Հարված գյուղատնտեսությանը. կորոնավիրուսային համավարակը Արմավիրի մարզում

Հարված գյուղատնտեսությանը. կորոնավիրուսային համավարակը Արմավիրի մարզում

Հայաստանի՝ գյուղմթերքի արտադրության առաջատարներից Արմավիրի մարզը կորոնավիրուսային համավարակի հետևանքով կանգնեց մթերքի իրացման և արտահանման խնդիրների առջև: «Հայաստանի ՀՆԱ-ի զգալի մասը գոյանում է Արմավիրի մարզի գյուղմթերքի ծավալների իրացումից։ Երկրում հայտարարված արտակարգ դրությունը համընկավ գյուղմթերքի արտադրության սեզոնի հետ: Գյուղացիների մոտ առաջացավ բերքի իրացման, արտահանման խնդիր: Գյուղացիները չգիտեին ինչպես կազմակերպել բերքահավաքը. շուկայում գնորդների պակաս կար։ Չգիտեին վարձու աշխատողների բերել-չբերել, արդյո՞ք անվտանգ է, թե՝ ոչ»,- ԷկոԼուրի հետ զրույցում նշեց Արմավիրի մարզային «ԱԼՏ» հեռուստաընկերության խմբագիր Անժելա Ստեփանյանը: 

«Հայաստանի մասշտաբով գրեթե բոլոր ռեստորանային ցանցերը չեն աշխատել, ապրանքը չի վաճառվել, ու դուրս հանել էլ չի հաջողվել: Երեկ ջերմոցիս բիբարը հավաքել, լցրել եմ նկուղը։  Նախորդ տարի 500-600 դրամ էր բիբարը, հիմա՝ 200 դրամով էլ չեն առնում»,- նշեցին գյուղացիները։ Ըստ նրանց՝ այս ամենին գումարվել է նաև մթերքի արտահանման համար անհրաժեշտ գումարի խնդիրը․ «Կառավարությունը չի թողնում գյուղացուն՝ ապրանքը դուրս տանի։ Մաքսազերծման համար ապրանքի գնի չափով ավելի գումար ենք վճարում»,- դժգոհեց մի բնակիչ։ 

Ըստ Անժելա Ստեփանյանի՝ գյուղատնտեսական ոլորտի համար մարտահրավեր կարելի է համարել նաև այն, որ Հայաստանը չունի գյուղատնտեսության նախարարություն: «Գիտենք, որ գյուղատնտեսական ոլորտը կարգավորում է Էկոնոմիկայի նախարարությունը: Բայց գյուղատնտեսական հարց բարձրաձայնելիս՝ ես՝ ինքս, ամիսներ շարունակ ընկնում եմ գլխապտույտ իրավիճակի մեջ, թե ով է պատասխանատուն և ինչու: Լավագույն դեպքում կարող ես գրավոր հարցում ուղարկել և քո հարցերի հետ չառնչվող պատասխաններ ստանալ»,- նշեց նա:

Անդրադառնալով համավարակի ընթացքում անտոկոս գյուղատնտեսական վարկերի տրամադրման գործընթացին՝ Անժելա Ստեփանյանն ասաց. «Մարդիկ վարկերի տրամադրման գործընթացում բազմաթիվ խոչընդոտների են բախվել. մերժվել է վարկերի տրամադրումը, դրան զուգահեռ բանկերի դիմաց մարդկային կուտակումներ են առաջացել, ինչը COVID-19 համավարակի տարածման ևս մեկ աղբյուր էր»:

«ԱԼՏ» հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանի կարծիքով մարզում աշխատատեղի պակաս կա. «Մարդիկ իրենց ընտանիքը պահում են օրավարձով: Գյուղատնտեսական սեզոնն ավարտվեց, օրավարձը դուրս եկավ օրակարգից: Հասարակությանը խորը սոցիալական ճգնաժամ է սպասվում. հացի խնդիրը դառնալու է առաջնային»,- նշեց նա:

ԷկոԼուրի հետ զրույցում Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանն ասաց, որ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին հնարավորինս ներգրավել են համայնքային աշխատանքներում: «Քաղաքում շինարարական մեծ մասշտաբի աշխատանքներ են իրականացվում՝ ճանապարհաշինական, շենքերի շինարարության և այլն»,- նշեց նա: 

