ԷկոԼուր
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) հունիսի 20-ին մամլո հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Այս ամսվա վերջին Հայաստանի կառավարությունը որոշում կկայացնի, թե արդյոք թույլ տա «Lydian Armenia» հանքարդյունաբերական ընկերությանը վերսկսել Ամուլսարի հանքավայրի շահագործումը: Կոռուպցիայի մթնոլորտում սկսված աշխատանքները կասեցվել են 2018թ-ի օգոստոսին տեղական համայնքների և հասարակական կազմակերպությունների ուժեղ դիմադրությունից հետո: FIDH- ը նախազգուշացնում է աղետալի կորուստների մասին, որ հանքավայրի շահագործումը կարող է հասցնել տեղական համայնքներին:
Կառավարության որոշումը հիմնված է լինելու փորձագիտական եզրակացության վրա, որը այս տարի ավելի վաղ հանձնարարվել է՝ գնահատելու Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը:
2019 թ. ապրիլին FIDH- ը և Հայաստանի «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն (ՔՀԻ) իրականացրեցին փաստահավաք առաքելություն Հայաստանում և Ամուլսարի տարածաշրջանում, որպեսզի բացահայտեն այն վտանգները, որոնք կարող են առաջանալ նախագծի պատճառով: Հանքարդյունաբերական նախագիծը հստակ առաջնայնությունը տալիս է շահույթին` անտեսելով մարդու իրավունքները և շրջակա միջավայրը:
…2018 թ. նոյեմբերին Ջերմուկ քաղաքի մոտ 3000 բնակիչ ստորագրեց Ամուլսարի նախագիծը դադարեցնելու դիմումի տակ, իսկ Ջերմուկի ավագանին 2018թ-ի դեկտեմբերի 18-ին որոշեց զարգացնել Ջերմուկ համայնքը որպես էկոլոգիապես մաքուր տնտեսություն՝ արգելելով իր տարածքում մետաղական հանքարդյունաբերությունը:
Այնուամենայնիվ, կենտրոնական իշխանությունը ճնշում էր Հայաստանի այս և մյուս համայնքներին, որոնք որոշեցին իրենց տարածքներում արգելել հանքարդյունաբերությունը, որ փոխեն իրենց որոշումները, ասելով, որ նման որոշումը չի կարող ընդունվել տեղական մակարդակով:
…Իրենց փաստահավաք առաքելության ընթացքում FIDH- ը և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն հանդիպեցին մի շարք շահագրգիռ կողմերի՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների, ակտիվիստների, ինստիտուցիոնալ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումները ցույց տվեցին, որ չնայած նոր քաղաքական մթնոլորտի հետ կապված առաջընթացին եւ լավատեսությանը, գործարար գործունեությունը, մասնավորապես, հանքարդյունաբերությունը, այդ թվում, Ամուլսարի ծրագիրը, մտահոգության տեղիք է տալիս ոչ միայն բնապահպանական խնդիրների, այլև մարդու իրավունքների առումով:
FIDH- ի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից փաստագրված Ամուլսարի նախագծին վերաբերող խնդիրները նաև նշված էին Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի Օմբուդսմենի աապարատի կողմից 2017 թ. պատրաստված զեկույցում, այս կառույցը այնուհետև դադարեցրեց իր ներդրումները նախագծում: Ամուլսարի նախագծի խնդիրներից են հողերի օտարման, բոլոր շահագրգիռ համայնքների հետ պատշաճ հանրային լսումների բացակայության խնդիրները, մասնավորապես, Ջերմուկ համայնքում լսումների չանցկացման խնդիրը, որը հանքի շահագործման արդյունքում հիմնականում ազդեցություն կրողն է: «2017-ին նշված խնդիրները որեւէ կերպ չեն դիտարկվել կառավարության կամ ընկերության կողմից, այլ կայուն այլընտրանքներ չեն ուսումնասիրվել կամ առաջարկվել համայնքի համար», - հաստատում է FIDH-ի գլոբալիզացիայի եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ղեկավար Մեդդալենա Նեգլիան:
FIDH -ը վերջերս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց «Լիդիան Արմենիա»-ի կողմից անհանգստացնող համակարգված դատական հետապնդումների և վարկաբեկման արշավների վրա, որով ընկերությունը նպատակ ունի լռեցնել քննադատող լրագրողներին և իրավապաշտպաններին, մասնավորապես, Ամուլսարի գործով զբաղվող կանանց:
«Lydian Armenia»- ն շարունակում է ճնշում գործադրել Հայաստանի կառավարության վրա իր աշխատաննքերը վերսկսելու համար: 2019 թ. մարտին, օրինակ, ՀՀ կառավարությանը տեղեկացրեց արբիտրաժային դատարաններում Մեծ Բրիտանիայի և Կանադայի երկկողմ ներդրումային պայմանագրի խախտման համար վեճի մասին, միևնույն ժամանակ շարունակում էր քննադատել Հայաստանի կառավարության վարքագիծը` իր ինտերնետային էջի և ներդրողների ֆորումների միջոցով:
«Lydian Armenia»-ի վերաբերմունքը մինչ օրս Ջերմուկի համայնքի ապագայի համար որեւէ լավ բան չի առաջարկում: Մենք խորապես մտահոգված ենք, որ կրկին, ներդրողների շահերը կարող են մարդկանց եւ մոլորակի պաշտպանությունից ավելի բարձր գնահատվել: Ինչպե՞ս կարելի է Ջերմուկ փոքր դրախտի և նրա շրջակայքի ոչնչացումը «կայուն զարգացում» համարել», - հարցնում է FIDH- ի փոխնախագահ և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը:
FIDH- ը հավատում է, որ Ամուլսարի կամ այլ ներդրումայնի ծրագրի վերաբերյալ կառավարության ցանկացած որոշում պետք է հիմնված լինի մարդու իրավունքների պատշաճ պաշտպանվածության վրա: Ավելին, այն պետք է հաշվի առնի նախագծի սոցիալական ազդեցությունները բոլոր ազդակիր համայնքների վրա, այդ թվում նաև Ջերմուկ քաղաքի վրա, և հատկապես առավել խոցելի խմբերի՝ կանանց և երեխաների վրա»:
Հունիս 20, 2019 at 16:04