալել է Ֆիզգորոդոկի ծառերը, ոստիկանությունը կանգնեցրել է ընկերության աշխատանքը
«Ռատկո» ՍՊԸ-ն սեպտեմբերի 10-ի վաղ առավոտից սկսել է ջարդել ու տապալել Ֆիզիկիայի գիտավանի (Ֆիզգորոդոկ) տարածքում գտնվող ծառերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգում են տեղի բնակիչները: «Հենց հիմա «Ռատկո» ՍՊԸ-ն ջարդում ու վերացնում է ծառերը, կանաչ տարածքը ֆիզիկայի գիտավանում՝ այն հատվածում, որի սեփականության օրինականությունն այս պահին քննվում է քրեական գործի շրջանակում, այն հատվածում, որը հանրային է եղել, զավթել է ապօրինաբար և պետք է վերադարձվի հանրությանը: Շատ հավանական է, որ բուլդոզերով ոչնչացնեն քրեական գործի հիմքերը: Այս գործողությունները կասեցնելը ուղղակիորեն բխում է քրգործի քննության ընթացքի ապահովման պահանջից!!! Պահանջում ենք կասեցնել աշխատանքները մինչև գործի քննության ավարտը: Անհապաղ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է տարածքի բնակիչ Սեդա Գրիգորյանը:  
 
Տեղի բնակիչ Լուսինե Գրիգորյանն ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ ներկա պահին ընկերությունը դադարեցրել է ծառերն արմատախիլ անել, քանի որ ոստիկանությունը կանգնեցրել է ընկերության աշխատանքը: «Բնակիչների հետ պատրաստվում ենք քրեական գործի շրջանակներում միջնորդություն ներկայացնել, որպեսզի դատախազությունն ու քննչական մարմինը կասեցնեն տարածքի շինարարությունը, և իրեղեն ապացույցները չվնասվեն»,- նշեց նա: Ըստ Լուսինե Գրիգորյանի՝ շինհրապարակի աշխատողները ծառեր հատելուց բացի սկսել են փորել տարածքը՝ փորձելով վերացնել այդ իրեղեն ապացույցները: «Իրենք ասում էին, թե այդտեղ նկուղ կա, հիմա կքանդեն ու կասեն, որ արդեն չկա, քանդել ենք: Մինչդեռ այդտեղ նկուղ չի եղել: Կեղծ հիմքով է տարածքը սեփականաշորհվել: Այստեղ նախկին հատակագծով 2004-2005թթ. եղել է հանրային տարածք, խաղահրապարակ և կանաչ տարածք: Քաղաքապետարանը չի տրամադրում մեզ տվյալներ այս տարածքի կարգավիճակի վերաբերյալ»,- նշեց նա:
 
Գիտավանի բնակիչներն արդեն ավելի քան երեք շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում իրենց հանրային տարածքում՝ թույլ չտալու համար տարածքում բազմահարկ շենքի շինարարություն իրականացնել: Բնակիչների բողոքի ակցիաների արդյունքում հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի հարուցումից հետո Երևանի քաղաքապետարանը հրահանգել էր կասեցնել շինարարությունը՝ մինչ գործի քննության ավարտ։


Սեպտեմբեր 10, 2021 at 16:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր