Գնդեվազի բնակիչ` ոսկու հանքը չի աշխատելու, գնդեվազցիները թույլ չեն տա

Գնդեվազի բնակիչ` ոսկու հանքը չի աշխատելու, գնդեվազցիները թույլ չեն տա

ԷկոԼուր

Օգոստոսի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքում անցկացված Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումների ժամանակ Գնդեվազի բնակիչ, լրագրող Թեհմինե Ենոքյանը հարց ուղղեց «Գեոթիմ» ՓԲԸ-ին՝ կապված հանքավայրի շահագործմանը դեմ գնդեվազցիներին սպառնալու հետ:

«210 գնդեվազցիներ դիմել են Միջազգային ֆինանսական կորպորացիային՝ IFС-ին, որտեղ ներկայացրել են իրենց բողոքը և պահանջները: Օրեր առաջ լսեցի, որ սկսվել են սպառնալիքներ այդ մարդկանց նկատմամբ: Ո՞վ է ձեզ իրավունք տվել  սպառնալ Հայաստանի քաղաքացիներին, ինչպե՞ս եք վերաբերվում այդ բողոքի մեջ ներառված կետերին, քանի որ ձեզ ֆինանսավորող կառույցները շատ հիմնավոր են համարել այս բողոքը և վարույթ են սկսել: Այս պահին ձեր ընկերության ներսում մոնիտորինգ և աուդիտ է իրականացվում ձեր արած գործունեության հետևանքով», - հարցրեց Թեհմինե Ենոքյանը:

Այդ պահին դահլիճից լսվեց. «Գնդեվազցիները իրենց ծառի համար են կռիվ անում, մեկ էլ 100 մետր հողի»:

«Դու գնդեվազցու անունից չխոսես, գնդեվազցին ես եմ, ես եմ բողոք ներկայացրել: Ես ուզում եմ հասկանալ՝ ԿԳԲ-ով ովա համարձակվում գնդեվազցուն սպառնալ», - պատասխանեց Թեհմինե Ենոքյանը:

 «Ձեր հարցի վերաբերյալ՝ կապված Օմբուդսմենի գրասենյակի հետ, իրենք ունեն իրենց ընթացակարգերը: Ոնց կանեն, ինչ կանեն, դա անկախ կազմակերպություն է: Իսկ ինչ վերաբերում է վախեցնելուն, ես վստահեցնում եմ, որ դա միանշանակ ապատեղեկատվություն է», - պատասխանեց Գեոթիմ» ՓԲԸ-ի բնապահպանական ու սոցիալական հարցերով կառավարիչ Արմեն Ստեփանյանը:

«Այսինքն` ԿԳԲ-ն չի՞ զբաղվում 210 հոգով: Ես ուզում եմ, որ գյուղապետը պատասխանի այդ հարցին», - ասաց Թեհմինե Ենոքյանը: Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանը չարձագանքեց հարցին:

Հաջորդը «Գեոթիմ» ՓԲԸ-ին հարց ուղղեց Գնդեվազի բնակիչ Միհրդատ Ներսիսյանը: «Հաշվարկով 13 տարվա ընթացքում արտադրական նպատակներով դուք պետք է օգտագործեք մոտ 30 միլիոն տոննա ջուր: Այդ 30 միլիոն տոննա արտադրական աղտոտված ջուրը դուք որտե՞ղ եք նախատեսել բաց թողնել, բնականաբար, Արփայի կիրճով , Արփայի գետով…Դուք ձեր կայքում գրում եք, որ Գնդեվազը դառնալու է հանքարդյունաբերական գյուղ: 13 տարի հետո այդ Գնդեվազի բնակիչները ինչո՞վ պետք է զբաղվեն, չէ որ ձեր գործունեությունից հետո Գնդեվազի տարածքում և ամբողջ տարածքում ոչ մի գյուղատնտեսական աշխատանք հնարավոր չի կատարել», - հարցրեց բնակիչը:

«13 տարին մենք նկատի ունենք, որ առաջին երկու տարին շինարարության փուլն է: Շինարարությունը գումարած շահագործումը անում է 13 տարի, ևս 5 տարի կտևի հանքի փակման փուլը: Ընդհանուր առմամբ 18 տարի է: Ինչ վերաբերում է ցիանիդին, ցիանիդը ամբողջ աշխարհում կիրառվող նյութ է: Ես ձեզ ասեմ, որ աշխարհում արտադրված ցիանիդի ընդամենը  6 տոկոսն է օգտագործվում հանքարդյունաբերության ոլորտում: Այսինք, եթե դա ճիշտ կառավարվի, դա իրենից վտանգ չի ներկայացնում: Ամեն տարի 10 միլիոն տոննա արտադրողականություն կա: Այդ 10 միլիոն տոննա հանքաքարը պիտի սկզբից այդ ջրի մեջը մնա: Հավատացեք, համակարգը իսկապես փակ է, շրջանառու համակարգ է», - պատասխանեց ընկերության ներկայացուցիչը:

«Հայաստանում այդպիսի մի ոսկու հանք նաև Մեղրաձորում է: Մեղրաձորի ոսկու հանքը 100 անգամ Ամուլսարի ծրագրային մոտեցումներից փոքր է: Այնտեղ ցիանային հարթակը գտնվում է գյուղից մոտ 3 կմ հեռավորության վրա, մեզ մոտ 1 կմ: Մեղրաձորի բնակչությունը կարողացավ հասնել նրան, որ այդ արտադրությունը չլինի», - ասաց Մ. Ներսիսյանը՝ նշելով, որ քամիները Ջերմուկի և Գնդեվազի վրա գալիս են հենց Ամուլսարի վրայից:

