Էդվարդ Աարզումանյան, Հրապարակ
2010 թվականի ամառն աչքի ընկավ գլոբալ տաքացմամբ` առաջացնելով հրդեհավտանգ իրավիճակ: Աննախադեպ շոգից ու չորային եղանակներից զերծ չի մնում նաեւ Լոռու մարզը` օրական գրանցելով բազմաթիվ հրդեհներ: Խնդրի առիթով Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել էր մամուլի ասուլիս: Ներկա էին Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Հրաչիկ Անտոնյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Վոլոդյա Բունիաթյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի մասնաճյուղի փոխտնօրեն Սուրեն Ղարաբեկյանը, գլխավոր անտառապետ Գագիկ Ամիրյանը եւ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության, բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Խառատյանը:
Ասուլիսի սկզբում փրկարարական վարչության պետ Հրաչիկ Անտոնյանը նախ ներկայացրեց ստեղծված իրավիճակը Լոռու մարզում, ըստ որի՝ այս տարվա օգոստոս ամիսն աչքի է ընկնում հրդեհների աննախադեպ մեծ թվով. «Տարվա ընթացքում Լոռու մարզում ունեցել ենք 138 հրդեհներ, որոնցից 72-ը տեղի է ունեցել օգոստոս ամսին: Եթե ըստ տարածքների, Վանաձորում՝ 9, Գուգարքում՝ 8, Սպիտակում՝ 15, Ստեփանավանում՝ 7, Տաշիրում՝ 5 եւ Թումանյանում՝ 28 դեպք»: Պարոն Անտոնյանի պնդմամբ՝ սրանք լուրջ թվեր են, եւ նման թվերի դեմն առնելը արդեն անհնար է դառնում.«Սրանք մեծ թվեր են, եւ հիմնական դեպքերը չոր խոտածածկույթի այրումներն են, որը կատարվում է մեր հասարակության կողմից միտումնավոր եւ շատ քիչ տոկոսը՝ անուշադրության հետեւանքով:
Եվ այսօր հրշեջ փրկարարների ծառայությունը բավարար չի նման թվերի դեմ պայքարելու, կազմակերպելու հրդեհաշիջում»: Գլոբալ տաքացումների հետեւանքով ամբողջությամբ չորացել են կանաչ խոտածածկույթները, բուսականությունը,- ասում է Հրաչիկ Անտոնյանը եւ կոչ անում ազգաբնակչությանը չթողնել չմարված կրակներ, որովհետեւ չմարված նետված ծխախոտը մեծ հետեւանքներ է թողնում, եւ օգնել, իհարկե, հրշեջ փրկարարներին, անտառտնտեսությանը, բնապահպանությանը, աջակցել համայնքների ղեկավարներին եւ օգնել հրդեհաշիջման աշխատանքներին:
Դա կարեւոր պայման է, քանզի մեր լեռնային պայմաններում տեխնիկա չի աշխատում, մնում է մարդու գործոնը, իսկ մենք փոքրաքանակ անձնակազմով չենք կարողանա հրդեհաշիջում անցկացնել,- տեղեկացնում է վարչության պետը: Բնակչության մեջ կա կարծիք, թե այրելով չոր խոտածածկույթը, հաջորդ տարի այն ավելի փարթամ կլինի: Այս ամենը Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը նախ հերքեց, ապա մասնագիտորեն պարզաբանեց պատճառները. «Իրավիճակը մարզի կտրվածքով բավականին լուրջ է, գարնանը բավականին առատ տեղումներ եղան, եւ առատ բուսածածկույթ ձեւավորվեց թե լեռնալանջերում, թե անտառներում եւ թե դաշտերում: Հետո հուլիս-օգոստոս ամիսներին կտրուկ եղանակային փոփոխություններ տեղի ունեցան, ջերմային ռեժիմները փոխվեցին, տեղի ունեցավ մասսայական չորացում, ու այդ մեծ ծավալները չհնձվեցին, որն էլ իրենից մեծ վտանգ է ներկայացնում»:
Պարոն Բունիաթյանը վստահեցնում է, որ անտառային հրդեհները վտանգավոր են նաեւ նրանով, որ ոչ միայն չոր խոտածածկույթն է այրվում, այլեւ «անտառային կուլտուրաները` հատկապես մատղաշներն ու հասակավոր ծառերը. վերջիններս ծխում են եւ շարունակում են այրվել»: Ասուլիսին ներկա «Բնապահպան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Վլադիմիր Մինասյանն էլ դժգոհում էր, որ հրդեհներին արագ չեն արձագանքում. «Գիտակցելով մեր անտառի պակասը, մեր կառավարությունը մեծ միջոցներ է ծախսում անտառը վերականգնելու համար:
Մենք կոնկրետ ամսի 18-ին, 19-ին, 20-ին զանգել ենք Ղռեր հանդամասի համար, որ մինչ օրս էլ ծխում է: Նույնիսկ ստիպված էի պարոն Խառատյանին խնդրել, որ ինքն էլ զանգի, որովհետեւ առավոտից զանգել ենք հրշեջ կազմակերպություն, ժամը 2-ին մոտ դեռեւս ոչ մի շարժ չեմ նկատում, որ այդտեղ հրդեհը հանգցնում են, հրդեհը տարածվելով, հսկայական տարածքներ է գրավել»: Հրաչիկ Անտոնյանն ի պատասխան արձագանքեց. «Էնպես է դուրս գալիս, որ մենք զանգել ենք հրշեջ ծառայություն ու չի արձագանքվել: Քաղաքում գործում են 4 հրդեհ բրիգադաներ, որոնք ֆիզիկապես չեն հասցնում, կան էլի դեպքեր, որտեղ մեքենաները չեն բարձրանում, շատ զանգողները պտի զանգելու փոխարեն իրենք մի քանի հոգով բարձրանան եւ օգնեն:
Դրա մասին խոսեք, որ քար անտարբերություն ա»: Ասուլիսում խոսեց նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի մասնաճյուղի փոխտնօրեն Սուրեն Ղարաբեկյանը, ըստ որի՝ վերջին 2 ամիսներին ստեղծվել է ծայրահեղ հրդեհավտանգ իրավիճակ, անտառային հրդեհների քանակը 1 տասնյակի է հասնում. «Զուտ ռելիեֆի առումով բավականին դժվարացնում է դրանց մարումը: Հայաստանում հրդեհները 100 տոկոսով մարդածին գործոնների հետեւանքով են տեղի ունենում: Մարումն ամբողջովին կատարվում է անտառտնտեսության եւ փրկարարական վարչության ուժերով: Տգեղ եւ տհաճ է, երբ ազգաբնակչությունն օգտվում է անտառային միջավայրից, ու հենց իրենց անփութության պատճառով էլ կրակ է առաջանում, ու չեն մասնակցում հրդեհի մարման աշխատանքներին:
Գուգարքի անտառտնտեսությունը 32 հազար հա մակերես ունի, ու, հաշվի առնելով, որ անտառապահները 40-45 հոգի են»: Մասնագետները բոլորն էլ վստահ նշում էին, որ ամեն դեպքում մեղավորը մարդկային գործոնն է, սակայն երբ հարցրինք, թե հետաքննվո՞ւմ են արդյոք գործերը, եւ եղե՞լ են պատասխանատվության ենթարկվածներ, պարոն Անտոնյանը պատասխանեց. «Այդ ուղղությամբ մենք արդեն քայլեր արել ենք, հակահրդեհային տեսչության պետը գրություն է գրել ոստիկանապետին, որպեսզի համատեղ աշխատանքներ իրականացվեն, հայտնաբերվեն այրողներն ու ենթարկվեն պատասխանատվության: Աշխատանքները կատարվում են, ուղղակի ձեռքիս տակ չկան վարչական պատասխանատվության ենթարկվածների փաստեր, այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ»:
Եղանք նաեւ Լոռու մարզային քննչական բաժնում, սակայն բաժնի տեղակալ Վ. Հակոբյանը նախ նշեց, որ Վանաձորում դեպքեր չեն եղել, իսկ երբ ցույց տվեցինք տվյալներ, պատասխանեց. «Մեզ նյութեր չեն ուղարկվել»:
Օգոստոս 26, 2010