Վարակակիրների թվի աճը նվազեցնելու նպատակով համայնքապետարանն իրականացնում է իրազեկման միջոցառումներ և պաշտպանիչ միջոցներ տրամադրում բնակչությանը: «Տուժած քաղաքացիներին տրամադրել ենք աջակցություն, խիստ տուժած ընտանիքներին՝ նաև դրամական աջակցություն։ Շուրջ 600 կարիքավոր ընտանիքների տրամադրել ենք անձնական պաշտպանիչ միջոցներ: Այդ թվում՝ քաղաքապետարան-պետություն համագործակցության շրջանակներում մեկուսացված ընտանիքներին տրամադրել ենք սնունդ և հիգիենայի միջոցներ: Մեկ հոգու հաշվարկով օգնությունը տատանվել է 5-6 հազար դրամի սահմաններում»,- նշեց Արմավիրի համայնքապետը: Նրա խոսքով՝ համայնքային բյուջեից 3-4 միլիոն դրամի մասհանում են իրականացրել՝ համայնքային ենթակայության տակ գործող կառույցներին աջակցելու նպատակով:

Համավարակով պայմանավորված՝ աջակցություն է ցուցաբերվել նաև մարզի համայնքներին: Մասնավորապես, Տարոնիկ համայնքի ղեկավար Արմեն Խլղաթյանն ասաց, որ օժանդակել է տարբեր կազմակերպությունների կողմից տրամադրված օգնության բաշխման գործընթացին: «Համայնքապետարանն իր հերթին  165 հազար 500 դրամի օգնություն է տրամադրել համայնքի կարիքավոր 31 ընտանիքի։ Մի քանի անգամ կազմակերպել ենք դիմակների տրամադրման ակցիա»,- նշեց նա։

Տարոնիկում ջրի խնդիրը մնացել է չլուծված։ Ոռոգման ջրի բացակայության պատճառով համայնքի ոռոգելի տարածքների ավելի քան 55 հա-ն այսօր չի մշակվում: Ոռոգման ջրի սակավության պատճառով վերջին 10 տարիների ընթացքում բնակիչներն ունեցել են եկամուտների զգալի կորուստներ: Նրանք նշեցին, որ  իրենց հողատարածքները ստիպված ոռոգում են կեղտաջրերով։ Նշենք, որ Տարոնիկ համայնքի 2017-2023թթ. զարգացման ծրագրի համաձայն, ոռոգման համակարգի վերակառուցման դեպքում գյուղատնտեսության արդյունավետությունը հնարավոր կլինի բարձրացնել 25%-ով: Դրա արդյունքում համայնքի սեփական եկամուտները  կաճեն  28%-ով։ Գյուղատնտեսության վրա բացասական ներգորություն ունեցող մյուս պատճառն ըստ բնակիչների՝ ոռոգման ջրի ոչ համաչափ և ոչ ժամանակին բաշխումն է. «Ջուրը կարող է այսօր գալ, հինգ օր չլինել: Կես հա գարու դաշտ ունեմ: Ոռոգման ջուրը մեզ տալիս են ապիրիլի կեսերին, բայց պիտի մինչև մարտի 10-ը տային, որ ջրեինք, լավ հասկ գցեր, աճեր»,- նշեց բնակիչներից մեկը:

2020թ․ սեպտեմբերին COVID-19 համավարակին ավելացավ նաև արցախա-ադրբեջանական պատերազմը որպես նոր մարտահրավեր։ «291 ընտանիք ապաստանեց Արմավիրում՝ մոտ 960 բնակիչ: Ներկայում մոտ 50 ընտանիք (խմբ․՝ 2020թ. դեկտեմբեր ամսվա տվյալներով) ետ է վերադարձել: 27 զոհ ունենք: Եվս մի քանի զինծառայողի մասին տեղեկություն չունենք: Զոհվածների հարազատներին թաղման համար հատկացրել ենք 300 հազար դրամ, պետությունը տրամադրել է ևս 700 հազար դրամ»,- նշեց Արմավիրի համայնքապետը:  

Արտակարգ իրավիճակից տուժել է նաև տեղական ինքակառավարման մարմինների (ՏԻՄ) աշխատանքը: Ըստ Անժելա Ստեփանյանի՝ որոշ համայնքների ղեկավարների, կամ ՏԻՄ մարմինների աշխատակիցների պատերազամ մեկնելու հետևանքով խաթարվել էր ՏԻՄ-երի աշխատանքը. «Պատերազմական իրավիճակում գյուղապետը մեկնել է առաջնագիծ, սահամանափակվում են բնակիչների գործողությունները ՏԻՄ-ի հետ: Համայնքներում մի քանի տրակտոր կա: Եթե այդ համայնքում տեխնիկայի վարորդը, վար անողը մեկնել է ռազմաճակատ, այդ համայնքն այլևս գյուղատնտեսական աշխատանք չի կարող իրականացնել: Սրանք շատ պրիմիտիվ կարող են թվալ, բայց կարևոր խնդիրներ են, որոնք այս իրավիճակում ազդում են մարդկանց նորմալ ապրելու որակի ու ընթացքի վրա»,- նշեց նա:  

