

ԷկոԼուր
Սույն թվականի հունիսի 7-ին «Ցատկ Հայաստան» բնապահպանական արշավի շրջանակներում 28 երիտասարդներ միասին ցատկեցին Ազատ գետը: Արշավի նպատակն է՝ առաջ քաշել Հայաստանում ջրային ռեսուրսների պահպանության խնդիրը և բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրների վերաբերյալ:
«Ցատկ Հայաստան» (Jump Armenia) բնապահպանական արշավն առաջին անգամ Հայաստանում իրականացրեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն՝ միանալով «Մեծ ցատկ»՝ գետերի և լճերի պահպանությանը նվիրված միջազգային արշավին:
«Գետերի եվրոպական ցանց» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ 2005 թվականին շուրջ 250.000 մարդ 22 եվրոպական երկրում ցատկեցին իրենց երկրների գետերն և լճերը` ջրային ավազանների խնդիրների վրա ուշադրություն սևեռելու նպատակով: Այդ օրվանից հետո ամեն տարի հունիսին իրականացվում են ամենամյա միջոցառումներ: Այժմ ծրագրին մասնակցում են շուրջ 50 թիմեր Գերմանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Նիդերլանդներից, Միացյալ Թագավորությունից, Վրաստանից, Լիտվայից, Լատվիայից, Հունաստանից, Հայաստանից և Պորտուգալիայից:
«Նպատակներից մեկն է նաև խթանել երիտասարդների միջազգային համագործակցությունը: Յուրաքանչյուր թիմ պետք է համագործակցի մեկ այլ երկրի թիմի հետ և համատեղ իրականացնի թռիչքը: Այս տարի Հայաստանը իր թռիչքը իրականցրեց Լատվիայի SUPER SALMONS երիտասարդական թիմի հետ», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի անդամ, «Ցատկ Հայաստան» ծրագրի համակարգող Նարեկ Ադամյանը:
«Ամենառաջին խնդիրը` բնապահպանական խնդիրն է: Մենք պետք է պահպանենք ջրային ռեսուրսները, որովհետև գիտենք, որ դրանք ամենաշուտ սպառվող ռեսուրսներն են: Գիտնականների համոզմամբ՝ մի քանի տարի անց երկրագունդը կանգնելու է լուրջ խնդրի առջև՝ կապված քաղցրահամ ջրի պաշարների հետ», - ասաց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի մամուլի քարտուղար Սևաննա Իսաջյանը:
Նա հավելեց, որ «Ցատկ Հայաստան» ծրագիրը բաղկացած է եղել 3 միջոցառումներից: Առաջին միջոցառման ժամանակ Երևանի Պետական Համալսարանում կազմակերպվել էր սեմինար ՀՀ ջրային ռեսուրսների և դրանց հիմնախնդիրների վերաբերյալ: Երկրորդ միջոցառման ժամանակ՝ հունիսի 5-ին, Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, «Corn Pop Cinema» բացօթյա կինոթատրոնի հետ համատեղ անցկացվել է «Տուն» ֆիլմի ցուցադրությունը:
Արշավի ավարտին բոլոր մասնակիցներին, այդ թվում ԷկոԼուրին, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից տրվեց «Ցատկ Հայաստան» բնապահպանական արշավին մասնակցելու հավաստագիր:
Արշավը Հայաստանում իրականացվեց Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ:
![]() |
![]() |
|
![]() |
![]() |
Հունիս 08, 2015 at 16:00




