Լուսինե Հովհաննիսյան, «Հայոց Աշխարհ»
Գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության թեման Հայաստանում կենտրոնացված անտառային համակարգ ձեւավորելու անհրաժեշտությունն էր, անտառային ոլորտը կառավարող մարմնի կարգավիճակի հարցը, որը մեկտեղել էր ե՛ւ պետական կառույցների ներկայացուցիչներին (խորհրդակցությունը վարում էր գյուղատնտեսության նախարարը), ե՛ւ բազմաթիվ բնապահպան հասարակական կազմակերպություններին։
Նկատենք, որ անտառային օրենսգրքով եւ գյուղատնտեսության նախարարության կանոնադրությամբ նախատեսված անտառային բնագավառի կառավարման մեծ մասի իրականացումը 2005թ. հունվարից վերապահված է գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ գործող «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։
Կենտրոնացված անտառային համակարգ, անտառային պետական կոմիտե ստեղծելու անհրաժեշտությունը հիմնավորելով՝ «Հայանտառի» տնօրեն ՄԱՐՏՈՒՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ նախ անդրադարձավ նախորդ շրջանին. «Անցած 4 տարիների փորձը ցույց է տվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կազմակերպական ձեւը հնարավորություն չի տալիս արդյունավետ եւ իրավական տեսակետից ճիշտ իրականացնել այն գործառույթները, որոնք վերապահված են կառավարման մարմնին։ Իսկ այդ գործառույթները բազմաթիվ են՝ սկսած պետական քաղաքականության մշակումից, անտառների գործառական նշանակության դասակարգումից, պետական անտառային կադաստրի վարումով եւ անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողությամբ ավարտած»։
Ի դեպ, այսօր անտառկառավարման եւ անտառտնտեսավարման գործառույթներ իրականացնող «Հայանտառը» իր ենթակայության տակ ունի 19 մասնաճյուղ, որոնք, ըստ էության, առանձին իրավաբանական անձ չեն։ Իսկ սա նշանակում է, որ, ասենք, Գորիսում կամ Կապանում, Լոռիում եւ մեկ այլ անտառտնտեսությունում որեւէ աշխատակցի աշխատանքի ընդունողն ու ազատողը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենն է։ Բայց եթե կառավարման իրավասությունների կենտրոնացումը մեկ մարմնի մեջ ինչ որ տեղ տրամաբանական է, ապա տնտեսավարման տեսակետից բնավ արդյունավետ չէ։
Ըստ «Հայանտառի» տնօրենի՝ «ունենալով տնտեսավարման շատ մեծ ծավալ եւ աշխարհագրություն՝ 374,6 հազար հա անտառային հողեր՝ սփռված ողջ երկրի տարածքում, անտառտնտեսության մասնաճյուղերը, այսինքն՝ անմիջականորեն անտառային տնտեսություն վարողները, անտառ մթերողները եւ պահպանությամբ զբաղվողները, զրկված են ինքնուրույն տնտեսություն վարելու իրավունքից եւ անտառկառավարողի հետ նույն հարթության վրա են գտնվում»։
Ոլորտի պատասխանատուների առաջարկը հետեւյալն է՝ ստեղծել անտառային պետական կոմիտե, եւ առանձին իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող տարածքային անտառտնտեսություններ՝ ՊՈԱԿ-ներ։ Այսինքն՝ առաջարկվում է անտառային կառավարում եւ անտառօգտագործող կառույցների միջեւ տարբերակում մտցնել, դրանք տարանջատել։
Հետաքրքիրն այն է, որ ցանկացած բնապահպանական խնդրի հանդեպ ագրեսիվ վերաբերմունք ունեցող բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչները միանշանակ կողմ էին կենտրոնացված անտառային համակարգ ունենալուն։
«Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ ԱԻԴԱ ԻՍԿՈՅԱՆՆ այն համոզման է, որ «եթե մենք ունենք ջրային տնտեսության պետական կոմիտե, համարժեքորեն պիտի ունենանք նաեւ անտառային պետական կոմիտե։ Ուղղակի տարօրինակ է, որ անտառները, որպես շատ կարեւոր բնական պաշարներ, չունեն այնպիսի պետական կառույց, որը կկարողանար կենտրոնացված կարգով ապահովել այս ոլորտի կայուն կառավարումը եւ զարգացումը»։
Իսկ «Հայաստանի անտառներ» ՀԿ ղեկավար ՆԱԶԵԼԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ կարծիքով, որն այս ոլորտում իր գործունեությունը սկսել է պետական սեկտորից, ապա անցել հասարակական սեկտոր եւ բնագավառը հիմնավորապես գիտի իր բոլոր խութուխոռոչներով՝ «տարիներ ի վեր ոլորտը ենթակա է եղել գերատեսչական սուբյեկտիվության եւ սուբյեկտիվ խառնաշփոթի հետեւանքով մենք բավական մեծ կորուստներ ենք ունեցել։ «Հայանտառը» որպես հզոր պետական կառույց ունենալը անհրաժեշտություն է՝ ես դա վաղուց եմ հասկացել»։
Հզոր կառույց ունենալու ճանապարհին նա կարեւորում է մի քանի սկզբունք, նախ՝ «անտառային ֆոնդը պիտի մասնատված չլինի, պիտի հստակ լինի՝ ով ինչի համար է պատասխանատու։ Այն, որ անտառի վերահսկողությունը եւ անտառկառավարումը տարանջատվել են, արդեն իսկ մեկ քայլ առաջ է, միայն թե չգիտես որտեղից անտառը վերահսկող, ստուգող մարմինները շատացել են, եւ «Հայանտառը» այդ ստուգումներից ուշքի չի գալիս»:
Նրա կարծինքով, «այժմ ժամանակն է անտառկառավարումը եւ օգտագործումը տարանջատել։ Երբ այս հիմնական սկզբունքները դնենք կառավարման հիմքում, կունենանք շատ կարեւոր որոշում, որը կլինի ե՛ւ քաղաքական, ե՛ւ բնապահպանության մեջ հեղափոխական, ե՛ւ ովքեր դա ի վիճակի կլինեն իրականացնել, կմնան մեր պատմության մեջ»։
Դեկտեմբեր 24, 2009