Նշենք, որ Արմավիր և Տարոնիկ համայնքները գտնվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) ազդեցության գոտում․ ՀԱԷԿ-ից 5-10 կմ հեռավորության վրա գտնվող 25 համայնքների թվում են, սակայն չունեն ազդակիր համայնքի կարգավիճակ։  ՀԱԷԿ-ը թե՛ նախկինում և թե՛ COVID-19 համավարակի ու պատերազմի ընթացքում չի ցուցաբերել այս համայնքների նկատմամբ սոցիալ-տնտեսական աջակցություն: «Միայն մեկ  մասնավոր կազմակերպություն մինչ պատերազմն  իր միջոցներով ախտահանել է գյուղի փողոցները և ցուցաբերել աջակցություն համայնքի բնակիչների մի խմբի»,- նշեց Տարոնիկի համայնքապետը։

«ԱԼՏ» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի կարծիքով այս իրավիճակում ատոմակայանի անվտանգությունը մեծ մարտահրավեր է ոչ միայն Արմավիրի մարզի համար, այլև՝ ամբողջ Հանրապետության: «Ատոմակայանը լինելով Արմավիրում, լինելով թիրախավորված՝ պաշտպանվածության կամ վերահսկողության որևէ միջոցառումների իրականացման մասին երբևէ չենք մտածել: Նույնիսկ պատերազմական իրավիճակում անպաշտպան ենք ատոմակայանի հարևանությամբ: Մենք այսօր չգիտենք՝ ինչպիսի պաշտպանվածություն ունենք Թուրքիային սահմանակից լինելու պարագայում: Սահմանամերձ գյուղերում տղամարդիկ տարին շուրջ բոլորը սահմանապահներ են: Եվ օրը 24 ժամ իրենց զգոնությունը չեն թուլացնում: Սահմանամերձ գյուղեր ունենք, որտեղ ո՛չ դպրոց, ո՛չ մանկապարտեզ, ո՛չ էլ՝ մարզկենտրոնին կապող տրանսպորտային միջոց կա:  Պաշտպանական կառույցների հատուկ տեղեր ես չգիտեմ: Պատերազմական իրավիճակում որոշակի աշխատանքներ իրականացվեցին՝ բնակարանների նկուղներն էին հաշվառում, որպեսզի հասկանան, թե որտեղ կարող էին մարդիկ պատսպարվել: Բայց կոնկրետ իմ սեփական բնակարան ոչ ոք չի եկել, ոչ մեկին չեմ տեսել, որ գան, ստուգեն, նկուղ ունենք, թե՝ ոչ»,- նշեց նա:  

Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը նշեց, թե քաղաքում կան ապաստարաններ, սակայն նորերի կառուցման և արդեն իսկ եղածների վերազինման անհրաժեշտություն կա: «ՀԱԷԿ-ի մասով շատ ավելի խոցելի ենք, քան ռմբապաստարանից: Կան անհրաժեշտ ապաստարաններ, բայց դրանք բավարար չափով կահավորված չեն, անհրաժեշտ թվով չեն: Այս ուղղությամբ աշխատել է պետք: Եթե քաղպաշտպանության խնդիր դրվեր, կարող էինք ապահովել: Պատերազմից հետո մեր ջանքերն էլ ավելի շատ պետք է ուղղվեն ապաստարանների վիճակի բարելավմանը և անհրաժեշտ կահավորմանը»,- ասաց նա: Խուդաթյանը նշեց, որ վերջին ամիսներին տասնյակ ապաստարաններ մաքրել են տարիներով հավաքված աղբից:

«Բազմաբնակարան շենքերի ապաստարանները փակ են եղել, բացել ենք, վերադարձրել ապաստարանային տեսքի, լուսավորության հարցերն ենք լուծել»,- նշեց համայնքի ղեկավարը: Ըստ նրա՝ Արմավիրում և մարզի այլ համայնքներում վերջին շրջանում նորոգվել և տեղադրվել են մեծ քանակությամբ տագնապի ազդարարման շչակներ: Անդրադառնալով ազդակիր համանքի կարգավիճակ ստանալու հարցին՝ համայնքապետն արձագանքեց. «Ազդակիր համայնքի կարգավիճակի հետ կապված քննարկում չենք ունեցել, բայց կարգավիճակի պատասխանատվությունը միշտ զգացել ենք: ԱԻՆ-ի հետ համատեղ քաղպաշտպանությանն առնչվող գործողությունները կատարել ենք՝ այդ պատասխանատվությունը հաշվի առնելով: Անպայման կուզենք ազդակիր դառնալ»,- ասաց նա: 



Փետրվար 01, 2021 at 15:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր