Ինչի մասին է լռում «LYDIAN»-ը. Ամուլսարի ծրագիրը կարող է հանգեցնել Սեւանի թթվային աղետի

Ինչի մասին է լռում «LYDIAN»-ը. Ամուլսարի ծրագիրը կարող  է հանգեցնել Սեւանի թթվային աղետի

Աշոտ Արամյան, Գոլոս Արմենիի

…«LYDIAN»-ի գործադիր փոխնախագահ Դիդիե Ֆոլենը նշում է, որ Ամուլսարում կիրառվելու է կույտային տարրալվացման մեթոդը, որը ենթադրում է պոչամբարի բացակայություն եւ այլ տեխնոլոգիաների հետ համեմատած քիչ քիմիական նյութերի` այդ թվում ցիանիդի օգտագործում:  Եւս մի առավելություն` փակ արտադրական փուլ, որը, նրա խոսքերով, ի չիք է դարձնում ծանր մետաղների` շրջակա միջավայրում հայտնվելու հնարավորությունը:

Թող այդպես լինի: Բայց դրա հետ մեկտեղ պարոն Ֆոլենը վստահեցնում է, որ էկոլոգիական ուսումնասիրությունների արդյունքներով, որոնց համար ընկերությունը ծախսել է ընդհանուր առմամբ մոտ 5 միլիոն դոլլար, հայտնաբերվել է, որ Սեւանի վրա ազդեցություն չի լինի, թեպետ Ամուլսարի հանքը գտնվում է Սեւանի ավազանում, որտեղ, օրենքի համաձայն, արգելվում է  լճի համար ռիսկեր ներկայացնող տնտեսական գործունեություն: Ի դեպ, ՀՀ բնապահպանության նախարարությունը,  հաշվի առնելով Սեւանի պետական հանձնաժողովի հավանությունը, դրական եզրակացություն տվեց  նախագծին, ինչը վկայում է կամ այդ գերատեսչությունների մասնագետների ցածր որակավորման, կամ իրականությունը չարակամորեն թաքցնելու մասին:

Ընկերության ներկայացուցիչները սիրում են զուգահեռներ անցկացնել Ամուլսարի եւ Կոլորադոյի Կրիպլ Կրիկ հանքի եւ ոսկու կորզման ֆաբրիկայի հետ, որտեղ կիրառվում է նույն կույտային տարրալվացման մեթոդը` շեշտելով մոտակա Կրիպլ Կրիկ եւ Վիկտոր մոտակա քաղաքների բնակիչների համերաշխ գոյակցության փաստը:  Սակայն այս նախագծերի միջեւ ոչ մի զուգահեռ պետք չէ անցկացնել: Բանն այն է, որ Կրիպլ Կրիկի գրեթե ողջ ոսկին գտնվում է ազատ վիճակում եւ դրա համար կարող է հեշտորեն տարրալվացվել ցիանիդով բարձր կորզումով` առանց հանքաքարի մանրացնելու: Սուլֆիդային հանքաքարեր Կրիպլ Կրիկում գրեթե չկան…:

Ամուլսարում, ընդհակառակը, ոսկին մանր է, քանի որ կենտրոնացված է առավելապես սուլֆիդային հանքաքարերում, որոնք  պարտադիր կերպով պետք է չեզոքացնել  կրաքարով այն աստիճան, որի ժամանակ սկսվում է ոսկու ցիանավորում, ինչը նախագիծը տնտեսապես ոչ շահավետ է դարձնում:

Բացի այդ, Ամուլսարի  հանքի վերին շերտի ապարները նույնպես շատ աղքատ ոսկի-սուլֆիդային հանքաքարեր են, որոնք աստիճանաբար եւ շատ արագ  կօքսիդանան մթնոլորտային տեղումների ազդեցության տակ` առաջացնելով ծծմբային անհիդրիդ, որը կհոսի տեղի ջրհոսքերը եւ հետո Սեւանա լիճ: Ելնելով վերին շերտի ժայռային ապարների հսկա ծավալից (տարբեր գնահատականներով մոտ 90-120 միլիոն տոննա)` կպահանջվեն կրաքարի մեծ ծավալներ` լցակույտերում դրանք մինչեւ նորմալ մակարդակի չեզոքացնելու համար: Ընդ որում, լցակույտերը չի հաջողվի «ժամանակավոր ծածկել անձրեւներից»  անջրաթափանց  կավային բարձով, քանի որ գրունտային ջրերը ամեն դեպքում լցակույտերի թթվայնացված դրենաժը կտանեն Սեւան:

