

Նաիրա Բուլղադարյան, Antarner.net
Վանաձորից շուրջ 10 կիլոմետր հեռու՝ «Լոռի» հանգստյան տունն է: Այն գտնվում է հենց անտառի բերանին ու անտառ բարձրանալը ինչպես մարդկանց, այնպես էլ ավտոմեքենաների համար դժվար չէ:
Անտառ մտնող ճանապարհը նեղ է, բայց ոչ անհարմար ավտոմեքենաների համար: Դեռ չխորացած անտառի մեջ՝ լսվում է սղոցի հռնդյունը: Մինչ շարժվում ենք դեպի սղոցի ձայնը՝ ողջ ճանապարհին հատված ծառերի կոճղերն են ու դես-դեն գցած ճյուղեր:
3-4 կիլոմետր գնալով՝ աչքի է զարնում ծառերի արանքում կայանած ավտոմեքենան՝ առանց պետհամարանիշերի: Ավտոմքենայում ու դրա շուրջ մարդ չկա: Այն սպասում է բեռնվելուն: Ավտոմեքենայի տերերը քիչ հեռու՝ գետակի մյուս կողմով վերեւ են բարձրացել՝ ծառեր են հատում ու գլորելով գցում ցած՝ գետը:
Առանց պետհամարանիշերի հանգամանքը կարեւոր է այնքանով, որ անտառային տնտեսությունների մասնագետները, երբ ներկայացնում են օրինական հատումների ընթացակարգը, հատուկ նշում են, որ հատատեղի թույլտվության մեջ նշվում է այն ավտոմեքենայի տվյալները, որով ծառերը դուրս են բերվելու անտառից:
Հատուկ նշում են անտառի մասնագետները, որ առանց պետհամարանիշի ավտոմեքենայով անտառ մտնել ու ծառ կտրել չի թույլատրվում:
Միեւնույն ժամանակ, մասնագետներն ասում են, որ օրինականորեն հատված ծառերը՝ մինչ հատելը, համակարալվում են կոճղի հատվածում, ու հատվելուց հետո կոճղի վրա նշումը երեւում է: Մինչդեռ ոչ մի կոճղ հահամարակալված չէր:
Ու՞ր էր անտառապահը: Օրը ցերեկով, անտառի մասնագետների քթի տակ, մատչելի վայրում, որտեղ հասնելը դժվարություն չէ, մարդիկ ծառ են կտրում ու վերեւից գցում գետը:
…իսկ «Գուգարքի» անտառտնտեսությունում տեղյակ չէին այս ամենին…
Օգոստոս 31, 2010
