Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը Վայոց Ձորի Գնդեվազ, Գորայք և Սարավան համայնքներին

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը Վայոց Ձորի Գնդեվազ, Գորայք և Սարավան համայնքներին

ԷկոԼուր

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել Վայոց Ձորի Գնդեվազ, Գորայք և Սարավան համայնքներին՝ ի դեմ համայնքապետեր Հարապետ Մկրտչյանի, Առուստամ Առուստամյանի և Սիմոն Բաբայանի։

Նամակում ասված է․ 

«ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՋԱԿՑԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Գնդեվազի, Գորայքի և Սարավանի հարգելի բնակիչներ,

ձեր համայնքները հայտնվել են հերթական անհեռատես և բնապահպանական օրենսդրությունը խախտող հանքարդյունաբերական ծրագրի ճիրաններում: Ամուլսարի ոսկու հանքավայրի հնարավոր շահագործման աղետալի հետևանքների մասին դուք պետք է որ տեղեկացած լինեք: Եթե կառավարությունը և հանքավայրի շահագործմամբ հետաքրքրված Գեոթիմ ընկերությունը ձեզ չեն տեղեկացրել, թե մասնավորապես՝ ձեր և համայնքային սեփականության, ձեր առողջության, ձեր տնտեսական գործունեության, ձեր շրջակա միջավայրի, Հայաստանի կարևորագույն ջրային ռեսուրսների՝ Սևանա լճի և Որոտան գետի ավազանի, տարածաշրջանի տուրիստական գործունեության վրա ինչ բացասական հետևանքներ կունենա հանքավայրի շահագործումը, ապա դուք անտեղյակ եք ձեր և ձեր սերունդներին հասցվելիք մեծ վնասին:

Եթե տեղեկացված լինեիք այդ հսկայական վնասներին, ապա միանշանակորեն կմերժեիք հանքարդյունաբերական այդ ծրագիրը ձեր համայքներում:

Մենք տեղյակ ենք, որ ձեզ ներկայացրել են աշխատատեղեր տրամադրելու գայթակղիչ առաջարկը, մինդեռ ձեր համայնքներն ունեն առկա և պոտենցիալ հսկայական ռեսուրսներ՝ զարգացնելու այգեգործությունը, անասնապահությունը, կաթնամթերքի արտադրությունը, ալպյան կանաչեղենի հավաքչությունը և տուրիզմը: Դեռևս Թեղուտ ու Շնող համայնքների օրինակից մենք գիտենք, որ այլընտրանքային տնտեսությանը զարկ տալը կօգնի համայնքներին հասկանալու, որ իրենց շահը երկարաժամկետ և շրջակա միջավայրին անդառնալի վնաս չհասցնող ծրագրերն են, ոչ թե` հանքարդյունաբերությունը:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու ձեր համայնքների գյուղատնտեսական ապրանքների և հնարավոր տուրիստական ծառայությունների խթանման հարցում: Ինչպես Թեղուտ և Շնող համայնքներում ենք կազմակերպել մեղրի վաճառք և հիմա փորձում ենք այնտեղ այլընտրանքային բիզնեսը խթանել, այնպես էլ պատրաստ ենք ձեր համայնքի համար նորարար մոտեցումներով խրախուսել այլընտրանքային տնտեսության զարգացումը:

Կոչ ենք անում թույլ չտալ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը և մտածել ձեր համայնքները մաքուր և չթունավորված գյուղատնտեսական արտադրանքի կենտրոններ դարձնելու մասին: Գնդեվազ համայնքում մենք պատրաստ ենք ծիրանի և ծիրանից պատրաստված ապրանքների տոնավաճառ կազմակերպել առաջիկա ամռանը: 

Հանքի շահագործումը և առողջ շրջակա միջավայրը անհամատեղելի են, հատկապես Ամուլսարի հանքի պարագայում, երբ բացհանքի ու ցիանային ֆաբրիկայի պատճառով թունավորվելու են ջրային ռեսուրսներ և հողեր ոչ միայն ձեր համայնքներում, այլև Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում:

Մեր պատրաստակամությունն անկեղծ է, սպասում ենք ձեր արձագանքին»: 

Հոկտեմբեր 30, 2014 at 16:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր