Գնդեվազի բնակիչները պահանջում են երաշխիքներ Ամուլսարի ծրագրի վնասների փոխհատուցման համար

Գնդեվազի բնակիչները պահանջում են երաշխիքներ Ամուլսարի ծրագրի վնասների փոխհատուցման համար

ԷկոԼուր

Ապրիլի 6-ին Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքում տեղի բնակիչները հանդիպեցին պետական կառույցների և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման ծրագրի ռիսկերը: Այս հանդիպումը խոստացել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Ինչպես հայտարարեց «Լիդիան Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը, ընկերությունը 2017 թվականին կավարտի շինարարական և այլ նախապատրաստական աշխատանքները և 2018 թվականին կանցնի հանքի շահագործմանը:

Բնակիչների հիմնական մտահոգությունը կապված է շրջակա միջավայր նատրիումի ցիանիդի հնարավոր արտահոսքերի, սանիտարական գոտու բացակայության, ցիանային ֆաբրիկայի տներին ու հողատարածքներին մոտ գտնվելու, գյուղմթերքի փոշով ու թափոններով աղտոտվածության և առողջության վատթարացման հետ:

Գլխավոր պահանջն այն է, որ մարդիկ ունենան երաշխքիներ այս և մնացած հնարավոր վնասների փոխհատուցման համար կամ ապահովագրության, կամ պայմանագրերի տեսքով, և իմանան՝ ով է պատասխանատություն կրելու հետևանքների համար:

«Մենք զբաղվում ենք անասնապահությամբ, այգեգործությամբ որն արդեն չեք թողնում: Հիմա մեր անասունը, մեր ծիրանն ապահովագրեք: Առք ու վաճառք անողները մտածում են՝ Գնդեվազ գյուղում սարքելու են ֆաբրիկա, բերեք ծիրանի գինը գցենք, դե դուք ապահովագրեք», - հարց բարձրացրեց Գնդեվազի բնակիչը:

Ի պատասխան «Լիդիան Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանն ասաց. «Ընկերությունն ունի երրորդ կողմի վնաս պատճառելու ապահովագրություն: Եթե մենք մեր գործունեությամբ վնաս ենք պատճառում երրորդ կողմին՝ կարող է լինել համայնքը, մարդիկ, ընտանիք, մեքենա…օրինակ, մեքենան շուռ եկավ, միջից նավթը թափեց ու հոսեց համայնք, ընկերությունն ունի դրա վերաբերյալ ապահովագրություն մի քանի միլիոն դոլարի: Մարդկանց, գյուղերին մենք առանձին չենք ապահովագրելու»:

«Իմ այգին կոնկրետ ձեր գործարանի հարևանությամբ է: Ես իմ տնտեսության զարգացումը տեսնում եմ իմ այգեգործության մեջ: Եթե ջարդիչ կայանն աշխատելու է, փոշին, բնականաբար, պետք է լինի: Եթե չեք ուզում ապահովագրել, բերեք՝ պայմանագրով ձևակերպենք. եթե տվյալ տարածքի բերքը չի վաճառվում, գնորդ չկա, դուք պարտավոր եք սպառել այդ բերքը», - առաջարկեց մեկ այլ բնակիչ:
«Անցյալ տարի մենք վերցրել ենք ելակետային տվյալներ շրջակա բոլոր այգիներից, ունենք այդ տվյալներն ազդեցության մասին, կարող ենք իմանալ այս տարվա ավարտին: Երբ շինարարությունն ավարտվի, մի տվյալ կունենանք, երբ հանքի շահագործումը սկսվի՝ մի տարի հետո, մյուս տվյալը կունենանք», - այսպես արձագանքեց Հայկ Ալոյանը:

Փորձագետ Սեյրան Մինասյանը հարց ուղղեց պետական կառույցների ներկայացուցիչներին Ջերմուկի հանքային ջրերի վերաբերյալ: «Եթե պարզվեց, որ Ջերմուկի ջրի բաղադրությունը փոխվում է շահագործման հետևանքով՝ 3 տարի հետո, 5 տարի հետո, խնդրում եմ պատասխանեք՝ ով է պատասխան տալու՝ վարչապետը, այն նախարարը, ով ստորագրել է, այն փորձագետը, ով ստորագրել է այդ փորձաքննական եզրակացությունը, այդ ՊՈԱԿ-ը: Կոնկրետ հարցս դա է, խնդրում եմ ասեք՝ ով է պատասխան տալու դրա համար»:
Հարցին պատասխանեց ՀՀ բնապահպանության նախարարության ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի փորձագետ Արթուր Մինասյանը, Ամուլսարի ծրագրի փորձագետն է: «Ջրերի հետ կապված իզոտոպային եղանակով ուսումնասիրությունն արված է, կա համապատասխան եզրահանգում, փորձաքննական գործընթացից հետո կա այդ մտահոգությունը, որ դա բավարար չէ ոչ թե մեր կողմից, այլ հանրության կողմից: Իսկ ինչ վերաբերում է պատասխանատվությանը, կարծում եմ, դա ամրագրված է ՀՀ օրենքներով և Սահմանադրությամբ», - ասաց Արթուր Մինասյանը:

Բնակիչների շահերը ներկայացնում էին մի քանի հոգի, ովքեր հիմնականում դժգոհ մնացին հանդիպումից:

«Իրենք իրենց հանքով են զբաղված, մենք էլ ուզում ենք անասուն պահենք, բայց չեն թողնում: Գյուղի հողերի երևի 60-70 տոկոսն առել են, ոնց գնում ենք, ասում են՝ էս սարը մերնա, էս քոլը մերնա…Կործանում, փախնենք ամենքս մի կողմ, բա մնանք թունավորվե՞նք…Էսօր միայն պայթեցում են անում, ճանապարհ են սարքում, անասունն արդեն չի ուտում էդ խոտից, բա որ սկսեն շահագործել, ինչա՞ լինելու…Կառավարության, նախարարության ներկայացուցիչները ոչ մի հարցի չպատասխանեցին, շատ դժգոհ եմ, նույնիսկ դիմում եմ վարչապետին, որ ինքը միջամտի, որ իր խոստացած լսումը չեղավ», - բողոքեցին գնդեվազցիները:

Մանրամասները՝ տեսանյութում








13:06 Ապրիլ 10, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news