

ԷկոԼուր
Հունվարի 24-ին «Dundee Precious Metals Inc.»-ի առաջարկությամբ («DenoGold Mining Company»-ի 100% բաժնետոմսերի սեփականատեր ) Երեւանում տեղի ունեցավ հանդիպում հասարակայնության ներկայացուցիչների հետ, ովքեր հանդես են գալիս Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի դեմ: Հանդիպմանը մասնակցեցին «Dundee Precious Metals Inc.»-ի գործադիր փոխնախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Ռիչարդ Հաուսը, առողջության, անվտանգության եւ շրջակա միջավայրի հարցերով տնօրեն Ռուբեն Միլսը, «Deno Gold Mining Company»-ի միջազգային կապերի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը: Ընկերությանը ներկայացվեցին Շահումյանի հանքավայրի բաց շահագործման հետեւյալ հիմնկան խնդիրները`
• ռիսկ կա, որ Կապանի տարածքի` մետաղներով եւ տոքսիկ տարրերով աղտոտվածությունը բազմակի անգամ կավելանա, այն դեպքում, երբ քաղաքն արդեն գտնվում է էկոլոգիական աղետի շեմին
• լեռնահանքային արդյունաբերության ոլորտում կոռուպցիայի բարձր մակարդակը չի նպաստում էկոլոգիական ռիսկերի նվազեցմանը կամ ընդունված միջազգային փորձի ներդրմանը, կամ առողջությանը եւ շրջակա միջավայրին հասցված վնասի համար ընկերության պատասխանատվության բարձրացմանը
• ընկերության վարած քաղաքականության վերաբերյալ բնակչության կամ հասարակական կազմակերպությունների կարծիքին գործնականորեն ուշադրություն չի դարձվում:
Իրենց հերթին ընկերության ներկայացուցիչները հայտնեցին, որ`
• իրենք Հայաստանում ուժեղացնում են կորպորատիվ մենեջմենթը
• մտադիր են հասարակայնության հետ երկխոսության բաց քաղաքականություն իրակաացնել
• միջազգային ստանդարտներ են ներդնում պրակտիկայում անկախ նրանից, թե որ երկրում են աշխատում:
Ընկերության ներկայացուցիչները նաեւ հավաստիացրին, որ եթե ընկերությունը հաստատի Շահումյանի հանքավայրը բաց եղանակով շահագործելու իր մտադրությունը, ապա այդ հարցը կդրվի հասարակական լայն քննարկման, եւ դրա հետ մեկտեղ կարեւոր է ինչպես հասարակության կարծիքը, այնպես էլ պետական կառույցների:
Հանդիպման ընթացքում «ԷկոԼուր»-ի եւ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի ներկայացուցիչները եւս մեկ անգամ ընդգծեցին, որ չեն փոխում իրենց դիրքորոշումը բաց շահագործման նախագծի նկատմամբ եւ կարծում են, որ բաց երկխոսության քաղաքականությունը պետք է իրականացվի կոնկրետ օրինակներով:
Հունվար 24, 2011
