Lragir.am
Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը խնդրանքով դիմել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, որպեսզի նա դադարեցնել տա Խիմկիի անտառի միջով ավտոճանապարհի անցկացումը: Այդ մասին Ինտերֆաքսին հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը: Խիմկիի անտառով ավտոճանապարհ անցկացնելու մտադրության դեմ Ռուսաստանում բողոքի ալիք են բարձրացրել բնապահպաններն ու նաեւ որոշ ռոք երաժիշտներ, այդ թվում եւ ԴԴՏ խմբի մենակատար Յուրի Շեվչուկը:
Ինչ վերաբերում է «Եդինայա Ռոսիայի» Մեդվեդեւին ուղղած խնդրանքին, ապա դա թերեւս մեծագույն անհեթեթություններից մեկն է, որ կարող է պատահել որեւէ երկրի կյանքում: Բանն այն է, որ «Եդինայա Ռոսիան» իշխող կուսակցություն է, որը մեծամասնություն ունի խորհրդարանում, որն ունի վարչապետ, ի դեմս կուսակցության ղեկավար Պուտինի: Եվ ահա, խորհրդարանական մեծամասնությունը, որը կարող է պարզապես ՌԴ Պետդումայում բարձրացնել անտառի հատումն արգելելու հարցը եւ լուծել իր մանդատի ուժով, խնդրում է նախագահին, որ նա կասեցնի անտառահատումը:
Եվ թերեւս հենց նման դեպքի համար են Տյուտչեւի հայտնի խոսքերը` умом Россию не понять` «անհնար է Ռուսաստանին հասկանալ մտքով»:
Օգոստոս 27, 2010
