

Էդվարդ Արզումանյան, Հրապարակ
Նկարում պատկերված է Վանաձոր քաղաքից քիչ հեռու, «Լոռի» հանգստյան տնից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող անտառը, որտեղ, մեզ ահազանգող քաղաքացու պնդմամբ, արդեն 10 օր է՝ ծառահատումներ են տեղի ունենում: Բնակչի ահազանգով մենք ուղեւորվեցինք այնտեղ: Դեռ ճանապարհին էինք, երբ անտառ մտան առանց պետհամարանիշների «ԶԻԼ 131» եւ «Ուրալ» մակնիշի մեքենաներ, որոնց մեջ նկատեցինք փայտ կտրելու գործիքներ, այդ թվում նաեւ «Դրուժբա» բենզասղոց: Մեքենայի հետքերով հասանք այն վայրը, որտեղ ծառահատումներ էին կատարվում: Ծառերը կտրում եւ ձորն էին նետում:
Ծառահատողներից, ցավոք, հարցազրույց վերցնել չկարողացանք՝ նախ այն պատճառով, որ բարձրանալիս գերանները կարող էին մեր վրա ընկնել, եւ հայտնի չէր` եթե ծառերի գողերը նկատեին լուսանկարչական սարքը, ինչպես կպահեին իրենց: Մեզ դիմած քաղաքացին նշել էր, որ ինքն այս օրերին անտառապահի չի հանդիպել, մենք էլ չհանդիպեցինք ոչ ոքի: Զրուցեցինք Գուգարքի անտառտնտեսության պետ Անատոլի Մխիթարյանի հետ, որը նշեց. «Այդ վայրում հատատեղ չկա, ամենայն հավանականությամբ՝ դրանք անօրինական գործողություններ են: Ձեր ահազանգը հիմք ընդունելով՝ մասնագիտական հանձնաժողովը կգնա-կֆիքսի կոճղերի չափը, կտրված ծառերի քանակը: Հիմա ակտ կկազմվի սահմանված կարգով, որի մեջ կնշենք, որ ինֆորմացիայի մեջ նշվում էին նաեւ առանց պետհամարանիշի «ԶԻԼ 131» եւ «Ուրալ» մակնիշի մեքենաներ:
Մի օրինակը կուղարկենք Գուգարքի ոստիկանություն, որպեսզի իրենք հայտնաբերեն: Օրինական հատման ժամանակ կոճղարմատի մոտ կատարվում է տաշվածք, որի վրա գրվում է համար, հաշվեգնահատման ցուցակում հատատեղի նշված համարի դիմաց գրված է ծառի տեսակը եւ ծառի քանակը»: Այսինքն, նկարի վրա դա պետք է երեւա՞ր: «Եթե դա լիներ հատատեղային: Բայց քանի որ այդ տարածքում հատատեղային չունենք, էդտեղ կարող է ծառ հատվել միայն, եթե դրանք ընկնող ծառեր լինեն»,- բացատրեց անտառապետը: Անտառապահի բացակայությունը պարոն Մխիթարյանը եւս չհերքեց. «Հիմնականում անտառամերձ գյուղերի բնակիչներն են կտրում: Նշված տարածքում եւ հարակից 3 տարածքում անտառապահ չունենք, Եղեգնուտի անտառպետության մեջ մենք անտառապահ չունենք, տարածքում բնակվողները չեն աշխատում, Վանաձորից էլ չեն ուզում գնան»: Գուգարքի անտառտնտեսության պետը վստահեցնում է, որ «արդեն երեկվանից այդ հարցով զբաղվողներ կան, ես էնտեղ մարդիկ ունեմ վստահելի, որոնք հետեւում են, իսկ հիմա պաշտոնական կամիսիան կիջնի, բոլորը կֆիքսի»:
Սպասենք հանձնաժողովի եւ իրավապահների գործողություններին: Ի դեպ, ոստիկանությունը երեկ մեզանից խնդրեց անտառահատման վայրում կատարած մեր լուսանկարները, ինչը մենք տրամադրեցինք իրավապահներին:
Սեպտեմբեր 01, 2010