Հենց այս խնդրի հետ են բախվել կանադական «BARRICK GOLD» եւ «GOLDCORP» ընկերությունները Դոմինիկյան Հանրապետությունում` աշխարհի ամենախոշոր ոսկու հանքավարերից մեկը` «Pueblo Viejo.-ը, շահագործելիս: Ժամանակին այդ հանքի սեփականատերը պետական  «Rosario Dominicana» ընկերությունն էր, սակայն 1999թ-ին, երբ ակնհայտ դարձավ, որ հանքի շահագործումը հսկայական վնաս է պատճառել շրջակա միջավայրին, նախագիծը փակվեց: Մի քանի տարի առաջ աշխարհում ամենախոշոր ընկերություններից 2-ը` կանադական «Barrick Gold»-ը «Goldcorp»-ի հետ համատեղ, ծրագրեցին նորից հանքը շահագործել, սակայն նախօրոք նրանք պետք է շրջակա միջավայրը վերկանգնեին: Սակայն խնդիրը բավականաչափ կրաքարի ռեսուրս չլինելու մեջ էր, որով պետք էր չեզոքացնել վերին շերտի սուլֆիդային հսկայական լցակույտը`շատ աղքատ եւ տնտեսապես ոչ շահավետ  ոսկու հանքաքարերը: Դոմինիկանոյում այդ խնդրի լուծման համար  կանադացիները ստիպված այդ բոլոր լցակույտերը լցրեցին հարստացուցիչ ֆաբրիկայի  միլիարդ խմ ծավալով հսկայական պոչամբարի մեջ: Չեմ կարծում, որ «Lydian International»-ը նախատեսել է Ամուլսարի հանքի շահագործման նախագծում այդքան հուսալի միջոցառումներ` կանխելու Սեւանի ջրհոսքերի աղտոտումը լցակույտերի ջրերով:

Իհարկե, դժվար է հրաժարվել բարիքից, որը մեզ  խոստանում են Ամուլսարի շահագործողները: Շինարարության ընթացքում 1500 աշխատատեղերի ստեղծում եւ 700 աշխատատեղ` հանքի ավելի քան 10-ամյա շահագործման ընթացքում, լրացուցիչ մուտքեր պետական  գանձարան տարեկան 35 միլիոն դոլլարի հարկերի եւ ռոյալթիի  տեսքով եւ այլն: Վերջ ի վերջո , հաշվի առնելով նախագծում նախատեսված մոտակա 2 տարում 426 միլիոն դոլլարի կապիտալ ներդրումները, նախագիծը հավակնում է ստանալ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր արդյունաբերական նախագծի կարգավիճակ, քանի որ ներդրումներով «առաջ կանցնի» մինչ օրս այդպիսին համարվող Թեղուտի ծրագրից: Սակայն կշեռքի մյուս նժարին  բարձրլեռնային լիճն է, որն անգին է:

ԱՄԲՈՂՋ ԴԻԼԵՄԱՆ ԱՅՆ Է, ՈՐ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՈՍԿՈՒ 1500-1700 $/oz գնին (իսկ այժմ այն տատանվում է $1200 մեկ տրոյական ունցիայի դիմաց) անշահավետ է` հաշվի առնելով անխուսափելի բնապահպանական պահանջները:

«Գեոթիմ» ՓԲԸ-ի շահավետ գործունեությունը հնարավոր է միայն էկոլոգիական պահանջները չպահպանելու կամ մասամբ պահպանելու  դեպքում: Այս լույսի ներքո դժվար է հավատալ, որ ընկերությունը իրեն հաշիվ չի տալիս այդ հարցում, կամ նա ի սկզբանե ծրագրում է հասարակայնությանը շփոթության մեջ գցելով, ինչ-որ կերպ շրջանցել էկոլոգիական նորմերի կատարումը: Իսկ հաշվի առնելով այն, որ  «Lydian International Ltd»-ի հիմնական բաժնետերերից են այնպիսի լուրջ կազմակերպություններ, ինչպես IFC-ն եւ EBRD-ն, ապա այստեղից մեծ միջազգային սկանդալի հոտ է գալիս: Նշենք նաեւ, որ այս ընկերության տնօրենների խորհրդի անդամ է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, ում մենք, ըստ երեւույթին, պարտական ենք Ամուլսարի նկատմամբ այսքան  պարտադրված ուշադրության համար:

18:33 Հունիս 10, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news