Ամուլսարում շինարարության սկիզբը հայկական փոքր Շվեյցարիայի` Ջերմուկի վերջն է

Ամուլսարում շինարարության սկիզբը հայկական փոքր Շվեյցարիայի` Ջերմուկի վերջն է

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքները սկսեցին մեծ ապլոմբով: Հանդիսավոր արարողությանը ներկա էին քաղաքական վերնախավի առաջին դեմքերը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակների ղեկավարներ Լորա Բեյլին և Տերեսա Դաբան Սանչեսը: Ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Միջոցառմանը մասնակցում էին տեղական մասշտաբի ղեկավարներ, օրինակ, Ջերմուկ առողջարանի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, ով ակտիվ հանդես է եկել Ամուլսարի ծրագրի դեմ՝ մտավախություն ունենալով, որ Ջերմուկը, որտեղ արվել են միլիոնների ներդրումներ, կկորցնի իր նշանակությունը տուրիստների համար:

Խնդիրն այն է, որ Ջերմուկը Ամուլսարի հանքավայրի ազդեցության ներքո է, որը պետք է շահագործվի բաց եղանակով, հանքաքարը արդյունահանվելու է պայթեցումների միջոցով, իսկ փոշու հետ տարածվելու են ոսկու ուղեկցող տարրեր, ծանր մետաղներ և ակտիվ քիմիական միացություններ:

Բայց արդեն երեք տարի է՝ Վարդան Հովհաննիսյանը Ամուլսարի վերաբերյալ մեկնաբանություններ չի տալիս:

Մենք էլ սկսում ենք հրաժեշտ տալ Ջերմուկին, քանի որ դժվար է պատկերացնել, որ մարդիկ կձգտեն այցելել «մետաղով հագեցած» առողջարան բուժման և առողջության ամրապնդման նպատակով: Ջերմուկը կդառնա հանքարդյունաբերական բանավան, որտեղ զբոսաշրջիկներին կփոխարինեն Ամուլսարի հանքի աշխատողները:

«… Հավանական է, որ Ջերմուկը ներհոսքից ամենաշատ ազդեցությունը կրի՝ պայմանավորված նախագծի գործունեության վայրով, բնակելի տարածքներով, ժամանցի վայրերով և հնարավորություններով … Աշխատակիցները կտեղավորվեն սահմանափակ թվով հյուրանոցներում, և կարող են հյուրընկալվել զբոսաշրջիկների հետ միասին: Հանքարդյունաբերական աշխատուժի բնութագիրը էապես կտարբերվի տուրիստականից, և աշխատակիցների սփռվածությունը Ջերմուկի տարբեր հյուրանոցներով կուժեղացնի այդ ազդեցությունը:…250-300 սենյակի վարձակալությունը որոշակի չափով կփոխարինի զբոսաշրջիկային ակտիվությանը ՝ արդյունավետորեն փոխարինելով զբոսաշրջիկների «դոլարները» Ծրագրի «դոլարներով»,- մասնավորապես նշված է «Լիդիան»-ի Ամուլսարի ոսկու հանքի ծրագրում: Սրան ավելանում են հնարավոր ինֆլյացիայի ռիսկերը և հանքարդյունաբերությանը բնորոշ աղմուկն ու վիբրացիան,- … Հնարավոր է, որ արդյունքում հանքի աշխատողները կարողանան ավելի բարձր գին վճարել կացարանի, սննդի, տրանսպորտի և այլ հիմնական ապրանքների դիմաց: Կախված նշված ապրանքների հասանելիությունից և տեղի առևտրականների արձագանքից` նման հավելյալ գնողունակությունը կարող է առաջացնել տեղայնացված ինֆլյացիա… Շինարարական աշխատանքների հետ կապված աղմուկի և վիբրացիայի ավելացման առաջնային ընկալիչների թվում են Գեոթիմ ընկերության աշխատակիցները և իրականացվող աշխատանքների տարածքին ամենամոտ գտնվող Գնդեվազ, Սարավան, Սարալանջ, Ջերմուկ (որի մեջ է մտնում նաև Կեչուտ գյուղը) և Գորայք համայնքների բնակիչներն ու շինությունները…»:

Ներկայացնում ենք վավերագրողներ Մեիրա Վալտոնենի (Meira Valtonen) և Մեգան Գորվատի (Megan Horvath) նոր ֆիլմը՝ «Armenia's little Switzerland», որը նրանք նկարահանել են 2015թ-ին՝ Ջերմուկում, Ամուլսարի ծրագրի հետքերով, CEE Bankwatch միջազգային ցանցի աջակցությամբ:



17:05 Օգոստոս 22, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news