

Գալուստ Նանյան, www.antarner.net
Տասնամյակներ առաջ էր, երբ Դսեղի հարակից տարածքներում տնկվեցին հաճարենիները։ Ծառատունկից մեկ տարի հետո պարզվեց, որ հազարավոր տնկիներից 20-ը չէին կպել։ Հաճարենիները տնկած անտառապետը դատապարտվեց երկու տարի ազատազրկման:
Հետաքրքիր է, իսկ ինչու դա այսօր այդպես չէ… Ով ցանկանում է «բարեգործություն» անել, ծառատունկ է կազմակերպում, որից անմիջապես հետո շուրջպար բռնում և անգամ չմտածում, թե այդ տնկիներից քանիսը կպչողականություն կապահովեն:
Դսեղի հաճարենիները հայտնի են Լոռու տարածաշրջանում, որոնք այս օրերին դուրս են բերվում և օգտագործվում կահույքագործության արտադրությունում:
Դսեղցիները պատմում են, որ խորհրդային ժամանակահատվածում իրենց մոտ գործում էր կահույքի ֆաբիկա, որտեղ աշխատում էին ավելի քան 200 մարդ:
Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը նշում է, որ ինքը գյուղը կառավարում է սկսած 1987 թվականից, սակայն չգիտի, թե ովքեր են սեփականաշնորել կահույքի գործարանը. «Այդ ֆաբրիկայում աշխատածներն արդեն մասնագիտացել էին աթոռագործության մեջ և սեփականաշնորման գորընթացը մղեց այդ մասնագետներին ունենալու իրենց սեփական գործը»:
Գյուղապետարանի տվյալներով ներկայումս գյուղում գրանցված է 20-ից ավելի փայտավերամշակման արտադրամաս, որոնցից յուաքանչյուրում աշխատում է 3-ից մինչև 5 մարդ։ Նրանք վերամշակում են հենց Դսեղի անտառներից բերված հաճարենիների փայտը:
«50-60 տարի մեր ժողովուրդն արդեն սովորել է և զբաղվում է փայտավերամշակմամբ: Անտառը մերն է, փայտը տանից է, և ինչով պետք է զբաղվենք, եթե ոչ կահույքագործությամբ»,- ասում է փայտավերամշակման արտադրամասի տնօրեն Փաշիկ Խառատյանը և հավելում, որ անտառանյութի պահով խանգարող հանգամանք չկա. «Փառք Աստծուն, փողին մունաթ, մեզ անտառանյութը տալիս են, ուղղակի արտադրանքը լավ չի իրացվում, ու դա է միայն պրոբլեմը»:
Զրուցակիցս ասում էր, որ եթե իր արտադրամասն ամբողջ հզորությամբ աշխատի, իր աշխատողները կստանան 50-60 հազար դրամ, իսկ այսօր նրանք չաշխատելու պատճառով ստանում են այդ գումարի կեսը:
Դսեղցի փայտավերամշակողները նույնպես գիտեն, որ հաճարենին ողջ աշխարհում համարվում է ամենաարժեքավոր փայտը կահույքագործության մեջ, որ իրենց անտառից մեկ պահեստային մետրը գնում են 12 հազար դրամով:
«12 հազար դրամով գնում ենք, բայց մինչև տեղափոխում ենք այստեղ արտադրամաս, մեզ վրա մեկ պահեստային մետր փայտանյութը նստում է 17- 20 հազար դրամ»,- իր խոսքում նկատում է դսեղցի Փաշիկը ու հետն էլ պնդում, որ փայտը ձեռք են բերում անտառտնտեսության կողմից օրինական սանիտարական հատումներից առաջացած մասսայից, օրինական ձևով:
Համեմատության համար նշենք, որ, օրինակ, եթե մեր կահույքագործներն անտառից հաճարի խմ-ը գնում են 40-50 ԱՄՆ դոլարով, ապա հարևան Թուրքիայում նույն տեսակի փայտանյութն արժեե 1000 ամերիկյան դոլար:
Մեկ պահեստային մետր փայտից աթոռագործներն արտադրում են 40 աթոռ, իսկ, օրինակ Փաշիկի արտադրամասը տարեկան կարող է արտադրել 4000-ից մինչև 5000 փոքր, միջին և մեծ աթոռներ, որոնք վաճառվում են 3500-4500 դրամով:
«Տարեկան կտրվածքով ես կարող եմ մշակել մինչև 50 խմ հաճարենի»,- ասում է Փաշիկը:
Այսպես, եթե հաշվարկների համաձայն այսօր Դսեղում գրանցված է 20 արտադրամաս, ապա դրանք միասին տարեկան կտրվածքով անտառից գնում և մշակում են 1000 խմ հաճարենի:
Արտադրանքի իրացման շուկայից աթոռագործները գոհ են։ Նրանք պատմում են, որ իրենց արտադրանքը իրացվում է ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում: Կահույքագործները միայն դժգոհում են, որ իրենց համար դեռ տնտեսական ճգնաժամը չի ավարտվել և այս տարի նույնպես իրենց արտադրանքը չեն կարողանում լավ իրացնել:
Կահույքագործները կցանկանային, որ իշխանությունները քայլեր ձեռնարկեին, որպեսզի իրենց որակյալ հաճարենուց պատրատված աթոռներն արտահանվեն գոնե ԱՊՀ երկրներ:
«Ախր այդ երկրները դրա կարիքը շատ ունենք»,- պնդում է աթոռագործ Փաշիկը:
Ինչպես զրուցակիցս է ասում, ինքը հին ու մաքուր մարդ է, և թեեւ մեկ աթոռից պետությունը իրենից ուզում է 200 դրամ, ինքը խելոք դա տալիս է, բայց դրա հետ մեկտեղ նշում, որ իր վելուծության համաձայն մեր երկրում մի քանի հարյուր հազար մարդ աթոռի կարիք ունի, սակայն հնարավորություն չունի այն գնելու:
Օգոստոս 31, 2010