Արմեն Ստեփանյանը հիշեց իր այցը Ամերիկա ազդակիր համայնքների համայնքապետերի հետ, որտեղ նրանք տեսել են, որ նմանատիպ հանքավայրերին հարակից համայնքները բարգավաճող համայնքներ են: «Չի ապականվելու շրջակա միջավայրը: Այսօր ապրում ենք 21-րդ դարում, ընկերությունն ունի բաժնետերեր, որոնք ունեն իրենց շատ խիստ ստանդարտները, և այդ ստանդարտները պահպանելու դեպքում հավաստիացնում եմ ձեզ, որ մեր՝ հանքի հետ կապված բոլոր ռիսկերը, կառավարելի են, և այդ բոլորի մասին խոսվում է մեր ՇՄԱԳ-ում», - ասաց Ա. Ստեփանյանը:

Գնդեվազի մեկ այլ բնակիչ Մխիթար Արշակյանը հույսը կապում է «Գեոթիմ»- ի «կենսաբանորեն» դաստիարակված լինելու հետ: «Առաջին օրվանից ծանոթ լինելով «Գեոթիմ»-ին՝ ես էլ եմ ձեզ նման պայքարել: Բայց ծանոթանալով մարդկանց հետ, որոնք որ կենսաբանորեն ուղղակի դաստիարակված են, նրանք, հավատացած եղեք, կկարողանան բոլոր տեսակի աշխատանքները խիստ ճշգրիտ ձևով կատարել», - ասաց Մխիթար Արշակյանը:

«Փոշիների և ցիանային հարթակի 1 կմ-ն որտեղի՞ց եք վերցրել: Այդ նորման որտե՞ղ է ամրագրված», - հարց ուղղեց Գնդեվազի բնակիչ Արմեն Համբարձումյանը:

«Դա կառավարության կողմից պահանջ է: Ընկերությունը կառավարության հետ համատեղ անցյալ տարի ունեցել է աշխատանքային խումբ, որի ընթացքում եղել է կառավարության ներկայացուցիչների կողմից պահանջ՝ սահմանել 1000 մետրանոց սանիտարական գոտի», - պատասխանեց Արմեն Ստեփանյանը:

«Գիշերն աղմուկը 27- 45 դեցիբել է նշված: Իսպառ բացակայում է ցերեկվա աղմուկը: Ջերմուկն ավելի հեռու է Կեչուտից: Կեչուտի աղմուկն ուրեմն 35-25 դեցիբել է, Ջերմուկը՝ 49-50 դեցիբել: Բանականությանը հակասող  բաներ են…դուք տեխնիկ եք, չէ, դուք այդ մեղքը մի վերցրեք ձեր վրա, վաղը որ մեկին բան եղավ, ձեր գլուխն են ջարդելու: 440 էջ բարբաջանք եք գրել, մարդիկ գիտակից մարդիկ են: Ո՞վա պատասխանատու, թող վերցնի իր վրա, որ վաղը իմանա էս ժողովուրդը՝ ում գլուխը ջարդի: Էդ մեղքը ո՞վա վերցնելու իրա վրա: Դուք հիմա անուն ազգանունը գրեք, ստորագրեք, վաղը ձեզնից պահանջելու ենք: Հաջորդ զառանցանքը: 99 տոկոս ցիանիդը մնումա ներքևում: Այսինքն, դուք ուզում եք թթվային լուծույթը չեզոքացնեք, որպեսզի ցիանային գազ չլինի շնչել, անեք հիմնային, էդ հիմնայինը որտե՞ղ է մնալու… ձեր հաշվարկում 20 տոննա թթվային ցիանաջրածինը, որ պետք է դուրս գար, նույնիսկ դա իջացրել եք, հասցրել 600 կգ-ի: Դուք ինչա 10 հեկտարի վրա օդափոխության համակարգ ե՞ք դնելու», - հարցրեց Արմեն Համբարձումյանը:

«Լուծույթը որևէ տեղ բաց վիճակում չկա, միայն փակ վիճակում է: Նա չի կարող պատահի` արտանետվի: Արտանետումը լինում է միայն այնտեղ, որտեղ ընդունվում և լցվում է, և դրանից հետո կլանվում է: Կլանումից հետո կատարված է հաշվարկ և մեր գործող մեթոդակարգով, և միջազգային: Այդ հաշվարկի արդյունքում տված է՝ ինչ կոնցենտրացիաներ են առաջնում, և արդյոք դրանք մահացու են, թե ոչ: Այդ կոնցենտրացիաները բավականին ցածր են», - պատասխանեց նախագծի հեղինակ Վռամ Թևոսյանը:

Բնակիչ. «ուք Ամուլսարի տեղը գիտե՞ք, եղե՞լ եք այդտեղ…ձեր տանը նստած բարբաջանք եք գրել, դուք իմ հարցին չպատասխանեցիք, հասկացեք վերջ ի վերջո, այստեղ մարդիկ են ապրում, հազար շունչ, երեխա, ծեր, դուք ո՞նց կարաք այդ մեղքը ձեր վրա վերցնեք…ես ոչ մի պատասխան չստացա…էս հողն ու ջուրը իմնա, գնդեվազցիներիննա, ես եմ որոշում, աշխատի, թե՝ ոչ: Էդ ճղեք, գցեք մի կողմ…այստեղ ոսկի մի փնտրեք, գնացեք ձեր տան կողքը ոսկի փնտրեք, ժողովուրդը թող ապրի: Ոսկու հանքը չի աշխատելու, գնդեվազցիները թույլ չեն տա»:

Մանրամասները՝ տեսանյութում: 



Օգոստոս 29, 2014 at 13:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր